Արման և Գագիկ, Դավիթ և Հայկ․ տես 3 նմանություն 

Արման և Գագիկ, Դավիթ և Հայկ․ տես 3 նմանություն 

Եվ այսպես, տարբեր անիմաստ բացատրություններով ԼՀԿ-ն Երևանի քաղաքապետարանից հեռացրեց իր ամենագործուն, ակտիվ ու իր դեմքը պարզերես անող ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին։ Երեկ գրել էինք, որ անգամ ՀՀԿ-ն նման ճնշումների չէր կարողանում գնալ և հասնել Տարոն Մարգարյանի կյանքն իսկապես դժոխք դարձնող «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարի կամ այլ անդամների՝ ավագանու նիստերից մեկուսացմանը։ Իրականում, խոստովանեմ, որ սխալվել էինք, քանի որ նման նախադեպ եղել է, բայց այլ խմբակցության՝ ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար Արման Վարդանյանի հետ, որին հանրությունը ծանոթ է նաև «Վրաց» մականվամբ։

Մասնավորապես, վերջինս շատ արագ հրաժարական տվեց՝ անմիջապես այն բանից հետո, երբ 2009-ին Երևանի քաղաքապետարանում տարվեց ընդդիմադիր խաղերով, և բանը,  մասնավորապես, հասավ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ լուրջ լեզվակռիվներին ու «Չոռնիի» մասին մեկնաբանություններում ծերուկ Ֆրոյդից մեջբերումներին։ Այն ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավարը բարձրաձայնում էր այն մասին, որ Երևանի մասին օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով 2 ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին։ Բայց անցել էր ավելի քան 3 ամիս, ոչ մի նման նիստ չէր եղել։ Բեգլարյանի հետ կոնֆլիկտի մյուս պատճառը տեղական տուրքերն  էին։

Ընդդիմադիր ԲՀԿ-ն առաջարկում էր դրանք հարկել ըստ գոտևորման։ Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ այն ժամանակ նույնն էր նաև մեղադրանքների բնույթը։ Մասնավորապես, այն ժամանակ էլ Արման Վարդանյանն էր ասում․ «Մենք ինքներս ենք ասում, որ և՛ ավագանին, և՛ աշխատակազմը ոչ թե պետք է աշխատեն ինչպես ինքն է կամենում և ինչպես ինքն է հասկանում, այլև մեր պայքարը հենց նրանում է, որ ինքն աշխատի այնպես, ինչպես օրենքն է պահանջում։ Մենք աշխատում ենք այնպես, ինչպես օրենքում է գրված՝ պահպանելով օրենքի յուրաքանչյուր տառը և հոդվածը։ ....Մեր պայքարն այն է, որ բոլորը պատկերացնեն այնպես, ինչպես կա օրենքը, այլ ոչ իրենց քմահաճույքներով»։

Եվ սրանից քիչ անց մամուլը տեղեկացրեց, որ Արման Վարդանյանը կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առաջարկով անցնելու է այլ աշխատանքի։ Արման Վարդանյանը` ինքը, մի միտք էր ասել, որը, սովորաբար, ասում են նման  իրավիճակներում։ Մասնավորապես. «Կուսակցության ղեկավարի կողմից առաջարկ է եղել հանձն առնել կուսակցության պատասխանատու ուղղություններից մեկը, որին ես համաձայնել եմ»։  

«Շարունակելու եմ լինել ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների կողքին եւ իմ փորձով ու գիտելիքներով աջակցելու եմ»։

Ի դեպ, Մարուքյանն էլ Խաժակյանի մասին ասաց, որ նրան ապագայում տեսնում է որպես քաղաքապետի թեկնածու։

ՀԳ․ Զրուցեցինք նաև Արման Վարդանյանի հետ, ով հարցին, թե նմանություն տեսնու՞մ է իր ու Խաժակյանի հեռացումների միջև, ծիծաղելով հարցրեց, թե ինչու եմ նման հին պատմություններ հիշել։ Ամեն դեպքում, նա ավելացրեց, որ  Երևանի ավագանիում իրավիճակները տարբեր էին։ «Էն ժամանակ ընդդիմությունը կայանում էր, այսօր, ի դեմս Երևանի քաղաքապետարանում  ընդդմադիր ֆրակցիաների, ես այդքան  մանրամասն չեմ հետևել, բայց կարող եմ ասել, որ թե՛ «Ժառանգությունը», թե՛ «Երկիր ծիրանին», թե ՛ «Լույսը» բավականին ակտիվ, կայացած խմբակցություններ են։ Մեր ժամանակ  բոլորովին այլ իրավիճակ էր․ ՀԱԿ-ը բոյկոտում էր ավագանու նիստերը, «Բարգավաճ Հայաստանը» համապետական կոալիցիայի մեջ էր, իսկ քաղաքում ընդդիմություն էր։ Դրա համար, կային որոշակի շրջանակներ, որոնք ինձ համար 
չկային, որովհետև ես ոչ կուսակցական էի, ոչ էլ գլոբալ կոալիցիայի մեջ էի։ Ես ազատ էի իմ քայլերում»։

Հարցին, թե իր կարծիքով՝ Ծառուկյանի վրա՞ էլ կային ճնշումներ, Արման Վարդանյանը պատասխանեց, որ չի պատկերացնում, թե ինչ ճնշում կարող էր լինել, միայն ասաց, որ իրենք, հաշվի առնելով վերը նշվածը, գնացին կոնսենսուսային որոշման։