Թուրքիայում նոր քաղաքական դաշինք է ձեւավորվել

Թուրքիայում նոր քաղաքական դաշինք է ձեւավորվել

Թուրքիայում, ինչպես հայտնի է հաջորդ տարվա հունիսին ընտրություններ են կայանալու, եւ այդ ընտրություններին ընդառաջ, երկրում եռում է քաղաքական կյանքը։ Քաղաքական վերլուծաբանները այդ ընտրությունները համարում են բախտորոշ, եւ արձանագրում են, որ եթե իշխանափոխություն տեղի չունենա, որ այդ ընտրությունները լինեն առհասարակ վերջինը թուրքական պետության համար։ Եթե Էրդողանն հաղթի, ապա, ըստ վերլուծաբանների, չի բացառվում, որ Թուրքիան վերածվի միահեծան կրոնապետության։ Սակայն կան լուրջ կասկածներ, որ Էրդողանը կարող է հաղթել այդ ընտրություններին, որովհետեւ թուրքական տնտեսությունը մեղմ ասած՝ բարդ ժամանակներ է ապրում։ Նախ սղաճը պահպանվում է բարձր մակարդակի վրա հարատեւորեն, եւ ապա՝ թուրքական արժույթ լիրան պարբերաբար արձանագրում է փոխարժեքային հակառեկորդներ, տնտեսական ցնցումներ առաջացնելով այդ երկրում։

Իշխանության ղեկին Էրդողանն է իր կրտսեր գործընկեր ազգայնականների հետ կքնած դաշինքով։ Ընդդիմադիր կուսակցություններն էլ, թվով վեց կուսակցություն, երկրորդ դաշինքն են կազմել։ Նախորդ շաբաթ թուրքական քաղաքական երկնակամարում երեւաց երրորդ դաշինքը, որի առանցքում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է։ Այն կոչվում է «Աշխատանքի եւ ազատության դաշինք» եւ միավորում է իր մեջ մի շարք կուսակցությունների, ինչպիսիք են Թուրքիայի Աշխատանքի կուսակցությունը, Աշխատող ժողովրդի կուսակցությունը, Բանվորական կուսակցությունը, Համայնավար խորհուրդների դաշնակցությունը, Հանրային Ազատությունների կուսակցությունը։ Այս երրորդ դաշինքը ավելի գաղափարական միավորում է, ըստ թուրք վերլուծաբանների եւ ներկայացնում է Թուրքիայի քաղաքական դաշտի ձախակողմյան հատվածը։

ԱԿՕՍ