Բարությունը միակ լեզուն է, որով կույրը տեսնում, խուլը լսում է․․․

Բարությունը միակ լեզուն է, որով կույրը տեսնում, խուլը լսում է․․․

Ռուս ազգին ես ճանաչել իր զինվորով ու սիրել եմ այդ ազգը։ Սիրել եմ այնպես, ինչպես իմ մանկությունը։ Փոքր երեխաներ էինք, մեր սահմանամերձ քաղաքում ռուս զինվորներ շատ կային։ Այնքան բարի՜ էին նրանք։ Մեծերն ասում էին, որ նրանք եկել ու մեզ  պաշտպանում են, թույլ չեն տալիս, որ թշնամին մեզ վրա կրակի։ Մենք ամեն կերպ ուզում էինք շնորհակալ լինել նրանց ու ամեն օր՝ ով ինչ կարողանում, իր տնից թռցնում  ու բերում էր, որպեսզի նրանց հյուրասիրեինք։ Ամբողջ գիշեր մտածում էինք, թե բացվող օրվա հետ ի՜նչ ենք կարողանալու հյուրասիրել նրանց։ Իմ ծննդյան օրը, երբ ինձ համար հորեղբայրս ճռճռան թղթերով շոկոլադ էր բերել (այդ ժամանակ երազ էր շոկոլադը), ես պահեցի, որ տամ զինվորներին։ Հիշում եմ, ամբողջ գիշերը քունս չէր տանում, մտածում էի՝ հատ- հատ բացել և ուտել։

Մտածում, տանջվում էի, բայց չէի ուտում։ Վախենում էի փորձել ու մտափոխվել՝ բոլորն ուտել։  Այնքա՜ն շատ էի սիրում։ Երբ այդ օրը ընկերներով տեսանք զինվորներին, ամեն մեկն իր տնից բերածը հյուրասիրեց նրանց։ Ո՜նց էին ուրախանում ու ժպտում, ո՜նց էին շոյում մեր գլուխները։ Երբ շոկոլադը հանձնեցի ու ազատվեցի ինձ գայթակղող հրաշալիքից, թեթևություն զգացի։ Ռուս զինվորը բացեց ու ասաց՝ սա ձեզ, դուք ավելի շատ կսիրեք։ Ասացի, որ մենք տանը շատ ունենք, կերել ենք, բայց երևի մեր փայլատակող աչքերը մատնում էին մեզ, որ մենք ուզում ենք ուտել  և նրանք նորից կրկնեցին՝ շոկոլադը դուք կերեք։ Հետո պայմանավորվեցինք, որ մենք էլ կուտենք, հնարավոր չէր դիմանալ։ Կես դար ու էլի հոսող տարիներ, չեմ մոռանում այդ դեպքը։ Ինչքա՜ն երջանիկ էի ես, որ կարողացել էի համբերել՝ չուտել ու շոկոլադը տալ զինվորին։ Երջանկությունը բարություն անելու մեջ է,- հետագայում հասկացա, երբ այդ դեպքը ամեն անգամ  հիշելուց ինձ լա՜վ էի զգում։ 

Տասնյակ տարիներ են անցել, հատկապես վերջին տարիներին, երբ համատարած ատելություն ներմուծվեց, մաքրվում էի այդ փոքրիկ պատմությամբ։ Կարծում եմ յուրաքանչյուրն էլ ունի իր փոքրիկ, ապրեցնող պատմությունը, որը ստիպում է կյանքին չնայել ատելության վարագույրի հետևից։ Հատկապես փոքր տարիքում, ամեն ինչ մեխվում ու հիշվում է։ Ռուս ազգին մենք ընկալել ենք որպես բարեկամ։ Մեր սերունդը դա է  տեսել, դա է  լսել․․․ Ու հիմա, երբ կարդում եմ մարդկային դժբախտության հանդեպ ատելության խոսքեր, հեռանում եմ իմ փոքրիկ անկյունը, որն ատելության, կեղծության աղտոտվածություն չունի ու թթվածին եմ շնչում․․․ Բարի մարդը օդի թթվածինն է շնչում․․․ Բարությունը միակ լեզուն է, որով կույրը տեսնում, խուլը լսում է․․․