Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնը մեկ տարուց ավելի է՝ չունի ո՛չ հասցե, ո՛չ տանիք

Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնը մեկ տարուց ավելի է՝ չունի ո՛չ հասցե, ո՛չ տանիք

Անցած աշնանը՝ կառավարության որոշմամբ, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը եւ Հայաստանի պարարվեստի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը միաձուլվեցին եւ վերակազմակերպվեցին «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի: Հաջորդաբար, նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկվեց նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս 3 ստեղծագործական խումբ՝ Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթները:

Նորաստեղծ ՊՈԱԿ-ում, ինչպեսեւ սպասելի էր, առաջին հարվածը ստացան առաջին փուլով միավորված պարի համույթների տնօրենները․ նրանք ազատվեցին աշխատանքից, քանի որ միացյալ ՊՈԱԿ-ի տնօրենի նախ ԺՊ նշանակվեց, ապա մի քանի ամիս անց տնօրեն ընտրվեց Արմեն Սարգսյանը․ պրոդյուսեր, հաղորդավար, թամադա, նաեւ՝ «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ, որի նշանակումը դեռ տնօրենի ԺՊ-ի կարգավիճակում շատերին զարմացրեց, որովհետեւ մասնագիտությամբ լրագրող Արմեն Սարգսյանը ո՛չ երգի, ո՛չ էլ պարի մասնագետ էր, բայց մտերիմ էր այն ժամանակվա ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ եւ, շատերի կարծիքով, հենց նրա երաշխավորությամբ նշանակվեց այդ պաշտոնում։ 

Միացյալ ՊՈԱԿ-ը, սական, դեռ չունի ո՛չ հասցե, ո՛չ տանիք, «Բարեկամություն» պետական համույթը դեռ ֆիլհարմոնիայում է, պարի անսամբլը՝ օպերային թատրոնի վերեւի հարկում, Երգի-պարի պետական համույթը՝ Երգչախմբային միությունում։ Նույն իրավիճակն է նաեւ երկրորդ փուլով միավորված ազգային նվագարանների նվագախմբերի դեպքում։ 

«Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը մեզ հետ զրույցում ընդգծում է՝ «Ակունքը» միակ խումբն է, որ ներկայացնում է Արեւելյան ու Արեւմտյան Հայաստանի բոլոր շրջանների ամբողջական երաժշտական մշակույթը, սակայն այսօր զրկված է փորձեր անելու հնարավորությունից։ «Մենք այսօր փորձատեղի չունենք, ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանն ուղղակի ազատ ժամեր է գտնում ու մեզ այդպես օգնում։ Միավորված ՊՈԱԿ-ի տնօրենն էլ գնում է նախարարություն, կռիվ անում, բայց ոչ մի լուծում չի գտնվում։ Նույն վիճակում են նաեւ մյուսները․ ժողովրդական երգի հետ կապված համույթները փորձատեղի չունեն։ Մինչ այդ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում էինք փորձեր անում, որովհետեւ մինչեւ միավորումը իրենց ենթակայության ՊՈԱԿ-ն էինք, հիմա թեպետ դուրս ենք եկել, բայց էլի օգնում են, որ շաբաթը գոնե 2 անգամ փորձ անենք, իսկ նախարարությունից տեղ չեն տալիս, որ փորձեր անենք։ Հիմա այդ պայքարի մեջ ենք եւ անընդհատ փնտրտուքների մեջ՝ փորձատեղի ճարելու համար»,- ասում է Ա․ Շահնազարյանն ու նկատում, որ հունվարից հետո ընդհանրապես կզրկվեն անգամ ժամանակավոր այդ փորձատեղից, քանի որ այժմ ֆիլհարմոնիան վերանորոգվում է եւ նոր տարուց այլ ֆորմատով է գործելու։ 

Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբի ստեղծագործական խմբի ղեկավար Դավիթ Կարապետյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ առաջ բոլոր 3 համույթներն էլ ֆիլհարմոնիայում էին, հիմա, իսկ իրենց դեպքում՝ վերջին 8 տարին, փորձերն անում են Մամուլի շենքի 2-րդ հարկում․ «Անհատ մարդ է այդ տարածքը մեզ տվել, ու մենք շարունակում ենք այդտեղ մեր փորձերն անել»։ Թե ինչ տվեց բոլոր 6 ՊՈԱԿ-ների միավորումը, Դ․ Կարապետյանը դժվարանում է ասել, քանի որ «մենք նոր ենք միացել՝ հուլիսից, իսկ պարի 3 կոլեկտիվները՝ ամենասկզբում։ Ամառային արձակուրդներից հետո մեր համերգային շրջանը նոր է սկսվել, եւ դեռ ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ միավորումից հետո առաջին մասշտաբային համերգը տեղի կունենա ամսի 28-ին՝ Արցախի ազգային նվագարանների հետ համատեղ»։  

Ինչպես տեղեկացանք, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Գեւորգ Մանասյանն էլ միավորումից հետո դիմում է գրել եւ հեռացել։ Թե որն է պատճառը, Գ․ Մանասյանը չցանկացավ մանրամասնել եւ ընդհանրապես որեւէ հարցի պատասխանել։
Դեռ այս տարվա հունվարին նորաստեղծ ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ միացյալ կառույցի շենքի հարցով ինքը զբաղվում է, ավելին՝ որոշակի պայմանավորվածություններ կան կառավարության հետ։ Հիմա՝ արդեն տարեվերջին, ի՞նչ ընթացքի մեջ են այդ պայմանավորվածությունները։ «Ես նամակներ եմ գրել նախարարություն, եւ նախարարության հետ ինտենսիվ աշխատում ենք՝ տարածքի հետ կապված, նաեւ տեղյակ եմ պահել մեր խնդիրների մասին։ Ամենօրյա աշխատանք է, հենց այսօր էլ փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ պայմանավորվել ենք մի տարածքի հետ կապված, երեքշաբթի պետք է գնանք, տարածքը նայենք, այսինքն՝ այդ փնտրտուքների մեջ ենք»։ 

Ի վերջո, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս որեւէ տարածք չի գտնվել, նախարարությունից առաջարկում են, իրե՞նք չեն հավանում, թե՞ ընդհանրապես առաջարկ էլ չկա։ «Դե, պետական տարածքներն առանձնապես շատ չեն, որն էլ կա՝ զբաղված է, ուսումնասիրում ենք այն դպրոցները, որոնք տարածքը փոխել են, լուծարվել են, այդ տարածքներն ենք ուսումնասիրում, բայց դե մեր կենտրոնի համույթները շատ տիպիկ են՝ պարային, ժողովրդական համույթներ են, որոնց համար թռիչքային բարձրություն է պետք ունենալ, այսինքն, ուղղակի տարածք՝ վարչական մասի համար, դա չէ խնդիրը, դրա համար մինչ օրս չենք գտել»։ Մեկ տարուց ավելի է, ինչ նորաստեղծ կառույցը կա, մոտավորապես ե՞րբ կլուծվի նաեւ տարածքի հարցը։ «Աշխատում ենք, որ մինչեւ տարեվերջ ժողերաժշտության համույթները գոնե փորձասենյակներ ունենան, որպեսզի մենք կարողանանք համերգային գործունեությունը շարունակել»,- ասում է Սարգսյանն ու նկատում, որ համույթների ժամանակավոր հասցեն չի փոխվել, քանի որ այս ընթացքում փոխնախարար փոխվեց, երկրում տիրող իրավիճակն էլ իր հերթին ժամանակավորապես «ստոպ տվեց» գործընթացներին։ 
«Կարծում եմ՝ երկարացնելու խնդիր էլ չի լինի, որովհետեւ ինչքան երկարեց այս հարցը, ավելի վատ տեղ է տանելու, դրա համար թե՛ նախարարությունը, թե՛ պարոն Դանիելյանը գիտեն այս հարցի հրատապությունը, որ պետք է արագ լուծվեն այս հարցերը»։     

Արթուր Շահնազարյանն իր խոսքում նկատել էր, որ ամեն օր «գնում է նախարարություն, կռիվ անում», բայց՝ անարդյունք, այդպե՞ս է։ «Դե, կռվելը՝ մի քիչ փոխաբերական, բանավիճային իմաստով, բայց, բնականաբար, բանավեճեր ունենում ենք, իսկ լուծումներ, ուզեն-չուզեն, պիտի տան, ես իմ սեփականի համար չեմ կռվում, սա պետական կառույց է, այսօր ես եմ, վաղը մեկ ուրիշը կարող է լինել, այսինքն՝ այս հարցը պետք է լուծվի, որ կարողանանք աշխատել»։ 

Թե ինչու է Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Գեւորգ Մանասյանն ազատվել աշխատանքից, կառույցի տնօրենը եւս խուսափեց կոնկրետ պատասխան տալուց՝ նշելով միայն, որ դա նրա որոշումն է։ Ինչ վերաբերում է նրան, թե որտեղ է գուսանական երգի անսամբլը փորձեր անում, Սարգսյանը նշեց․ «Ես պարոն Ավինյանին նամակ եմ գրել, մի արվեստի դպրոց կա, որտեղ մեր անսամբլի 4 երաժիշտներն այնտեղ դասավանդում են, իմացանք, որ տարածք կա, որը կարելի է օգտագործել որպես փորձասենյակ, տնօրենի հետ խոսեցի, ասաց՝ դիմենք քաղաքապետարան, որ մեզ թույլ տան, մենք էլ դիմեցինք, որ անսամբլը գոնե ժամանակավոր իր փորձերն այնտեղ անցկացնի»։ Զրուցակիցս նշում է, որ Արցախի ազգային նվագարանների համար եւս ժամանակավոր փորձասենյակ է գտել, չի բացառում, որ հետագայում ներառվեն իրենց կազմում, իսկ ամսի 28-ին նախատեսվում է առաջին համատեղ համերգը։ 

Կառույցի տնօրենը դեռ տարեսկզբին ատեստավորում իրականացրեց պարողների շրջանում, առաջիկայում նախատեսում է ժողերգիչների ատեստավորում իրականացնել․ «Որպեսզի ավելի հստակ երեւա, թե ով է արժանի ելույթավճարների, արտիստական կարգերի տարբերությունը դնենք եւ այլն, բայց ատեստավորումը երեւի թե հաջորդ տարվա 2-րդ կեսին կանցկացնենք»։