Տուրիստական ընկերությունն անհանգստացնում է նաև Եգիպտոսի իշխանություններին

Տուրիստական ընկերությունն անհանգստացնում է նաև Եգիպտոսի իշխանություններին

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հուրգադայից ՀՀ քաղաքացիների տեղափոխման համար քննարկվում է մի քանի տարբերակ:

«Խնդրի լուծումը գրեթե գտնվել է: Հայտնում եմ նաև, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: 
Մանրամասների մասին կտեղեկացնեմ մի փոքր ավելի ուշ»,- գրել է Սիսեռյանը։

ԱԳՆ-ից Աննա Նաղդալյանը հարցին, թե ինչ է անում ԱԳՆ-ն Կահիրեում մնացած իր 100 քաղաքացիներին հետ բերելու համար, հայտնեց, որ տարվում են բանակցություններ, բայց թե տեղական տուրիստական ընկերությունների, Եգիպտոսի իշխանությունների՞ հետ, չհայտնեց։

ՀՀ քաղավիացիայից հայտնել են, որ չեղարկված Հուրգադա-Հայաստան չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամանակով ժամը 17:00-ին։ Նշյալ անձինք այդ իրավիճակում են հայտնվել, քանի որ «Էյ ըդն ար» տուրիստական ընկերությունը չի վճարել ավիափոխադրողի ընկերությանը։
 

Հիշեցնենք, որ Եգիպտոսում են նաև անձինք, որոնք այնտեղ մեկնել էին 11-14 օրով, նրանք և՞ս վերադարձվելու են։ Աննա Նաղդալյանն ասում է, որ այն անձինք, որոնք դիմում են Եգիպտոսում ՀՀ դեսպանատուն, հետ կվերադարձվեն, սակայն առանց դիմումների, հո  ստիպելով չե՞ն բերելու Հայաստան։ 

Հիշեցնենք, որ երեկ «Անռիվա» և մի քանի այլ ընկերությունների տնօրեններ մամուլի հրատապ ասուլիս էին հրավիրել և նշել, որ երեկվա դրությամբ ունեցել են իրենց ինքնաթիռներում հետադարձի 40 տեղ, այն առաջարկել են, սակայն մեր քաղաքացիները չեն արձագանքել։ Խոսեցինք «Անռիվա» ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբոլցյանի հետ, ով հայտնեց, որ պատճառը թերևս այն է, որ սկզբում հայտարարվել էր, թե չվերթը 24 ժամով ուշանում է։ Մինչդեռ իրենց համար՝ որպես մասնագետի, պարզ է եղել հենց սկզբից, որ սա ուշացում չէ, այլ՝ չեղարկում, հետաձգում։

«Բոլորը հավատում էին, որ չվերթը լինելու է, բայց երբ հասկացան, որ  չի լինելու, դիմեցին, բայց արդեն ուշ էր, հասան այն ժամանակ, երբ օդանավի դուռը փակվում էր»,- ասաց ընկերության տնօրենը։

Եգիպտոսից տեղեկություններ են հասել, որ հայ զբոսաշրջիկների մի մասը քնել է օդակայանում, մի մասին թույլ են տվել քնել իրենց զբաղեցրած հյուրանոցների ֆոյեներում։ Այս թեժ սեզոնին հենց տեղում հյուրանոց ամրագրելը թանկ հաճույք է, և դա էժան գներով կարող են անել միայն տուրիստական ընկերությունները։

Հռիփսիմե Ստամբոլցյանի խոսքով՝ իր հետ կապվել են Եգիպտոսի տուրիզմի նախարարությունից, և նրանք էլ անհանգստացած են հայ զբոսաշրջիկների վիճակով, քանի որ այս պատմությունը վնասում է նաև Եգիպտոսի՝ որպես տուրիստական ուղղության բարի անվանն ու համբավին։

Ինչ վերաբերում է ընկերության տնօրեն Անի Ալեքսանյանին, նրա վերաբերյալ հակասական լուրեր են շրջանառվում։ Մի մասն այն է, որ նա երկրում չէ, մի մասի խոսքով՝ նա ԱԱԾ-ում է։ Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը մտել էր այս ընկերության գրասենյակ։ Արդյո՞ք այնտեղ աշխատողներ կային, կա՞ն ինչ-որ բաներ, որոնք առգրավվել են։ Այս հարցերին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից չհայտնեցին, բացառությամբ նրա, որ նյութեր են նախապատրաստվում։