Ջարդեր Ազատության հրապարակում. ո՞վ է պատասխան տալու

Ջարդեր Ազատության հրապարակում. ո՞վ է պատասխան տալու

Արդեն քանի օր է՝ տեղս չեմ գտնում: Եթե պատճառն ասեմ, գուցե հիասթափեցնեմ շատերին, բայց դա ոչ թե արցախյան կարգավորման հարցով ստեղծված դժվարին կացությունն է, որից, մտածում եմ, մենք ելք կգտնենք, այլ` Օպերայի տարածքի սրճարանների դեմ սկսված արշավանքը, որն ավարտվեց ՀՀ քաղաքացիներին ասֆալտին փռելով ու քացու տակ տալով: ՀՀ քաղաքացիների դեմ սկսված արշավանքն է, որի դեմն այսօր պետք է առնել, այլապես նմանատիպ հաղթանակները կարող են մեծացնել իշխանությունների ախորժակն ու նոր արշավանքների մղել նրանց:
Պահանջում եմ հենց այս վայրկյանից վերականգնել այն ոստիկանի իրավունքները, որոնք դադարեցվել են ծառայողական քննության պատճառով: Ոստիկանը ոչ մի մեղք չունի, նա հրաման է կատարել, ընդ որում` ոչ ավել, քան 3 մարդու հրաման` Նիկոլ Փաշինյանի, Հայկ Մարությանի եւ Վալերի Օսիպյանի: Հենց այս եռյակից եմ պահանջում` վերականգնել ՀՀ քաղաքացուն ոտքերով հարվածներ հասցրած ոստիկանի իրավունքները եւ ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից` նրանց դեմ լկտի արշավանք իրականացնելու եւ բռնի գործողությունների հրաման տալու համար: Նշեմ նաեւ, որ այս մեղադրանքը կարող է ծանրացվել ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, քանզի ՀՀ Սահմանադրությամբ երկրի տերը ՀՀ քաղաքացիներն են, որոնք հավասար են օրենքի առաջ:

Մտավորական կոչվող բոլոր այն անասուններից, որոնք այս օրերին հանդես եկան տեղի ունեցածը ժողովրդի լայն խավերի պահանջ ներկայացնելու մուղամներով, պահանջում եմ ներողություն խնդրել ժողովրդից` Հայաստանում բռնապետություն հաստատելու գործընթացը ժողովրդի անունից արդարացնելու եւ բռնապետության համար կանաչ ճանապարհ հարթելու համար: Մտավորականը չի կարող ուղեղով անասուն լինել եւ վերջ: Այդպիսիների տեղը հիշողության աղբարկղն է, որքան էլ մեծ լինեն նրանք: Ոչինչ, էշի բանն էլ է մեծ:

Տարիներ առաջ, երբ նոր-նոր էր կառուցվում Հյուսիսային պողոտան, Երեւանի այսօրվա փրկիչներն ինքնահրկիզվում էին ամեն քանդվող կավաշեն խրճիթի համար, ընկնում էին բուլդոզերի եւ էքսկավատորի տակ, թե՝ հասեք, Երեւանը խլում են երեւանցիներից: Այսօր այդ նույն փրկիչները իրենց սիրուհիների հետ ճեմում են Հյուսիսային պողոտայում, հարյուրներով թափված են պողոտայի շքեղ սրճարաններում` ծակված, ուռած, քաշած, բայց արդեն իշխանության եկած, եւ իրենց անկապ գոյությամբ ստվեր նետում թե՛ մեր ժողովրդի, թե՛ մեր մայրաքաղաքի եւ թե՛ մարդ արարածի նկարագրի վրա ընդհանրապես: Այսօր նրանք, այլեւս անելիք չունենալով, իրենց դարձյալ տվել են սիրած գործին, սակայն հակառակ կողմից: Այսօր նրանք քանդում են, բայց արդեն ժողովրդի անունից ու ժողովրդի «պահանջով»: Քանդեցին Խորենացու փողոցի մի գողտրիկ անկյունում հրաշքով փրկված նախկին լուսավորության նախարարության շենքի կամարները, քանդում են Ազատության հրապարակի սրճարանները... Շուտով հերթը կհասնի Օպերայի շենքին: Մշակույթի նախարարություն փակողի ինչի՞ն է պետք Օպերան…

Ասում են` վերականգնելու ենք կանաչ տարածքներն ու սիզամարգերը, որոնք մնացել են սրճարանների տակ: Քիչ է մնում հավատաս այս ճամարտակությանը, բայց երբ տեսնում ես, թե քաղաքում ինչ թափով է առաջ գնում ճարտարապետական ու կանաչապատման նորմերի կոպիտ խախտումներով շինարարությունը, իսկույն հասկանում ես, որ գործ ունես հերթական փչոցի հետ, որով փորձում են արդարացնել սրճարանների քանդումը: Դժվար է հավատալ, որ հպարտ երեւանցիները, չտեսնելով իրենց բակերում տեղի ունեցող այլանդակությունները, միահամուռ որոշել են կանաչապատել Օպերայի տարածքը: Սա Հայկ Մարությանի բարբաջանքն է: Նա երեւանցիներին ապուշի տեղ դրեց նաեւ 2018-ի դեկտեմբերին, երբ հայտարարեցին, թե նրանց պահանջով են 80 միլիոնանոց տոնածառ առել: Կներեք, բայց հումորի մայրաքաղաքը Գյումրին է, ոչ թե քայլ արածների թեթեւ ձեռքով գժանոցի վերածված Երեւանը: 

Ոչ մի նորմալ իշխանություն, երբ տվյալ երկրի խղճուկ եկամուտների զգալի բաժինը զբոսաշրջությունն է ապահովում, զբոսաշրջիկների սիրած վայրերում կանաչապատման անվան տակ բարեկարգ ու մաքուր սրճարանները չի քանդում: Սա դեմ է այդ ոլորտի բոլոր կանոններին: Քաղաքում այնքան «նախադու» կա քանդելու, այնքան տեղ կա ծառ տնկելու, որ մի քանի տասնամյակ կբավականացնի Երեւանը շինելու եւ այն երեւանցիներին վերադարձնելու հայրենանվեր գործեր կատարելու համար:

Հայկ Շինարար քաղաքապետը եւ նրա շինիչ թիմը, որը դեռ մեկ հատիկ վերելակ չի վերանորոգել, իրենց աննորմալ որոշումներով ակամա արագացնում են Նիկոլ Փաշինյանի կառավարության կործանումը: Ի՞նչ են անելու վաղը, մի՞թե ժողովրդին հրավիրելու են Օպերայի սիզամարգերում սելֆի անելու հանրահայտ «շինարարների» հետ, որոնց ազատագրած «թատերամերձ» տարածքները ռազմավարական առումով ավելի կարեւոր են, քան Քարվաճառի «զավթումը»: