Վատ կառավարում եւ Ամուլսար

Վատ կառավարում եւ Ամուլսար

Երեկ հրապարակվել են Միջազգային հանրապետական ինստիտուտի կատարած հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են քաղաքական ամենատարբեր թեմաների։ Հետաքրքիր է կառավարության ամենամեծ ձախողումների ցանկը, որը կազմվել է ըստ ՀՀ քաղաքացիների պատասխանների: Ինչպեսեւ կարելի էր կանխատեսել, ամենամեծ ձախողումները համարվում են վատ կառավարումը՝ 27%, չիրականացված խոստումները՝ 14%, քաղաքական անկայունությունը՝ 13%, եւ տնտեսական ճգնաժամը` 10%։ Այս համատեքստում հետաքրքիր է, որ առանձին տողով նշվում է Ամուլսարը:

Հարցվածների 3%-ը կառավարության ձախողումների մեջ նշում է Ամուլսարը: Հարցումը չի նշում՝ ձախողում է համարվում խնդրի դրակա՞ն, բացասակա՞ն, թե՞ որեւէ՝ ցանկացած որոշման բացակայության պատճառով: Սակայն, հաշվի առնելով, որ հարցումն անցկացվել է սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ Ամուլսարում ճանապարհներն ապաշրջափակելու վարչապետի կոչից գրեթե մեկ ամիս անց, եւ հաշվի առնելով, որ այդ ընթացքում խնդիրը որեւէ հանգուցալուծում չունեցավ՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական ուղղությամբ, կարելի է ենթադրել, որ հարցվածները ձախողում են համարում հենց ձգվող իրավիճակի ու հանգուցալուծման բացակայության առումով: Ի վերջո, հանքը չի աշխատում, եւ ճանապարհները շարունակում են փակ մնալ: Եվ հաշվի առնելով, որ ձախողումների շարքում առաջին տեղում վատ կառավարումն է նշվում, տրամաբանական եզրակացություն է, որ «ձախողումը» որեւէ որոշման բացակայությունն է: Ի դեպ, այս առումով հարցումը նաեւ այլ հետաքրքիր բան է բացահայտում: Ավելի քան մեկուկես տարի որեւէ որոշումից խուսափած ու երկրի հեղինակությունը հարվածի տակ դրած կառավարությունը, հավանաբար վախենալով աղմուկից, փաստորեն, խուսափել է լուծել մի խնդիր, որը խնդիրների շարքում հարցվածների միայն 3%-ի համար է առաջնային: Ինչը դարձյալ չի կարող չհանգեցնել, որ վատ կառավարման մասին խոսողները միանգամայն իրավացի են: