Երկրորդ Յալթա՝ միջազգային հարաբերություններում 

Երկրորդ Յալթա՝ միջազգային հարաբերություններում 

Դեկտեմբերի մեկին լրացավ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1.12.1989թ., N 1650-XI որոշման 30-ամյակը: Այս տարեթվի առնչությամբ Երևանում «Արցախի վերամիացման 30-ամյա տարեդարձը. խոչընդոտներ և լուծումներ» խորագրով քննարկում անցկացվեց արցախյան և հայաստանյան փորձագետների, քաղաքական գործիչների ու դիվանագետների մասնակցությամբ։ Բոլոր բանախոսների ելույթներում կատարելապես նոր առաջարկներ են, որոնք արմատապես փոխում են բանակցությունների տրամաբանությունն ու իրավական հիմքերը։ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով՝ միջազային իրավունքը բացարձակ արգելք չի հանդիսանում միացման համար։ Ֆեդերատիվ հիմունքների վրա, կոնֆեդերացիայի կամ այլ ձևի։ «Պարզապես պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ պետք է անենք և ինչպես պետք է անենք»,-ասում է  Նավասարդյանը։

Նա համամիտ է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունից Գարեգին Չուգասզյանի այն մոտեցման հետ, որ հիմա աշխարհում չկա տարածքային ամբողջականության քարացած սկզբունք։ «Առաջին համաշխարհային պատերազմից սկսած` ամբողջ քաղաքական  իրադարձությունները, որ տեղի են ունենում, և դրանց դինամիկան ենթարկվում է լուրջ քաղաքական փոփոխությունների, որ շատ մասնագետների կարծիքով՝ երկրորդ Յալթա են միջազգային հարաբերություններում»,-ասում է Նավասարդյանը։ Միջազգային հարաբերություններում լանդշաֆտի փոփոխություններում եվրոպական պետություններում կատարվող գործընթացներն են, որոնց դագաղի կափարիչի վրա վերջին մեխը խփեց Թուրքիան՝ հարձակվելով Սիրիայի վրա։ Նավասարդյանն ասում է, որ Սիրիա թուրքական ներխուժումից և մինչև Մոսուլ հասնելու հավակնություններից հետո ռուս փորձագետներն անգամ հարցնում են՝ ինչո՞ւ Լենին պապիկի նվիրած Արարատն ու Ղարսը դուք՝ հայերդ, չեք վերադարձնում։ 

Հիմա այս տուրբուլենտության ֆոնը դժվարությունների կողքին ստեղծում է նաև բարենպաստ պայմաններ։ 

Ահա, այս կարևոր ու վճռական շրջանում Հայաստանը չունի անվտանգության հայեցակարգ։ Նավասարդյանն ասում է, որ երբ այդ մասին ասում են, ԱԳՆ-ում նեղանում են։

Գարեգին Չուգասզյանը ևս նշեց, որ միջազգային հարաբերությունների ոլորտում տեսնում ենք նոր հռետորաբանություն, որտեղ նախահարձակ զսպման մասին է ավելի շատ խոսվում։

«Այսօրվա քաղաքականության իրականության մեջ տեսնում ենք, որ տեղի է ունենում առաջին Համաշխարհային պատերազմի քաղաքական իրողությունների վերանայման, այդ թվում՝ սահմանների վերանայման մի լուրջ գործըթնաց և ամեն օր է տեղի ունենում»,-ասում է Չուգասզյանը։

Նրա ամփոփմամբ՝ այն դիրքորոշումը, որը հայկական դիվանագիտությունը ունեցել է տարիներ շարունակ, լուրջ վերանայման կարիք ու հնարավորություն ունի։ Մասնավորապես, տարիներ շարունակ խոսվել է ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, բայց ո´չ ազգերի ինքնապաշտպանության իրավունքի։ Հիմա մեր ԱԳՆ-ն, այս պայմաններում, պետք է մշակի նոր մոտեցումներ։