Սոնա Վան. Եղիցի հավերժական խաղաղություն

Սոնա Վան. Եղիցի հավերժական խաղաղություն

Չարի ծաղիկները

Ցանկացած իրավիճակ, որի մեջ ես հայտնվել եմ ընդդեմ իմ ցանկության-կորուստներ, համավարակ, պատերազմ կամ պարտություն-հոգիս որպես բռնարարք է ընկալում եւ ակամա փորձում է հակազդել դրան՝ որպես հոգեւոր իմունիտետի առողջ արտահայտություն: Այդ հակազդեցությունն իմ դեպքում կատարվում է գրչով, երեւի՝ քանի որ չեմ տիրապետում հակազդեցության առավել պոտենտ մեկ այլ գործիքի: Գրելն ինձ համար նաեւ միտքս խելագարությունից փրկելու միջոց է՝ անկախ այդ պահին ձեռքիս տակ հայտնված թղթի ճակատագրից: Ի դեպ, երբ ես երջանիկ եմ ու ինքնաբավ, զզվում եմ գրելուց: Մինչեւ իսկ բարկանում, ամաչում եմ, որ կյանքիս մի մեծ ժամանակը դրա վրա եմ վատնել: Այս համատեքստում պոեզիան եւ վերոհիշյալ մղձավանջը ոչ միայն չեն բացառում միմյանց, այլեւ՝ հակառակը: Մնացած բոլոր առումներով պոեզիան եւ պատերազմը հականիշներ են՝ բացարձակ թշնամիներ: Պատերազմը քաղաքակրթության ամենամեծ ամոթն է, պոեզիան՝ դրա միակ հաղթանակը: Պատերազմը մարդու մեջ ապրող վայրենու հաղթանակն է, պոեզիան՝ միեւնույն մարդու մեջ ապրող Աստծո՛: Պատերազմը չարի ծաղիկների մարտադաշտն է, պոեզիան՝ սիրո եւ կարեկցանքի պարը: Պատերազմի հոմանիշը պարտությունն է՝ անկախ պատերազմի ելքից: Հաղթանակը բնորոշ է միայն խաղաղությանը, որովհետեւ երջանկությունը՝ որպես մարդու իրավունք, ոտնահարված է մնում սահմանի թե՛ հաղթող եւ թե՛ պարտվող կողմում: Որովհետեւ հաղթական կողմում գտնվող զավակակորույս մոր արցունքները պակաս դառը չեն, քան պարտված կողմում գտնվող մոր: Մութ էկրանի վրա դժվար է տարանջատել թուրք մոր եւ հայ մոր ողբը: Յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու բոլոր մտավոր ու հոգեւոր ջանքերը պետք է ուղղվեն պատերազմը երկրագնդի վրա վերջնականապես վերացնելու աշխատանքին: Սա իմ սեւեռումն է ու իմ հավատամքը։ Որպես փոքր ժողովրդի՝ սա ամենից շատ մեզ է ձեռնտու, ու մենք էլ պիտի նախաձեռնենք այս ընթացքը՝ որպես խաղաղության առաջամարտիկներ։ Սա հայ մայրերի առաքելությունն է, եւ աշխարհի մյուս մայրերը կմիանան մեզ։ Անել այնպես, որ հող գրավելը լինի նույնքան աբսուրդ, որքան լուսինը կամ արեւը գրավելը: Որպեսզի կարեւորվեն միայն մարդու հոգեւո՛ր ջանքերի միջոցով ձեռք բերված արժեքները, մշակույթը, լեզուն, իմաստնությունը, սերը, կարեկցանքը: Որպեսզի սահմանները լինեն վերտուալ-հոգեւոր՝ սոսկ լեզվական ու մշակութային, առանց որի ցանկացած հող սոսկ չոր աշխարհագրություն է։ Ասածս գուցե ռոմանտիկ ու անիրական է հնչում, բայց սա իրականություն դարձնելու հնարավորությունն այսօր կա։ Այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս աշխարհի հետ ակնթարթորեն կիսել ցանկացած գաղափար, միտք ու երազ՝ վարակելով ողջ մոլորակը՝ ինչպես աստվածային կամ փրկարար վիրուս: Հարկավոր է վերանայել այն բոլոր համոզմունքները, որոնք մեզ եւ մոլորակը հասցրել են անդունդի ու կործանման այս եզրին: Բանաստեղծական ճշմարիտ տողը, որը հրաշագործի թեւքից դուրս թռչող աղավնու պես ի զորու է միաժամանակ զարմացնել եւ հավաստիացնել, ի զորու է նաեւ տրանսֆորմացնել մարդու սիրտը՝ առանց նրա միտքը վիրավորելու, եւ այդ առումով մղձավանջի այս ժամանակը նաեւ ճշմարիտ բանաստեղծի ժամանակն է: Ես դրանում համոզված եմ՝ երդվելու չափ: 

Երջանկության ծես

Բառի դրախտը պոետի լեզվի վրա է: Ճշգրիտ պահին ու ճիշտ տեղից հնչող այսպիսի բառը հրաշքներ կարող է գործել։ Այս համոզմունքով եմ ես ազդարարել պոեզիան՝ որպես նոր մարդու կրոն: Ի տարբերություն կրոնի, բանաստեղծը խոստանում է դրախտ հիմա՛ եւ այստե՛ղ, ու եթե մարդու երեւակայությունը բավարարում է հավատալ հետմահու երջանկության հնարավորությանը, ապա ինչո՞ւ չպարտադրել այն նաեւ երկրի վրա՝ երջանկությունն ընդունելով որպես հոգու իրավունք, այլ ոչ որպես բախտի հետմահու քմահաճույք կամ իլյուզիա: Իրավունք, որի համար հարկավոր է պայքարել նույն խանդավառությամբ ու զոհաբերության պատրաստակամությամբ, ինչպես պայքարում ենք ազատության, անկախության կամ այլ իրավունքների համար: Հարկավոր է ծես մտածել երջանկության համար եւս, որպեսզի այն նույնպես սգո պես ընկալվի որպես իրականություն, որպես շոշափելի փաստ: Մենք ունենք սգալու արարողակարգ ու մշակույթ, բայց չունենք երջանկության արարողակարգ ու մշակույթ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ ենք թերարժեւորում այն, ինչը հոգու միակ պահանջն է: Ո՞ւմ է սա ձեռնտու-հարց է առաջ գալիս: 

Պատերազմի եւ խաղաղության մասին

Հետպատերազմական մղձավանջը շարունակվում է, ու դեռ օդի մեջ է զավակակորույս մայրերի ողբալացը: Դեռ չեն վերադարձել բոլոր գերիները, ու դեռ շարունակվում է նրանց խոշտանգման պրոցեսը: Թշնամին, ըստ իր արյան կանչի, երկարաձգում է իր հաճույքը, միայն հաղթողին տրվող իր խրախճանքը՝ դիակների վրա: Շարունակում է իր ժողովրդի սրտերը վրեժով ու ատելությամբ լցնել ու միաժամանակ հնչեցնում է խաղաղասիրական կոչեր՝ համաշխարհային հանրության ականջը կեղծիքով լվանալու իր միակ հանճարի ուժով: Կեղծիքը որպես դիվանագիտություն օգտագործելու, ըստ ցանկության պատմությունը ձեւախեղելու եւ մարդկային թուլությունները շահավետորեն օգտագործելու շկոլան անցած մեր հակառակորդը միլիարդավոր դոլարներ է ծախսում, որպեսզի միջազգային հանրությունը մեզ ճանաչի որպես ագրեսոր։ Այս պարագայում խաղաղության թեկուզ կեղծ կոչին չարձագանքելը, նրա՝ իբր հաշտության առաջարկը մերժելը արդյոք չի՞ նշանակի հաստատել այդ պիտակը: Վստահ եմ, որ հակառակորդին ձեռնտու է աշխարհին լսելի դարձնել մերժման մեր խոսքը, որը վերջնականապես կվավերացնի իրենց իբր խաղաղասիրությունը եւ մեր իբր ագրեսորությունը: Ես կատարվածն այլ կերպ մեկնաբանել պարզապես չեմ կարող: Հնարավոր է, որ այն այլ բացատրություն ունի, բայց ես դրանից տեղյակ չեմ: Այս օրերին, երբ ոչինչ բացահայտորեն հստակ չէ, ու երկրիդ լինել-չլինելը մեծապես կախված է ճիշտ կողմնորոշվելուց, երբ ճակատագիրդ հավասարապես կախված է թշնամուց եւ դաշնակցից, բանաստեղծը նույնպես կարող է իրեն շփոթված զգալ եւ օգտվել ոչ թե խոսքի, այլ լռելու իր իրավունքից: Գրողը քաղաքացի է, ով ունի իր կարծիքը հնչեցնելու իրավունք, բայց միայն այն ժամանակ, երբ ի՛նքն է իր սեփական պրոցեսով հայտնվել քաղաքական հակամարտության այս կամ այն կողմում: Բանաստեղծին պարզապես չի կարելի ներքաշե՛լ այդ պրոցեսի մեջ ընդդեմ իր կամքի ու իներցիայի: Թե ոչ՝ ո՞վ չի ցանկանում, որ մեր գրավված հողերը վերադարձվեն, ու փոխհատուցվեն մեր կորուստները, որ գերիները վերադառնան, որ սահմանները լինեն ապահով ու խաղաղ, որ մեր հակառակորդը պատժվի բոլոր միջազգային իրավազանցությունների համար, որ մեր դաշնակցի շահերը համընկնեն ավելի շատ մե՛ր, քան մեր թշնամու շահերի հետ: Բայց ցանկանալը մի բան է, իրականացնելը՝ մեկ ուրիշ: Մերժել խաղաղ համագործակցության հրավերը` նշանակում է «այո՛» ասել պատերազմին: Ես այդպես եմ կարծում: Քմահաճ երեխայի պես ուզում եմ խփել ոտքերս գետնին եւ պահանջել, որ… Բայց պատմությունը գրում են հաղթողները, ու աշխարհը նրանցից է լսում պատմությունը։ Մեր թմբուկները լռում են հիմա, ու երանի թե 1992թ․-ին, երբ մե՛նք էինք հաղթողները, կարողանայինք մեր հաղթանակը շահարկել այնպես, ինչպես մեր հակառակորդը՝ այսօր։ Երեւի մենք բաց ենք թողել մեր հարցերը ճշգրտելու ամենահարմար առիթը: Չգիտեմ: Ես այս ամենի գիտակը չեմ: Պարզապես փորձում եմ պատասխանել Ձեր հարցերին՝ մնալով կանացի իմ ինտուիցիայի ու փորձի սահմաններում: 

Հնարամիտ մտքի եւ կարեկից սրտի ժամանակը

Գիտեմ, որ ցանկացած խաղաղություն կամ հաշտություն սկսվում է երկխոսությամբ, միմյանց լսելով։ Այլապես՝ ուզիր ու ուզիր: Տրվում է նրան, ով ուժեղ է, իրատես եւ ունի համապատասխան լծակներ։ Սունիներն ուզում են արաբական թագավորություն հիմնել, շիիթները՝ իսլամական պետություն: Քրդերը ցանկանում են ունենալ ինքնավար պետություն, իսկ Անգլիան ուզում է կրկին գաղութի վերածել Իրաքը եւ վերածում է: Առանց քմահաճ մանկան պես ոտքերը գետնին խփելու, առանց հռետորաբանության։ Հարկավոր է խաղաղ ժամանակ ապահովել ու այդ ընթացքում ամրանալ, խելոքանալ, զինվել ու հարստանալ: Չգիտեմ, թե հաջորդ փրկիչն ինչ տեսքով է հայտնվելու, բայց համոզված եմ, որ այս անգամ նա տնտեսագետ է լինելու եւ համացանցից տեղյակ: Որքան կուզեի, որ նա հայ լիներ, ասենք՝ սիլիկոնային հովտի արքաներից մեկը: Ժողովուրդ, մենք այդ պոտենցիալն ունենք: Մենք կարո՛ղ ենք նավթահոտի փոխարեն Աստծո քիթն անուշահոտով լցնել, աշխարհի սիրտը մեզնով անել: Բավական է նախկինի տոկոսներով ապրեք: Այսօ՛ր է մեր ժամանակը: Հնարամիտ մտքի եւ զգայուն, կարեկից սրտի ժամանակը: Այսօր մեր ճակատագիրը մեծապես կախված է աշխարհաքաղաքական պրոցեսներից՝ հին աշխարհը նոր աշխարհով փոխարինելու ընթացքի մեջ, եւ շատ կարեւոր է, որ մենք շտապենք ուշքի գալ ու ճշտել մեր դեմքն ու դիմագիծը նոր հայելու մեջ: Ես պարզապես չեմ ուզում հավատալ, որ մեր ազգի գոյության ու պետության կայունության պատասխանատվությունը ստանձնած եւ ժողովրդի վստահության քվեն ստացած իշխանությունները դավում են սեփական հայրենիքն ու սեփական ինքնությունը։ Իրենց պապերի՛ եւ իրենց զավակների՛ հայրենիքը։ Ամեն ինչի տակ դավադրություն տեսնելը հոգեխախտման առաջին նշաններից է, եւ ես խուսափում եմ այդպիսի դիտարկումից: Պարզապես սիրտս կպայթի, եթե մի պահ հավատամ դրան:

Դաժանության շարունակականությունը

Հազար խոնարհում հայկական հարցի նվիրյալներին: Բայց երբ հարցը գոյաբանական է, հարկավոր է ավելի զգուշորեն ընտրել հռետորաբանությունը, իսկ արդար դատաստանի ժամանակը, անկասկած, կգա, բայց այն տեսնելու համար նախ հարկավոր է գոյատեւել մինչեւ այդ օրը: Այս իրավիճակում, երբ շարունակվում է հայկական ցեղասպանությունը՝ «միայն մի հայ եւ այն էլ՝ թանգարանում» միեւնույն տեսլականով ու մեթոդով, շեշտադրել 1915թ․-ին կատարվածը որպես առանձնացված, սկիզբ ու վերջ ենթադրող իրողություն, մի փոքր չի՞ մեղմացնում թշնամու դաժանության չափը, նրա շարունակական բարբարոս երեւակայության աննախադեպությունը: Այս պահին ավելի ճիշտ չի՞ լինի շեշտադրել դաժանության շարունակականությունը, քան դրա անցյալի փաստ լինելը։ Դրանում չէ՞ արդյոք մեզ հետ կատարվողի աննախադեպությունը։ Նորից եմ ուզում անդրադառնալ այն հարցին, որ «ցեղասպանություն» տերմինը, որը բացատրվում է որպես ժամանակի կոնկրետ սահմաններում կատարված էթնիկ զտման պրոցես, ինչպես դա պատահեց հրեա ժողովրդի հետ, իր բառարանային բացատրության մեջ չի ներառում հայկական ողբերգությունը, որովհետեւ այն շարունակական է մինչ օրս եւ նպատակ ունի ոչ թե մինչեւ վերջին մարդը ոչնչացնել տվյալ էթնիկ խումբը երկրի վրայից, այլ նաեւ ջնջել նրա քաղաքակրթական հետքը, նրա երբեւէ գոյության բոլոր վկայությունները՝ ասես այն երբեւէ գոյություն չի ունեցել: Սա երեւակայության դիվական հանճարի վկայություն է։ Աստված լինելու հավակնություն, ու այս վտանգավոր աննախադեպության փաստն է, որ պետք է փոխանցել միջազգային հանրությանը:

Գլոբալ զինադադար

Համավարակը մոլորակի բնակիչներիս պարտադրեց մեկուսացման, եւ ես իմ բանաստեղծություններով արձագանքել եմ նաեւ դրան` «Մեկուսացման երգեր» խորագրի տակ: Դրանցից մեկում պսակավոր վիրուսի հայտնվելը նույնացրել եմ փրկչի երկրորդ գալստյան հետ: Բանաստեղծությունը կոչվում է «Լաբորատոր պայմաններում ստացված փրկիչ», որտեղ ասվում է.
...գաղտնաբառը՝ պսակ 
ես քեզ ճանաչեցի անմիջապես
դու միակը այս երկրի վրա 
առանց դիմակ
միակ թագավորը բոլորիս մեջ
որ մտար աննկատ
միանգամից
բոլոր դարպասներով մոլորակի
հայտնվեցիր բոլորի արյան մեջ
բոլոր շուկաներում եւ տներում
շրջելով ամեն բան գլխի վրա
գիտեմ
շատ երկար ես մտածել
գալստյանդ ձեւի մասին
երկրորդ անգամ
եւ սակայն ես ո՞վ եմ
որ քննարկեմ
քո հերթական ընտրությունը
ան-քննելի…
Այդ բանաստեղծությունը գրելու ընթացքում հավատացել եմ դրա հնարավորությանը: Չհավատալ դրան՝ նշանակում է կասկածել Աստծո ամենակարողությանն ու նրա ձեւերի տարօրինակությանը։ Սա բանաստեղծական ճշմարտություն է սոսկ, որը պատասխանատվություն է կրում սոսկ տվյալ բանաստեղծության տրամաբանության առջեւ եւ ոչ ավելին: Գրելու ընթացքում ես չեմ մտածում ուրիշ կերպ հավատացողների կամ ընդհանրապես չհավատացողների մասին: Դա բանաստեղծությունը կվերածի հռետորաբանության կամ բարոյախոսության: Իմ զրուցակիցն Աստված է, եւ ես միայն նրա առջեւ եմ պատասխանատու։ Միջնորդավորված չէ մեր զրույցը, ու բանաստեղծությունը միայն այդ դեպքում է ծնվում: Այդ առումով ես Հոր կողմից դեռ վիրավորվածության նշաններ չեմ տեսել ու եթե տեսնեմ, պատրաստ եմ ամեն վայրկյան ներում հայցել ու ապաշխարել- նաեւ ուրիշների մեղքերի համար: Երդվել եմ չխոնարհվել եւ ոչ մեկին, ով պատրաստված է միեւնույն կավից: Ուզում եմ հիշեցնել, որ վիրուսը փրկչի գալստյան հետ նույնացնելու հիմքում այն էր, որ համավարակի պատճառով ես վերջապես լսեցի «գլոբալ զինադադար»-ի երանելի հայտարարությունը, որը նշանակում էր վերջ պատերազմներին: Դա սոսկ աստվածավայե՛լ հայտարարություն էր, եւ ես դրանով չեմ փորձել արժեզրկել փրկչին, այլ՝ հակառակը: Այդ նույն բանաստեղծությունն ավարտվում է այսպիսի տողերով՝
Global զինադադա՞ր
սա երազ չէ՞
լռում են ռումբերն ու մայրերը
թռչունները երգում են տունդարձի երգ
կորոնա
բարի լո՞ւր ես դու
կլոնված միեւնույն գթասի՞րտը փշեպսակ
որ նախընտրում էր թույլին ու տկարին
ու հաստատում մահանալու կարգը երկրի վրա
սարեր մի շարժիր-հարկավոր չէ
պարզապես բարձրացիր գագաթը այն ու վանկարկիր
քո սիրած ածականը գործածելով
եղիցի հա-վեր-ժա-կան խաղաղություն
ու կավետեն ձիթենու ճյուղերով
անունը քո
միլիոնավոր կանայք ու աղջիկներ
բոլոր կտուրներից մոլորակի…

Ապրենք՝ հավատալով, որ իրոք մի օր
թռչունները կերգեն հավերժական խաղաղության ու տունդարձի երգ:

ՀԳ. Խնդրում եմ՝ պատվաստվեք:


«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ