Ապագայի նիկոլական տեսլականը

Ապագայի նիկոլական տեսլականը

Ժամանակին այն կարծիքին էի, որ ժողովրդավարությունը խաղաղություն է ապահովում: Բայց գիտակցում էի, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տարածաշրջանային բոլոր երկրները լինեն ժողովրդավարական: Ճիշտ այնպես, ինչպես Եվրոպայում է: Իսկ եթե որևէ ժողովրդավարական երկրի շրջապատն այլ արժեքներ է դավանում, ապա խաղաղությունը ձեռք է բերվում պատերազմին միշտ պատրաստ լինելու հանգամանքի շնորհիվ: Հետո երևան եկավ Վրաստանի օրինակը: «Վարդերի» հեղափոխության շնորհիվ իշխանության գալով՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցում նախագահ Սահակաշվիլին ընտրեց ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ուղին: 

Եվ այդ ժամանակ էլ պարզվեց, որքան էլ այն զարմանալի լիներ, որ ժողովրդավարությունը կարող է ունենալ նաև ազգայնական ուղղվածություն: Համենայն դեպս, նման հայտարարություններ էին հնչում արևմտյան երկրներից: Նույնն, ի դեպ, այսօր առկա Ուկրաինայի առումով: Ճիշտ է, ազգայնական վրացական ուղղվածությունը հաջողություն չունեցավ: Բայց դրանում մեղավորը ոչ թե ժողովրդավարությունն էր ինքնին, այլ ամերիկյան օգնությամբ պատրաստված, հանդերձավորված ու զինված վրացական բանակի պարտությունը հնգօրյա ռուս-վրացական պատերազմում 2008 թվական օգոստոսին:    

Մեր դեպքում առկա է հակառակ երևույթը. հայաստանյան «ժողովրդավարությունը» նրա հիմնադրի կողմից նախագծվել է որպես ոչ թե ազգայնական, այլ գլոբալիստական շարժման մաս: Այդ հիմնադրի գիտակցական ջանքերի շնորհիվ Հայաստանը թուլացել է ու խեղճացել: Արդյունքում նիկոլական «ժողովրդավարությունն» էլ ոչ թե ազգայնական ագրեսիվ է, այլ պարտվողական: Ճիշտ այնպիսին, ինչպիսին Նիկոլի իշխանության շնորհիվ դարձավ մեր պետությունը: Իսկ եթե թույլ ես, ապա պետք է փորձես գտնել գլոբալիզմի շարժման հզոր ներկայացուցիչների հովանավորությունը: Իսկ դրանք արևմտյան երկրներն են Միացյալ Նահանգների ղեկավարությամբ: 

Մնում է, որ Նիկոլն ապացուցեր իր լոյալությունն այդ շրջանակներին: Ինչի համար նա պետք է երկիրը դուրս բերի այսօր գործող անվտանգային համակարգից: Դա պետք է լինի առաջին քայլը Հյուսիսատլանտյան դաշինք մուտք գործելու հնարավորություն ստանալու համար: Համակարգային այդ տեղափոխման քարոզչական  նախապատրաստումը հեշտանում է ռուսական պատասխանատվության գոտում գտնվող Լաչինի միջանցքն ապաշրջափակելու անկարողության պատճառով: Դրան գումարվում են պաշտոնական մակարդակում ծավալվող հայ-ռուսական լեզվակռիվները: Ինչին հետևում է «առաջին տիկնոջ» այցն Ուկրաինա՝ երկակի նշանակության ապրանքների (խաղային-ուսուցողական և միաժամանակ ռազմական գաջեթներ) մեծ խմբաքանակի տեսքով նվերով հանդերձ: Դրան էլ նախորդել են կառավարության կողմից վավերացման նպատակով Հռոմի ստատուտն Ազգային ժողով ուղարկելը: Ինչպես նաև Բելառուսում անցկացված ՀԱՊԿ-ի «Ռազմական եղբայրություն - 2023» զինավարժությանը ՀՀ ԶՈՒ բացակայությունը:

Ինչ մնում է գաջեթներին, ապա դրանք կարող էին օգտագործվել նաև Հայաստանում: Բայց դա կնշանակեր, որ իշխանությունը կողմ է պատերազմի դաշտում թշնամուն հակահարված տալուն: Կամ գոնե դրա փորձը կատարելուն: Այն պատերազմի, որ այս օրերին կարող է ծագել ամեն օր և ժամ՝ հաշվի առնելով մեր արևելյան ու հարավ-արևմտյան սահմաններին ադրբեջանական զինուժի կուտակումը: Ինչպես նաև ադրբեջանական կողմի հակահայկական հայտարարությունների հոսքը: Բայց թշնամուն դիմակայելն, ինչպես հասկանում ենք, նիկոլական (այսինքն՝ պարտվողական) խաղաղության տեսլականում տեղ չունի: 

Ի դեպ, նախկիններից Սերժ Սարգսյանը ևս քայլեր էր ձեռնարկում Արևմուտքի հետ մերձենալու ուղղությամբ: Հիշենք եվրոպական հարևանության քաղաքականությանը միանալը, միջազգային խաղաղապահ ուժերին միանալը, ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի բացումը Երևանում և այլ գործընթացները: Ինչը, բնականաբար, չէր ողջունվում Մոսկվայի կողմից: Սակայն ՀՀ երրորդ նախագահը չէր հատում վերջինիս տեսակետից կարմիր գծերը՝ պահպանելով մեր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ի գործունեությանը: Բայց Նիկոլը որոշել է ոչ թե հատել կարմիր գծերը, այլ Լեռնային Ղարաբաղը թշնամուն նվիրելուց հետո այնտեղից հեռացնել ռուսական խաղաղապահ զորաջոկատը: Իսկ այնուհետև պետք է որ գա Գյումրիի ռուսական ռազմաբազա կազմացրելու հերթը: Եվ Հայաստանը, նրա կարծիքով, կստանա Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու բաղձալի հնարավորությանը: Եթե, իհարկե, մինչ այդ դեռևս գոյություն ունենա Հայաստան անունով պետությունը: