Ռաբինդրանաթ Թագոր. Իմ վերհուշները

Ռաբինդրանաթ Թագոր. Իմ վերհուշները

1․ Հուշի եւ ինքնակենսագրության բացվածքում կա մի դադար՝ կղզի-առանձնյակ, ուր անդրադարձումն է կյանքի, ուրեմն նաեւ՝ անցյալի համապատկերի, սակայն ո՛չ առասպելական եւ ո՛չ էլ բացորոշ իմաստով: Առհասարակ, կարդալ հուշը՝ արդյոք հնարավո՞ր է այսպիսի փորձառություն, երբ ընտելությամբ ապավինում ես մարդկային ճակատագրի ժամանակը սահմանող դիպվածներին: Դրվագներ, լուսանկարներ, բեկումնային իրադարձություններ, հույզերի փոխակերպված զգացումներ՝ մարդիկ, որոնք եղել ու հեռացել են, սակայն շարունակելով հարցադրել իրենց գոյության փաստը՝ հուշը գործածելով որպես վերադարձի միջոց: Եվ հուշի այսօրինակ բաբախյունն է, որ դժվարություններ է ստեղծում, գրեթե անհաղթահարելի խութեր՝ վերապատմելու, անգամ խոսելու բենգալացի պոետ, արձակագիր, հասարակական գործիչ Ռաբինդրանաթ Թագորի (1861-1941) դարասկզբին հրատարակած «Իմ վերհուշները» գրքի շուրջ: Եվ, անշուշտ, հուշը խոսեցնելու գայթակղությունը միշտ էլ մեծ է, սակայն կարելություններն իրականում սահմանափակ են: «Իմ վերհուշները» նաեւ սրա մասին է:

2․ Նախամուտքի իր խոսքում Թագորն ինքնակենսագրության եւ հուշի սահմանների ճշգրտությունը, սահմանների երեւակայումն ամբողջովին կասկածի տակ է դնում: Համաձայն Թագորի՝ վերհիշելիս ճշգրիտ լինելու եւ հուշը ճշգրտությամբ տեղափոխելու ջանքն արդեն իսկ հորինվածք է․ «Ինքնակենսագրության համար իմ հիշողությունները չափից դուրս թերի են ու անպետք»: Թագորը դիպուկ է՝ սա բանաստեղծի կյանքի, բանաստեղծական ժամանակի ամփոփավայր չէ՝ ինքնակենսագրության մոտիվին գոնե մասամբ հավատարիմ ուղենիշներով: «Իմ վերհուշները» մասնատված է գլուխների, որոնք հատուկ անվանված են, եւ որոնց ներքո եփվում է մարդկանց, տարվա եղանակների, գոյականների ու բայերի ողջ հուշանյութը: 

3․ Չափավորություն եւ հեռավորություն․ Թագորի վերհիշումները տեղադրված են այս երկու ոչ այնքան տարածված ասկետական սկզբունքներում: Թվում է՝ այսպես չեն վերհիշում, ընդհանրապես այսպես չեն ստեղծանում, եւ թվում է՝ սա ճշմարիտ տպավորություն է: Թագորը նախադասություններ է կազմում, դրանցում մանկություն կա, կա մահը, անձրեւը, աշունը, հայրը, Շրիկոնտխո-բաբուն, Օկխոյչոնդրո Չոյդխուրին, Ռադջենդրոլալ Միտրոն: Ոչինչ ձեզ չի վերաբերում, չի վերաբերում, եւ պատմողին մարմրում է միայն հուշը՝ այն հեռավոր աստղի նման, որն իր մահվամբ համառորեն հավատացնում է մեզ, թե դեռ գոյություն ունի: