Խորհրդային քարտեզների մեծ մասն էլ գաղտնի է եղել

Խորհրդային քարտեզների մեծ մասն էլ գաղտնի է եղել

Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական սահմանազատումը տեղի է ունենալու խորհրդային քարտեզների հիման վրա, որոնք պահվում են ՌԴ գլխավոր շտաբում։ Թե ինչ քարտեզների մասին է խոսքը, որովհետև ըստ մասնագետների՝ տարբեր ժամանակաշրջաններում տարբեր քարտեզներ են եղել, «Հրապարակի» հետ զրույցում պատմաբան, քարտեզագիր Գեղամ Բադալյանը, ով նաև 40–ից ավելի պատմական քարտեզների հեղինակ է, որոնք հրատարակվել են «Հայաստանի ազգային ատլաս»-ում և «ԼՂՀ ատլաս»-ում, նույնպես դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները, որոնք փաստացի, խորհրդային ներքին՝ թափանցիկ կոչվող   սահմաններ են եղել, անգամ ԽՍՀՄ օրոք գաղտնի են պահվել։

«Ալիք մեդիայի» հոդվածում սահմանազատման մասին դետալացված փաստաթղթի մասին լրագրող Թաթուլ Հակոբյանը պարզաբանել էր, որ խոսքը «27-28թթ. քարտեզների և ոչ միայն», մասին է։ Քարտեզագրի խոսքով՝ 1927-1928թթ․ քարտեզները, հակառակը, հօգուտ մեզ են։ «Մինչև 27 թիվը Քյարքիի անկլավ չի եղել»,-ասաց Բադալյանը։ Վերջինս ասում է՝ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի վերջն է։ 

Հիշեցնենք, որ երեկ լրագրող Թաթուլ Հակոբյանը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով նախկին գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանի կողմից խմբագրվող «Ալիք մեդիայում» տպագրված մի լուր, ըստ որի՝ նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, դրանք գրեթե ավարտական տեսք են ստացել։ Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին ոչ պատահական կերպով հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին: Թաթուլ Հակոբյանը ավելի ուշ պարզաբանել էր, որ երեկվա հրապարակումից հետո իրեն բազմաթիվ մարդիկ են գրել։ Միայն հավաստիացրել է, որ աղբյուրը վստահելի է, այն հայկական է։ Նաև, որ փաստաթղթերի սևագրերը՝ draft, ձեռքի տակ չունեն։ Սակայն խոսքը «1927-1928 թվականների և ոչ միայն» քարտեզների մասին է։