Վերջապես ժամանակն է՝ հրաժարվել կասկածելի «թավշյա» գործիքներից

Վերջապես ժամանակն է՝ հրաժարվել կասկածելի «թավշյա» գործիքներից

Դատարանների մուտքերը շրջափակելու եւ այդ հաստատությունների աշխատանքը ժամանակավորապես արգելափակելու վարչապետի կոչը, բնականաբար, միանշանակ չընդունվեց: Արձագանքները սպասելիորեն բազմաշերտ էին՝ սկսած Սահմանադրության հետ նման հրահանգի անհամատեղելիության մասին պնդումներից, վերջացրած իշխանափոխությունից անգամ մեկ տարի անց թավշյա հեղափոխության գործիքներն իշխանության առանձին մեկ ճյուղի հանդեպ կիրառելու արդյունավետության մասին բանավեճից:

Իսկապես, հարց է առաջանում՝ որքանո՞վ է արդյունավետ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումից հետո թավշյա «փորձված» լծակներին դիմելը: Մի կողմից, սա վտանգավոր նախադեպ է ստեղծում իշխանության համար առերեւույթ ոչ հաճո բարդ խնդիրները պարզունակ ճանապարհով լուծելու համար՝ ամենեւին չերաշխավորելով որեւէ լուծում, մյուս կողմից՝ երկրորդ պլան է մղում դատաիրավական համակարգում տարիներ ի վեր կուտակված, իսկապես բարդագույն խնդիրներն ավելի արդյունավետ ու մասնագիտական ճանապարհով լուծելու հրամայականը: 

Հիմա ի՞նչ, այս ակցիաների շնորհիվ դատավորները խելքները գլուխնե՞րը կհավաքեն, հաջորդ անգամ էլ Քոչարյանին ազատ չե՞ն արձակի կամ այլ՝ ոչ պակաս հանրային հնչեղություն ունեցող հարցերում անաչառ որոշումնե՞ր կկայացնեն, խիստ կասկածելի է: Չափազանց անհամոզիչ է հարկադրման լծակների արդյունավետությունը: Այս ամենից զատ, նման գործելաոճը գայթակղություն է առաջացնում արգելափակման գործիքներ կիրառել նաեւ այլ հաստատությունների հանդեպ: Իսկ ո՞վ կարող է ասել, որ պետական մնացյալ ինստիտուտներն անթերի են գործում: Ուրեմն ի՞նչ, պետք է ժամանակ առ ժամանակ արգելափակել նաեւ, օրինակ, քաղաքապետարանների, համայնքապետարանների կամ ինչ-ինչ նախարարությունների՞ դռները:

Թեեւ պարզ է, որ կառավարության կամ վարչապետի մերձավորների տիրույթում գործող հաստատություններում, անկախ երբեմն ակնհայտ թերացումներից, նման բան չի ակնկալվում:
Վերջապես ժամանակն է վերանայել «թավշյա» լծակներն ու հարցերին մոտենալ ավելի լուրջ, կշռադատված, հենց այսպիսի արդյունք էլ ակնկալելով, հակառակ դեպքում հանդգնում ենք դիվանագիտական թերացումների դեպքում, օրինակ, արգելափակել ԱԳՆ-ի, իսկ սահմանային տհաճ միջադեպերի դեպքում՝ ՊՆ-ի մուտքերը: Սկզբունքը սկզբունք է, մնացյալը դատարկ լիրիկա է:


Դավիթ ԶԱՎՅԱՆ