Թող խելոք գան ու խելոք գնան՝ այդ դեպքում ոչ մի սեպ էլ որևէ տեղ չի խրվի․ Արման Մելիքյան

 Թող խելոք գան ու խելոք գնան՝ այդ դեպքում ոչ մի սեպ էլ որևէ տեղ չի խրվի․ Արման Մելիքյան

«Հրապարակի»-ի հարցազրույցը Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանի հետ:

-Պարոն Մելիքյան, Արցախում շաբաթ օրը ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ցույց արեցին և խոստացան գալ։  Որքանո՞վ է նորմալ, որ սպառնում են, թե կգանք ու արդյոք դա հենց այն սեպ խրելը չէ՝ հայաստանցի-ղարաբաղցի։

- Ես գտնում եմ, որ եթե ուզում են գան, ապա թող գան ու բողոքեն: Միայն թե պետք է ենթարկվեն օրենքով սահմանված չափանիշներին ու պահանջներին: Ամենևին չեմ ցանկանա, որ կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ երեք տարի առաջ, երբ Ժիրայր Սեֆիլյանի ու վերջինիս թիմակիցների հանդեպ Բերձորի ճանապարհին հանդեպ բիրտ ուժ կիրառվեց: Թող խելոք գան ու խելոք գնան՝ այդ դեպքում ոչ մի սեպ էլ որևէ տեղ չի խրվի: Այդուհանդերձ, մարտի մեկի բարդույթը մեզանում պետք է հաղթահարվի:
-Ի՞նչ հենարան ունի Ռոբերտ Քոչարյանն Արցախում։

-Հավանական եմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է համակիրներ և կողմնակիցներ ունենալ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Երևանում կամ Սփյուռքում և դրանում որևէ արտառոց բան չկա: Այլ հարց է, թե նրանցից քանիսն են պարոն Քոչարյանի քաղաքական վաստակի անկեղծ գնահատողներն, իսկ քանիսը՝ նրա պաշտոնավարման ընթացքում նյութական օգուտներ ստացած անձինք, որոնք այժմ պարտավորված են միտինգներում հատուցելու նախկինում իրենց հավատարմության համար շնորհված բարիքների համար:

-Նորից ակտիվացել են Լավրովի պլանի մասին խոսակցությունները։  Դուք անձամբ նման ազդակներ ստացե՞լ եք։
-Եթե ակնարկում եք «տարածքներ ճակատային գծում ավելի խաղաղ իրավիճակի դիմաց» բանաձևն, ապա կասեմ այո՝ ինձ մտահոգում է այն, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն փորձում է դա կյանքի կոչել՝ պաշտոնական Բաքուն հայաստանյան իշխանափոխությանը հետևած ողջ ժամանակահատվածում էապես նվազեցրել է իր ռազմական ակտիվությունը շփման գծում, խոսում է լավատեսական տոնայնությամբ այն մասին, որ ՀՀ նոր իշխանությունների հետ հույսեր է կապում Ձեր նշած սցենարով խնդրի իրական կարգավորման մեկնարկի վերաբերյալ և անգամ Հայաստան-Ադրբեջան ընդհանուր սահմանի հյուսիսային հատվածում որոշել է բանակային ստորաբաժանումների փոխարեն սահմանապահներ տեղակայել: Հայկական կողմերի պահվածքը դեռևս անորոշ է մնում: 

-Լուկաշենկոն վերջերս հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը պատրաստ չի եղել 5 շրջանների վերադարձին, այն դեպքում,երբ  տարիներ շարունակ առանձին քաղաքական գործիչներ պնդել են, որ նա հանձնում է, պատրաստ է հանձնել և այլն։
- Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ խոսել է այն մասին, որ պատրաստ է տարածքներ հանձնել այն պայմանով, որ պաշտոնական Բաքուն էլ կճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը և կհամակերպվի Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությանը: Այսինքն՝ հրաժարվել է տարածքներ հանձնել, եթե դրա դիմաց Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու երաշխիքներ չեն տրվում: Իսկ Լուկաշենկոյի պահանջը հենց դա է եղել՝ տարածքները պետք է հանձնվեն, առանց Բաքվի կողմից Արցախի անկախ կարգավիճակի ճանաչման հետ կապված պարտավորությունների ստանձնման: Հիմա այդ նույն պահանջը փորձ է արվում փաթաթել նաև վարչապետ Փաշինյանի վզին։

-2020-ին նախագահական ընտրություններ են, և ըստ տեղեկությունների՝ նախագահական հավակնություններ ունեն Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, իսկ Դո՞ւք։  Նաև մյուս հնարավոր թեկնածուների մասին ի՞նչ կասեք։
-  Ես գտնում եմ, որ Արցախի Հանրապետության նախագահը պետք է ծնունդով տեղաբնիկ լինի: Դա նաև օրենսդրական պահանջ է: Ես երևանցի եմ, երբևէ մշտապես չեմ բնակվել Արցախում և այս կարգի հավակնություն երբևէ չեմ ունեցել ու չունեմ: Ինչ վերաբերվում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներին, ապա դեռ վաղ է նրանց ընտրվելու հավանականության աստիճանը գնահատել: Չեմ բացառում, որ կարող են նաև նոր անուններ ի հայտ գան։