«Հրազդան» մարզադաշտի սեփականատերն արգելել է մարզադաշտի հեղինակին մտնել ներս

«Հրազդան» մարզադաշտի սեփականատերն արգելել է մարզադաշտի հեղինակին մտնել ներս

«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն արգելել է մարզադաշտի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանին մտնել մարզադաշտ։ Նախօրեին ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանն ու Կարեն Բալյանը այցելել են մարզադաշտ, տնօրենի թույլտվությամբ շրջել տարածքում, իսկ հաջորդ օրը, երբ ցանկացել են լուսանկարչի հետ եւս մեկ անգամ շրջել մարզադաշտում, քանի որ Կ․ Բալյանը գիրք է պատրաստում «Հրազան» մարզադաշտի մասին, տնօրենը փոխանցել է Մուշեղյանին, որ Աղաբաբյանը կարգադրել է թույլ չտալ տարածք մտնել։ Սա անասելի կերպով վիրավորել է Գ․ Մուշեղյանին, այն աստիճան, որ ճարտարապետը դժվարանում էր հուզմունքը թաքցնել։ «Դա իր մահճակա՞լն է, ինչ է․․․ սա հանրային կառույց է, անկախ նրանից, թե սեփականատերն ով է»,- ասում է Մուշեղյանը։ 

Գուցե սեփականատերը չի՞ ուզում, որ տեսախցիկով ֆիքսվեն այն փոփոխությունները, որ արվել են ներսում։ Մուշեղյանն այդպես չի կարծում, քանի որ դրանք արդեն ֆիքսված են։ «Դա կապված է անձնական հարաբերությունների հետ, բայց ես ոչ թե դեմ եմ եղել իրեն, այլ ուզել եմ իրեն խելք սովորեցնել, թե ոնց պետք է վարվել, ինչը նա անձնական վիրավորանք է ընդունում»,- ընդգծում է Մուշեղյանը։ 

Ճարտարապետ Կարեն Բալյանի գնահատմամբ՝ «Հրազդանը» խորհրդային ճարտարապետության կենտրոնական հանգուցային կառույցներից մեկն է, եւ այսպիսի մարզադաշտ աշխարհում մի քանի հատ է կառուցվել, որոնցից մեկը Մյունխենի մարզադաշտն է։ «Այս կառույցն այնպիսի բարձր գնահատական ունի աշխարհում, որ մենք դեռ չենք գիտակցում դա։ Լուսանկարչի հետ մարզադաշտ գնալու իմ նպատակը բացարձակ կապված չէր ներսում կատարված փոփոխությունները ֆիքսելու հետ, քանի որ աղետալի փոփոխություններ չեն եղել։ Ցանկությունս էր՝ նորից վերապրել եւ այդ մասշտաբները տեսնել, եւ հետո՝ հեղինակի հետ գնալը, նրա մեկնաբանությունները լսելը դա մի ուրիշ բան է»,- ասում է Բալյանն ու հավելում, որ սա բարձրագույն ճարտարապետական արժեք ունեցող շինություն է։ 

Մուշեղյանն էլ իր հերթին է հիշեցնում՝ «Հրազդանն» աշխարհի լավագույն մարզադաշտերի թվում զբաղեցնում է 26-րդ տեղը։ Ժամանակին ներկայացվել է Սովետական Միության պետական մրցանակի, արժանացել է ժամանակի լավագույն ճարտարապետների գնահատանքին։ Հիշում է, որ մարզադաշտը կառուցվեց 18 ամսում, եւ բոլոր այդ ամիսներին նա ցերեկն անցկացնում էր շինարարների կողքին, իսկ գիշերը մարզադաշտի կողքին կառուցված «բուդկայում» գծագրերն էր ավարտին հասցնում։ 

«Հրազդանի» գլխավոր ճարտարապետը հիշում է՝ մարզադաշտում կայացած առաջին ֆուտբոլային խաղի ժամանակ ինքն ու համահեղինակ Կորյուն Հակոբյանը նստած էին մարզադաշտում, մոտ 100 հազար հանդիսական կար։ «Մեր առաջ նստած էր մի ծերունի ու այնպիսի ապրումներ էր ունենում, որ անհնար էր չարձագանքել։ Ասացինք՝ այդքան շա՞տ եք սիրում ֆուտբոլ, ասաց՝ չէ, ես երջանիկ եմ, որ հայ ժողովուրդը հավաքվել է իրար գլխի ու այսքան երջանիկ է իրեն զգում։ Սա խոսում է այն մասին, որ մարզադաշտը միայն ֆուտբոլի համար չէ, սա հանրային տարածք է, որը համախմբում է ժողովրդին, եւ երբ խաղը վերջացավ, մարդիկ իրենց տակի թերթերը վառեցին, մարզադաշտը ոնց որ վառվող բաժակ լիներ։Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր»,-հուզմունքով պատմում է Մուշեղյանն ու նկատում, որ «Հրազդանի» շահագործումը տեւել է մինչեւ 90-ականները, դրանից հետո ստադիոնն անկում է ապրել եւ արդեն գրեթե 30 տարի գտնվում է անգործ վիճակում։ Երկրում ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական պայմանները բերեցին նրան, որ մարզադաշտերը, այդ թվում՝ «Հրազդանը», վերածվեցին տոնավաճառների։

Իսկ 2000թ․ սկզբներին մոտ 1600 հուշարձան, այդ թվում՝ «Հրազդանը», որը համարվում էր հանրապետական նշանակության հուշարձան, հանվեց պահպանության ցուցակից, որպեսզի «կա՛մ վաճառեն, կա՛մ քանդեն։ Աղաբաբյանը չնչին գումարներով վերցրեց մարզադաշտը, որ կարգի բերի, բայց այդ ընթացքում նրա միակ խնդիրը եղել է՝ ամեն ինչ այնպես կազմակերպել, որ շահույթ ստանա։ Բայց այսօր առեւտրի կանոնները փոխվել են, մարդիկ գնում են մոլեր, ոչ թե այդ յարմարկաները, այսինքն՝ ստադիոնը շահագործելուց նա ավելի մեծ շահույթ կարող է ստանալ»։ 

Մուշեղյանը նկատում է, որ Եվրոպայի լիգայի առաջնության խաղը տեղի է ունենում Բաքվում, որի մարզադաշտը՝ իր հատկանիշներով, զրո է «Հրազդանի» դիմաց։ «Կազմակերպված եւ մտածված քայլերի արդյունքում այն կարող է իրեն արդարացնել նաեւ ֆինանսական պլանում, եւ մենք էլ չէինք մեկուսանա աշխարհից։ Եթե մեր մարզադաշտը լիներ կարգին վիճակում, այդ մրցումները կանցկացնեին Երեւանում, ոչ թե Բաքվում։ Նա այնքան բիզնեսմեն չէ, որ չի մտածում, որ այսկերպ ավելի մեծ շահույթ կարող է ստանալ, քան թե այն քաղաքականությունը, որն այսօր տանում է»։ 

Տարիներ առաջ Աղաբաբյանի առաջարկով ցանկացել են այդ տարածքում կառուցել գազալիցքավորման կայան, բայց ինքը, որպես հեղինակ, ընդդիմացել է՝ ասելով, որ սա ընդհանուր օգտագործման տարածք է եւ խառը կառուցապատման գոտի չէ։ «Դրանից հետո ցանկացավ դաշտը քանդել եւ կառուցել լողավազաններ, այն տրամաբանությամբ, որ մեր ազգաբնակչությունը գնա ոչ թե Բաթումի հանգստանա, այլ մնա Երեւան, այն դեպքում, որ մարզադաշտն ուներ 2 լողավազան, մի լողավազանը՝ մարզադաշտի տակ, նա քանդեց ու դարձրեց հեռուստատեսություն, որը տվեց աղջկան, մյուսն էլ բաց լողավազան էր, որ քանդուքարափ արեցին ու գցեցին մի կողմ,- ասում է Մուշեղյանն ու հավելում, որ Աղաբաբյանն այս տարիների ընթացքում անընդհատ իր կարծիքն է առաջ տարել։- Նույնիսկ բանը հասավ նրան, որ երբ նա ուզում էր առեւտրի կենտրոնը սարքել, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ եթե հանկարծ այնտեղ էքսկավատոր մտնի, ես կգնամ ու կպառկեմ էքսկավատորի տակ»։  

«Հրազդան» մարզադաշտի ներսում ժամանակի ընթացքում շատ բան է փոփոխել, որը չի համապատասխանում նախագծային լուծումներին եւ նորմերին։ Մուշեղյանն ընդգծում է՝ ժամանակն է, որ իշխանություններն այլ կերպ մոտենան խնդրին եւ որոշում կայացնեն՝ «Հրազդանը» դարձնել հուշարձան՝ այսուհետ ղեկավարվելով հուշարձանի ստատուսով, բացի այդ՝ բերել այնպիսի մի վիճակի, որ այն հնարավոր լինի շահագործել։ «Մեջը նորմատիվային փոփոխություններ են կատարել՝ դառոժկաներ են հանել, որ անթույլատրելի է, շահագործման ընթացքում դա վտանգավոր է հատկապես տարհանման համար, գունային լուծումներ են ավելացրել՝ կտրելով ձորի ներդաշնակությունից»։ 

Կարեն Բալյանն էլ ասում է, որ «Հրազդանը», ի տարբերություն այդ ժամանակաշրջանի մյուս կառույցների՝ «Ռոսիա» կամ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի, որոնք շատ լուրջ կորուստներ են կրել, մեծ կորուստներ չի կրել, եւ այստեղ ոչ թե վերակառուցման, այլ ընդամենը վերականգնման խնդիր կա․ «Սեփականատերը պետք է հասկանա, որ ինչքան էլ դա քո սեփականությունն է, բայց դա նաեւ հանրային սեփականություն է»։ 

Գուցե պետությունը չի՞ ուզում դեմ գնա սեփականատերերին եւ դրա համար «Հրազդանը» մյուս 6 մոդեռնիստական կառույցների հետ չի ներառում պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Բալյանը չգիտի, թե որն է պատճառը, որ մինչեւ հիմա կառավարությունը չի ընդունել եւ հաստատել այդ ցուցակը, մինչդեռ այդ քայլը շատ կարեւոր ուղերձ կլիներ մարդկանց։