Ընդդիմությունն առաջարկում է կարմիր գիծ սահմանել

Ընդդիմությունն առաջարկում է կարմիր գիծ սահմանել

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է խորհրդարանին հայտարարության նախագիծ ընդունել Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի վերաբերյալ։ Անցած շաբաթ խորհրդարանում այս թեմայով հրատապ նիստ հրավիրելուց հետո, ընդդիմությունը հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել, խորհրդարանից պահանջելով արձանագրել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս գործընթացը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային ու նորմերին և պետք է բխի ՄԱԿ-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի» (1969) «Հելսինկիի եզրափակիչ ակտի» (1975) և ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017թ.) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն հիմնարար սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռք բերված ցանկացած միջազգային համաձայնություն:

Սահմանազատումն ու սահմանագծումը կարող է իրականացվել վստահության մթնոլորտի պայմաններում, որի ձևավորման նպատակով կարևորագույն նախապայմաններ են Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, Ադրբեջանի ագրեսիաների և ծավալապաշտական հռետորաբանության դադարեցումը, բոլոր ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձը, առկա հումանիտար բնույթի խնդիրների լուծումը և մշակութային ժառանգության պահպանումը: 

«Ընդ որում, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատումն ու սահմանագծումը որևէ կերպ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի Լեռնային Ղարաբաղ միջազգային երաշխիքներով հավաքական վերադարձի իրավունքը, ինչպես նաև կանխորոշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերջնական կարգավիճակը», -ասվում է հայտարարության նախագծում:

Ինչպես նաեւ՝ առաջարկում են արձանագրել, որ երկու երկրների միջև պետք է նախ իրականացվի սահմանի ամբողջական սահմանազատում, որի նկարագրությունը հաստատող փաստաթուղթը, երբ այն նախատեսում է Հայաստանի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող որևէ տարածքի փոփոխություն, ենթակա է հանրաքվեով հաստատման: Վերջինիս առկայության դեպքում իրականացվում է սահմանագծում (դեմարկացիա): 

Ըստ ընդդիմության՝ գործընթացի ելակետ պետք է դիտարկել Ադրբեջանական Հանրապետության ԱՊՀ պաշտոնական անդամակցման պահին (սեպտեմբեր 24, 1993թ.) փաստացի գործող սահմանները (հաստատված շփման գիծը): Ընդ որում, սահմանազատման աշխատանքներում պետք է օգտագործվեն ոչ միայն իրավական պատշաճ ակտերի հենքով կազմված քարտեզները (այդ թվում՝ ՌԴ գլխավոր շտաբում առկա), այլ նաև երկու խորհրդային հանրապետությունների օրինական ներկայացուցիչների (մարմինների) կողմից իրականացված սահմանազատման պայմանավորվածությունները: