«Հրապարակ». Եթե ավելդ լավ չի ավլում, ոչ թե պետք է հարեւաններիդ կանչես` բողոքես, այլ նոր ավել գնես

«Հրապարակ». Եթե ավելդ լավ չի ավլում, ոչ թե պետք է հարեւաններիդ կանչես` բողոքես, այլ նոր ավել գնես

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԳԽ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը:

- Արցախի լուծարումից հետո օրվա իշխանություններն արդեն հասել են Արցախի պետական կառույցներն ու ինստիտուտները լուծարելու Ադրբեջանի երազանքն իրականացնելու գործին: Օրերս այդ մասին հայտարարել է անգամ ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նշել է, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանի ազգային անվտանգության համար կարող է խնդիրներ առաջացնել, դա մեր անվտանգությանն ուղղված սպառնալիք է:

- Ամեն մի հիմար հայտարարություն չեմ ցանկանում մեկնաբանել: Մենք պետք է հասկանանք` օրվա իշխանությունները ո՞ր երկրի իշխանություններն են, ո՞ր երկրի շահերով եւ կանոններով են առաջնորդվում: Կապ ունե՞ն Արցախի հետ, թե՞ ոչ, եւ այլն: Ինչպե՞ս կարելի է մեկ հայտարարել, որ Արցախը Հայաստան է, եւ մեկ էլ ասել, թե մենք պետք է լուծարենք Արցախը եւ Արցախի պետական ինստիտուտները: Անհեթեթություն է այս իշխանությունների քայլերն ու ասածները մեկնաբանելը: Ես այլ պատասխան չունեմ: Մենք պետք է հասկանանք` կա՛մ այս իշխանությունները հայկական օրակարգի մեջ են, կա՛մ էլ հայկական ոչ մի խնդրի հետ կապ չունեն, ըստ այդմ էլ պետք է մտածել, թե ինչ անել՝ հայկական օրակարգով իշխանություն ձեւավորելու համար: Ռուսամետներն ու արեւմտամետները քննադատում են Նիկոլ Փաշինյանին, փաստ է, որ ոչ մեկը նրա գործունեության հետ համաձայն չէ, բայց Փաշինյանի արբանյակների հայտարարությունները ողջ երկիրը քննարկում է` վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ եւ այլն: Կարծես դրանց անհեթեթությունները մեկնաբանելը լինի մեր քաղաքական օրակարգը:

- Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է: Նրա ասածները դառնում են գործողություն, ծրագիր:

- Այսինքն` մենք էլ պետք է ողջ օրը զբաղվենք ապացուցելով, որ այս իշխանությունները վա՞տն են: Ես այդ մարդկանց շարքերում չկամ: Այս իշխանությունները, այս վարչապետն ու իր արբանյակները դիտավորյալ ասպարեզ են նետում թեզեր, որոնք ո՛չ ներքին եւ ո՛չ էլ միջազգային իրավունքի հետ ոչ մի կապ չունեն: Ի դեպ, ոչ մի առաջարկություն չկա` ինչպես ձեւավորել նոր իշխանություն:

- Իսկ Դուք ունե՞ք նոր իշխանություն ձեւավորելու Ձեր տեսլականը:

- Գիտեք ինչ, եթե տանը կա մի ավել, որն այլեւս պիտանի չէ, լավ չի ավլում կամ ընդհանրապես չի ավլում, դու ոչ թե անվերջ պետք է հարեւաններին հավաքես եւ բողոքես, որ, տեսեք՝ ավելը լավ չի ավլում, այլ պետք է դեն նետես ավելը, պետք է նորը գնես, կամ գոնե ավելանման մի ուրիշ բան է պետք պատրաստել, որն ավելից ավելի լավ կմաքրի տունը…. Այդ հատուկ հանձնարարություններով դեսպանին էլ ի՞նչ մեկնաբանեմ, նա մի օր սա է ասում, մի օր` նա: Ինքն էլ չգիտի ինչ է խոսում:

- Արցախի պետական ինստիտուտներն ի՞նչ նշանակություն ունեն այսօր մեզ համար: Ինչո՞ւ են իշխանություններն ուզում դրանք լուծարել:

- Նախ ասացին, որ Արցախը լուծարվեց, բայց կարծես այդ մասին չկա ստույգ տեղեկություն: Նույն այդ ստորագրող մարդը տարբեր բաներ է ասում: Նախ ասացին՝ հիմա է լուծարվել, հետո ասացին` հունվարի 1-ից, դրանից հետո էլ ասում են` չի լուծարվել: Այդ մարդը հարցազրույց տվեց ու ասաց, որ չի ստորագրել այդ փաստաթղթի տակ: Չգիտեմ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Ոչ մի հստակություն չկա, չգիտես էլ ումից հարցնես, որ ճիշտ պատասխանը ստանաս: Բացում ես օրենսդրությունը, ոչինչ այդ մարդկանց ասածներից չի համապատասխանում ներքին օրենսդրությանը, ոչ էլ միջազգային իրավունքին: Արդյունքում` բոլորը մեղավորներ են փնտրում, բայց մեղավորների փնտրտուքը լուրջ մարդու զբաղմունք չէ: