100-ից ավելի բիզնեսներ ունեցող «էլիտ Շանթ»-ի սեփականատերերի 3-րդ եղբայրը հայտնվել է փողոցում

100-ից ավելի բիզնեսներ ունեցող «էլիտ Շանթ»-ի սեփականատերերի 3-րդ եղբայրը հայտնվել է փողոցում

«էլիտ Շանթ» ընկերության սեփականատեր Յուրա (Վարշամ) և  Մանվել Ղարիբյանների միջև բախումների, նրանց հայրական  տան վրա ավազակային հարձակման, նաև այլ՝ ավելի հեռավոր ազգականների հետ քրեական պատմությունների մասին մամուլը բազմիցս գրել է։

Պարզվում է՝ միմյանց հետ թշնամանքի մեջ գտնվող Ղարիբյանները գժտված են նաև երրորդ եղբոր՝ Սամվել Ղարիբյանի հետ, ով այսօր ընտանիքի հետ հայտնվել է փողոցում ու այս տարի ոստիկանությունում հաղորդում է տվել եղբայրների դեմ։

60-ամյա դերասան, 3-րդ կարգի հաշմանդամ Սամվել Ղարիբյանն ու ընտանիքը հայտնվել են փողոցում։ Սամվելը պատմում է․ «Իմ եղբայրներն «էլիտ Շանթ» և «Շանթ Արմ սվիթի» տերերն են։ Նրանք երկուսով ունեն 100-ից ավելի օբյեկտներ։ Նեուժե՞լի մի խանութ, մի տուն չկամեցան ինձ ու իմ ընտանիքին։ Ես, ճիշտն ասած, չեմ ուզում, որ իմ թոռներն էլ արժանանան իմ ճակատագրին։ Ես 15 տարի է՝ իմ ընտանիքի հետ ապրում եմ վարձով, ի՞նչ ասեմ՝ ամեն մարդու խիղճ իր աստվածն է, եթե խիղճ չունեն, աստված էլ չունեն։ Միգուցե կզարթնի՞ իրենց խիղճը»։ Սամվելն ասում է, որ անցած տասնհինգ տարվա մեջ 27 տուն է փոխել։

Սամվելը փոքր եղբոր՝ Յուրայի հետ չի շփվում 2008 թվականից, մեծի հետ էլ՝ արդեն 2 տարի է։ Երրորդ եղբայրն ասում է, որ եղբայրների հետ չշփվելու, հետագայում նաև թշնամանքի պատճառն այն է, որ իրար հետ կռիվների մեջ գտնվող Յուրան ու Մանվելն իրենից մշտապես պահանջել են որևէ մեկի կողմը բռնել։ «Ամեն մեկն էլ ասում էր՝ իմ կողմն արի, ես չէի ուզում ոչ մեկի կողմը գնալ, որովհետև որ կողմը գնում էի, էն մյուս կողմն ասում էր՝ ըհը, դու իմ թշնամին ես։ Էս կողմը՝ դու իմ թշնամին ես»։

Լրիվ անկախ լինելու որոշման գինն էլ այն է, որ Սամվելն այսօր, առանց աշխատանքի, ընտանիքի հետ հայտնվել է փողոցում։ Թեև ասում է, որ գոնե խիղճը հանգիստ է։

Չկան նաև մարդիկ, որոնք կարող են հաշտեցնել եղբայրներին․Ղարիբյանների մայրը մահացած է, հայրը՝  Արամը, ողջ է ու Սամվելի հետ գրեթե չի շփվում 76 թվականից։ Պատճառն ընտանեկան տհաճ մի պատմություն է, որը Սամվելը չթաքցրեց՝ պատմելով․ «Քանի որ ես միամիտ՝ հեռախոսով իմացա, որ Ֆիրա Իսպիրյանին՝ մորս քրոջ աղջկան, որի մարդը մահացել էր խոպանում, հերս 50 տարի սիրահետել է, ու ինքը մորս ասում էր՝ դու չես Արամի կինը, ես եմ։ 
Հայրս մորս կենդանության օրոք արդեն ոնց որ աֆիցիալ ամուսնացավ։ Բայց 76 թվին ես միամիտ իմացա»։

Սամվելն ասում է, որ եղբայրը՝ Յուրան, Ֆիրային ու հորը մոր կենդանության օրոք ամուսնացրել է Դուբայում։ «Էդ ժամանակ մերս իմ հետ էր ապրում վարձով տներում։ Ես մորս պահել եմ, ամենավերջում էլ իմ ձեռների վրա է մահացել»,- պատմեց նա։

Հիմա նրանց հայրական տանը՝ Եղիազարյան 10 հասցեում գտնվող 17 սենյականոց սեփական տանը հայրն ու խորթ մայրն ապրում են երկուսով ու «մի սենյակի լույս են վառում, մնացածը դատարկ է»։

Ի դեպ, դերասանը մինչև իր պատմությունը ներկայացնելը  նաև մի վերնագիր առաջարկեց՝ ««Շանթ»-ի երրորդ ախպերը իսկական չի»։

Սամվելը պատմում է, որ փողոցում հայտնվել է մինչև եղբայրների միջև հարաբերությունների վատանալը։ «Այն ժամանակ որոշեցին, որ ինձ տնից գեղարվեստորեն դուրս անեն, երևի թե հորս գործոնն էլ կա, ես գնացի Դավիթաշեն՝ երեք սենյականոց բնակարան են տվել, ասեցին՝ էսի քո տունն ա։ Ընտեղ 5 տարի ապրեցինք, բայց քանի որ ես սեփական էի ուզում, իրենք ինձ ասացին՝ դե, ուրեմն, դուրս արի, գնա վարձով, մենք էս տունը կծախենք, մի բան էլ վրեն կդնենք, քեզ սեփական կառնենք։ Փաստորեն, խաբեցին։ Ես 2015 թվից սկսի փողոցներն ապրել վարձով»,- պատմեց Սամվել Ղարիբյանը։

Սամվելի դիմումի հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մինչև «Հրապարակի» խմբագրություն գալը Սամվելը Յուրային տեղյակ է պահել, որ մամուլին պատմելու է։ Նա էլ, վերջինիս խոսքով, սեռական հայհոյանք է տվել իրեն էլ, ժուռնալիստներին էլ։ Սամվելն էլ եղբորն ասել է․ «Էդ որ քրֆում ես, դա իմ մերը չի մենակ, քո մերն էլ ա»։

Հարցրինք՝ Յուրայի ու մյուս եղբոր հետ նորմալ մանկություն ունեցե՞լ է։ Ասաց, որ իրար հետ 10 տարի պարել են Հովհաննես Թադևոսյանի խմբի հետ, հետո եղբայրը Գերմանիա բանակ է գնացել ու այնտեղից վերադարձել «լրիվ գերմանացի՝ նեմեց դառած»։

Սամվել Ղարիբյանը հատուկ կոչով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Բարև Ձեզ, պարոն վարչապետ և հայ ժողովուրդ։ Ես Սամվել Ղարիբյանն եմ, «Շանթ էլիտ» և «Շանթ արմ սվիթ» գործարանատերերի՝ Վարշամ և Մանվել Ղարիբյանների երրորդ եղբայրն եմ, հաշմանդամ։ Դերասան եմ, 15 տարի է՝ ապրում եմ վարձով։ Ես ուղղակի խնդրում եմ՝ այսօր արդեն անհնար է, հայտնվել ենք փողոցում, գոնե ժամանակավոր ո՞վ կարա օգնի ինձ, իմ ընտանիքին։ Խնդրում եմ։ Թեկուզ ժամանակավոր մի տեղ ապրենք, մինչև տեսնենք ինչ է լինում։ Իմ հեռախոսի համարը՝ 094598384 և 098336435։ Խնդրում եմ»։

Մանրամասները՝ տեսնյութում։