Պայմանավորվեցինք ճաշից հետո նորից հանդիպել․ Ալիև

Պայմանավորվեցինք ճաշից հետո նորից հանդիպել․ Ալիև

«Հուսով եմ, որ մենք աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը։ Ես բարձր եմ գնահատում Շառլ Միշելի աշխատանքը այս ոլորտում: Որովհետև, ինչպես գիտեք, Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտենում խաղաղությանը»,-այս մասին հոկտեմբերի 6-ին Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը։

Նշելով, որ այս քառակողմ հանդիպումը կազմակերպել են Շառլ Միշելը և Էմանուել Մակրոնը, Ալիևն ասել է. «Այս հանդիպման ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր, և կարծում եմ, որ այս հանդիպումը նույնպես կարևոր կլինի խաղաղության համաձայնագրի ձեռքբերման համար։ Շփումները դեռ շարունակվում են։ Պայմանավորվեցինք ճաշից հետո նորից հանդիպել։ Ամեն դեպքում, խաղաղ գործընթացն արդեն մեծ թափ է հավաքել»։

Ալիևը հիշեցրել է՝ ավելի վաղ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը, և, իր կարծիքով, այդ գործընթացը չպետք է ընդհատվի։

«Առաջիկայում նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հավաքվեն և մի քանի օր աշխատեն խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստելու համար։ Այսինքն՝ սա է մեր մտադրությունը»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ այսօր Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների ու Եվրոպական խորհրդի ղեկավարի առանձնազրույցը։