Ինչպես է դրսևորվում բուլինգը, ինչ անելիքներ ունեն ծնողները

Ինչպես է դրսևորվում բուլինգը, ինչ անելիքներ ունեն ծնողները

Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանում ամեն 10 երեխայից 7-ը ենթարկվում է բռնության: Մեզանում հատկապես վերջին տարիներին մեծ տարածում է գտել բուլինգ ասվածը: Բուլինգի երեխաները հիմնականում ենթարկվում են դպրոցներում ու կրթական տարբեր հաստատություններում: Խնդիրն այն աստիճան անվերահսկելի է դարձել, որ անգամ բանը հասել է բռնությանն ու սպանությանը: Դեռ մեկ ամիս առաջ Էջմիածին քաղաքում դպրոցահասակ երեխան ծնողների պնդմամբ` սպանվել է համադասարանցիների կողմից:

Մենք նաև տարբեր տեղեկություններ ենք ստանում, որ դպրոցներում առհասարակ արատավոր բարքերը չափազանց շատացել են: Գուցե պատճառը համատարած ագրեսիան է, որն արդեն մի քանի տարի է տիրում է Հայաստանում, կան մտահոգություններ, որ թմրամոլությունն արդեն հասել է կրթական հաստատություններ: Առաջներում ուսուցիչները պայքարում էին զուգարանում սովորական ծխող տղա աշակերտների դեմ, սակայն շատ է խոսվում, որ մեր օրերում թմրանյութերը հասել են դպրոցներ ու անգամ աղջիկներն են դրանք իրացնում: Բուլինգ՝ նույն ինքը հոգեբանական թունավորում և հոգեճնշումներ. ինչպե՞ս է այն դրսևորվում։ Ինչու՞ և ի՞նչ հոգեպորտրետի դեռահասներն ու երեխաներն են ենթարկվում բուլինգի՝ որպես թիրախ։ Ի՞նչ անելիքներ ունեն ծնողներն ու այլ մեծահասակներն այս վտանգավոր խնդրում։ Պարզաբանում է հոգեբան Էլոննա Ավետյանը

- Էլոննա, տեսնելով, թե ինչ է կատարվում դպրոցներում, որքան են շատացել կրթական հաստատություններում բռնության դեպքերը, կարող ենք վստահաբար ասել, որ բուլինգը Հայաստանում մեծ թափ է առել: Ինտերնետային հարթակները` «Տիկտոկ», «Ինստագրամ», երբեմն դառնում են շանտաժի գործիքներ մեզանում: Ինչի՞ արդյունք է սա:

- Առաջներում էլ կար բուլինգ ասվածը, ուղղակի այս աստիճան տարածված չէր: «Չուչելո» ֆիլմում, որի գլխավոր դերակատարը Քրիստինա Օրբակայտեն էր, հենց այն մասին էր, որ մարդկանց սովորաբար նեղացնում են, օրինակ, արտաքին տեսքի, ձայնի, շարժուձևի համար: Հիմա այս երևույթը դարձել է առավել տարածված, նսեմացումն ավելի դաժան ձևով է արվում: Ծնողները ևս գիտեն, որ արտաքին աշխարհը դարձել է շատ ագրեսիվ ու շատ հաճախ երեխային ասում են` ինչպես կարողանում ես պաշտպանվիր, ինչ ուզում ես արա, սակայն իրականում երեխային պետք է նախ դաստիարակել, այսպես ասած` կուլտուրա սովորեցնել: Նախ ծնողը պետք է երեխայի հետ զրույցներ ունենա, բացատրի, որ ագրեսիան վատ բան է: Ինչ վերաբերում է Ձեր նշած համացանցային հավելվածներին, ապա այո, դրանք, առավել ագրեսիվ են դարձնում երեխաներին, դեռահասներին: Շատ հաճախ հենց դաժանությունը կրկնօրինակում են այդ հարթակներից…. բուլինգի ենթարկվում են ոչ միայն դպրոցներում, այլև մանկապարտեզներում և անգամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչու չէ, նաև աշխատավայրերում: Շատ հաճախ անձը վատ վերաբերմունքի է արժանանում հենց իր կոլեգաների կողմից, սա էլ է ագրեսիվության դրսևորում:

- Կրթական հաստատություններն ինչպե՞ս պետք է կանխեն բուլինգի տարածումը: Գաղտնիք չէ, որ դպրոցներում կան հոգեբաններ, որոնք թեպետ չնչին աշխատավարձեր են ստանում, սակայն հաստիք են զբաղեցնում: Ի՞նչ պետք է անեն նրանք:

- Այդտեղ աշխատավարձի չափի հարց չկա: Մասնագետը, եթե իսկապես մասնագետ է, ապա պետք է աշխատի խնդիրները լուծելու ուղղությամբ: Եթե կա բուլինգ, ապա պետք է հատուկ տեխնիկայի միջոցով երեխաների հետ տարբեր աշխատանքներ տարվեն` սեմինարներ, քննարկումներ, զրույցներ և այլն: Դպրոցի հոգեբանը պետք է աշխատի այդ ուղղությամբ, անկախ նրանից, թե որքան աշխատավարձ է ստանում: Չի կարելի աշխատավարձի չափով նայել խնդիրներին: Մասնագետի առաջնային խնդիրը նման իրավիճակները պակասեցնելն է: Երեխաներին պետք է սովորեցնել գրագետ ինքնապաշտպանվել: Դրա համար անհրաժեշտ է դերային խաղեր կազմակերպել, վարժություններ անել, ցուցաբերել թերապևտիկ մոտեցում:

- Իսկ ինչպե՞ս գրագետ պաշտպանվել: Մի քանի խորհուրդ Ձեր կողմից:

- Բուլինգի ենթարկողները փորձում են հասկանալ՝ իրենց կատակներն անցնո՞ւմ են շրջապատի կողմից, թե՞ ոչ: Նման երեխաները տանը ճնշումների են ենթարկվում` ծնողների կամ այլ՝ իրենցից ուժեղ մարդկանց կողմից և հիմա նրանք փորձում են ինքնահաստատվել: Պատճառներից մեկն էլ այն է, որ փորձում են դաժանությունների դիմելով ստուգել, հատկապես նորեկը, ինչպե՞ս է վարվում իրենց հետ, ինչպես է հակահարված տալիս: Այսպես ասած` ստուգում են «զոհի» կարողությունները: Նման երեխաներն ունեն ինքնահաստատման խնդիր: Բացի այդ, տանը ճնշված երեխան իր այդ աուրայով գնում է դպրոց և իր ուղղությամբ է ձգում ընկերներին:

- Վերջին շրջանում անգամ բռնության դեպքերն են շատացել դպրոցներում: Կան տեղեկություններ, որ բանը հասել է անգամ սպանությանը: Սրանք և՞ս բուլինգի տեսակներ են:

- Շատ կարևոր է բուլինգի ենթարկողի տարիքը: Ինչքան մեծանում են, այնքան բուլինգի ֆորմատը փոխվում է: 15-16 տարեկաններն արդեն հասուն մարդիկ են, նրանք կարծում են, որ եթե ինչ-որ տեղ բուլինգի ժամանակ ինչ-որ մի բան սխալ անեն, հենց իրենք բուլինգի առարկա կդառնան: Դաժան լինելու պատճառներից մեկն էլ սա է: Դեռահասության տարիքում բուլինգը դառնում է առավել դաժան: Բուլինգի դեմ ոչ միայն մասնագետները` հոգեբանները պետք է պայքարեն, այլ պետք է համագործակցեն` տնօրենները, ուսուցիչները, ծնողներն ու հոգեբանները: Նման համախմբվածությունը կարող է բերել դրական արդյունքի:

- Բայց, ցավոք, չափահաս մարդիկ, տվյալ պարագայում ծնողները ևս ունեն դաստիարակության և ինքնահաստատման խնդիր, հետևաբար` ի՞նչ կարող են նրանք տալ երեխային: Այս պարագայում ամեն երեխա ընտանիքի հայելին է:

- Դպրոցի տնօրեններն այստեղ ունեն լուրջ անելիք: Պետք է ծրագիր ունենան և ծնողներին պարտադրեն զբաղվել այդ ծրագրով: