Ինչու հենց Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը

Ինչու հենց Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը

«Հրապարակում» և բռնապետիկի (ինչպես իրավապաշտպան և իմ լավ բարեկամ Ավետիք Իշխանյանն է բնորոշում Նիկոլին) իշխանությանն ընդդիմադիր այլ լրատվամիջոցներում մեկ-մեկ հանդիպում եմ հունիսի 20-ին ըստ խղճի մտոք քվեարկելու խորհուրդներ: Ըստ խղճի մտոքը տվյալ դեպքում նշանակում է գտնել թարմ, «գաղափարապես» ազնիվ, հասարակության բազմաթիվ հիմնախնդիրները երկարաժամկետ կտրվածքով լուծելու ունակ քաղաքական որևէ ուժի և ձայն տալ նրան: Դա նորմալ խորհուրդ է, և մեծ հաճույքով ես երկու ձեռքով կողմ կքվեարկեի նման ուժերից մեկին: Բայց… 

Բայց դա ես կանեմ առնվազն 5 տարի անց, երբ իրավիճակն իմ հայրենիքում կնորմալանա՝ կլուծվեն անվտանգային և այդ թվում սահմանային խնդիրները, կվերադարձվեն գերիներն ու կգտնվեն անհայտ կորածները, հանրությունը դուրս կբերվի հետպատերազմական շոկային իրավիճակից և այլն, և այլն: Իսկ որպեսզի այդ ամենն արվի՝ մեզ անհրաժեշտ է իշխանությունից հեռացնել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը գրաված Փաշինյան Նիկոլ կոչեցյալ անձին: Որովհետև նրա վերընտրվելու դեպքում այդ ամենը տեղի չի ունենա՝ անվտանգային ու սահմանային հարցերը չեն լուծվի, գերիները չեն վերադարձվի ու մնացած խնդիրներն էլ չեն լուծվի: Ու այդպես մտածելու համար հիմքերն ավելի քան բավարար են՝ հետպատերազմական ողջ ժամանակաշրջանը դրա վկայությունն է: Ընդհակառակը, քանի գնա, նորանոր խնդիրներ են ծագելու ու իրավիճակն ավելի է սրվելու և բարդանալու: Ու այն ժամանակ ստիպված կլինենք մտածելու ոչ թե վերընշված խնդիրները լուծելու, այլ ուղղակի պետությունը կործանումից փրկելու ուղղությամբ: 

Վերը նշված խորհրդի առումով առկա է նաև երկրորդ խնդիրը: Բացի «Հայաստան» դաշինքից (դեռևս տեսականորեն նաև «Պատիվ ունեմ» դաշինքից) որ քաղաքական ուժին էլ տանք մեր ձայնը ես ու ինձ նմանները՝ անկախ մեր ցանկությունից՝ մենք ջուր կլցնենք Նիկոլի ջրաղացին: Որովհետև, ինչպես սոցիոլոգիական հարցումներն են վկայում, միայն այս երկու հականիկոլական ուժերն են վստահորեն հաղթահարելու Ազգաին ժողով անցնելու համար անհրաժեշտ շեմը: Ու «Հայաստան» դաշինքն արդեն առաջ է անցնում  նիկոլական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Եվ միայն այդ երկու ուժերն են, իմ կարծիքով, ինչը հիմնված է տարիներ շարունակ լրատվական կայքերի դիտարկումների վրա, 100 տոկոսանոց հստակությամբ մերժելու նիկոլական ՔՊԿ-ի հետ որևէ համաձայնություն կնքելը: Մնացած բոլոր քաղաքական ուժերի առումով հստակորեն առկա չէ ո՛չ առաջին (խորհրդարան մուտք գործելը) և ո՛չ երկրորդ պայմանը (ՔՊԿ-ի հետ հետընտրական դաշինք չկնքելը):

Ներկայացնեմ նաև նշված խորհրդի երրորդ խնդիրը: Արդեն ասվեց, որ, բացի վերոհիշյալ երկու ուժերին ձայն տալուց, մնացած բոլոր դեպքերում մենք ջուր կլցնենք Նիկոլի ջրաղացին՝ ցանկանանք դա թե ոչ: Դա տեղի կունենա քվեների փոշիացման երևույթի շնորհիվ: Բացատրեմ՝ երբ ընտրողը քվեարկում է այն քաղաքական ուժի օգտին, որը չի անցնում խորհրդարան, ապա այդ քվեն կորչում է: Առաջին հայացքից կարծես թե մեծ դժբախտություն չէ՝ քվե էր՝ կորավ, այդպես էլ կարող է պատահել: Սակայն, ըստ գործող Ընտրական օրենսգրքի կարգավորումների, «կորած» քվեներն իրականում չեն կորչում. դրանք գումարվում են ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած ուժերի ստացած ձայներին: Եվ որքան ավելի շատ ձայներ է հավաքել այս կամ այն քաղաքական ուժը՝ այնքան ավելի շատ լրացուցիչ քվե է ստանում «կորածների» հաշվին: Եվ եթե, ենթադրենք, ՔՊԿ-ն թեկուզ 1 տոկոսով ավելի շատ քվե հավաքի, քան նրան հետևող երկրորդ քաղաքական ուժը, ապա խորհրդարանում մեծամասնություն ստանալու նրա հնարավորությունը բազմակի մեծանում է: Եվ եթե դրան գումարում ենք նաև խորհրդարան անցած նիկոլամետ ուժերի հետ հետընտրական դաշինք կնքելու հնարավորությունը, ապա կստացվի, որ չցանկանալով դա՝ մենք նպաստել ենք նիկոլական իշխանության վերարտադրությանը:  

Իսկ որ նման դաշինք կկնքվի՝ դա հաստատ է այնքան, որքան այն, որ մարդն ունի գլուխ, իրան, երկու ձեռք և երկու ոտք: Ինչո՞ւ: Որովհետև թե՛ ինքը Նիկոլը և թե՛ արտաքնապես նրանից անկախ ընտրություններին մասնակցող ու երբեմն նրան քննադատող ուժերը իռացիոնալ սարսափ ունեն նախկինների վերադարձից՝ թքած ունենալով հայրենիքի ճակատագրի վրա: Իսկ մեզ անհրաժեշտ է այսօր խուսափել ոչ թե նախկինների վերադարձից, այլ բուժել մեր վերքերն ու փորձել կրկին ոտքի կանգնել, ինչը հնարավոր է միայն Նիկոլին իշխանությունից հեռացնելու և նախկիններից հենց Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեպքում: Ես դա ասում եմ որպես մի անձ, որը 2000-ականների սկզբից փողոցներում ու ընտրատեղամասերում պայքարել է Քոչարյանի, իսկ այնուհետև Սարգսյանի իշխանության դեմ: Ու վերջին 3 տարում ու հատկապես 2020 թվականին «վայելել» Փաշինյան Նիկոլի «հեղափոխական» իշխանությունը: Ու այդքանից հետո հայրենիքի փրկության առումով այլ լուծում չի տեսնում, քան Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է: Չի տեսնում, քանի որ այլ լուծում ուղղակի գոյություն չունի: