Ռադիոյի տնօրենի ընտրությո՞ւն, թե՞ «Ծերունի ավազակները» օպերացիա

Ռադիոյի տնօրենի ընտրությո՞ւն,  թե՞ «Ծերունի ավազակները» օպերացիա

Երեկ հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի՝  Ջազ Ռուբոյի, աշխատանքային վերջին օրն էր։ Նա իր մոտ է հավաքել ռադիոտան կոլեկտիվին, հրաժեշտի խոսք ասել՝ հայտնելով, որ չի պատրաստվում երկրորդ անգամ առաջադրվել խորհրդի նախագահի պաշտոնում։ Ասել է, որ վերջապես ազատվել է պաշտոնի կապանքներից, պատրաստվում է անցնել այլ, ստեղծագործական աշխատանքի, հանգիստ է եղել եւ նույնիսկ մի երկու կատակ է արել։ Ռուբեն Ջաղինյանը 6 տարի ժամկետով հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ էր ընտրվել ողբերգական մի օր՝ 2013 թ․ մարտի 1-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով եւ, ինչպես բազմիցս գրվել է մամուլում, նրա տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ։ Օրենքով նա իրավունք ուներ երկրորդ անգամ առաջադրվելու նույն պաշտոնին, ինչպես դա արեց նախկին նախագահ Ալիկ Հարությունյանը։ Մինչեւ վերջին օրը տեղեկություններ էին շրջանառվում, որ Ռուբեն Ջաղինյանին հաջողվել է լեզու գտնել նաեւ նոր իշխանավորների հետ։ Հանրայինին մոտ մեր աղբյուրը հայտնում է, որ Ջաղինյանը փորձել է տարբեր ալիքներով իր վերընտրության համար «դաբրո» ստանալ, հասել է մինչեւ վերեւներ, սակայն մերժվել է։

Պաշտոնապես Ռուբեն Ջաղինյանի լիազորությունները դադարեցվում են մարտի 3-ին, եւ մարտի 6-ից սկսվում է հեռուստառադիոյի խորհրդի նախագահի նոր թեկնածուների առաջադրումը։ Իսկ մինչ այդ խորհրդի աշխատանքները համակարգելու է Ջաղինյանի տեղակալը՝ Ստեփան Զաքարյանը։ Ինտրիգն այն է, որ նա Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածուներից է։ Ստացվում է, որ ռադիոյի եւ հեռուստատեսության կառավարման մարմնի փաստացի ղեկավարը, այն մարմնի, որը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն, սահմանում է հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման կարգը, նշանակում եւ պաշտոնից ազատում է հեռուստաընկերության եւ ռադիոընկերության մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրեններին, լինելով տնօրենի թեկնածու՝ զբաղվելու է իր իսկ ընտրության հարցով։ Համենայնդեպս, ունի դրա համար անհրաժեշտ բոլոր լծակները։ 

«Քոթուկների» հանձնաժողով

Ստեփան Զաքարյանը մնում է 4 հոգանոց խորհրդի ղեկավար։ Խորհրդի անդամներից երկուսը՝ կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը եւ Մերուժան Տեր-Գուլանյանը, նաեւ ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային հանձնաժողովի կազմում են։ Այնպես որ, հանձնաժողովը կարող ենք անվանել «Ծերունի ավազակներ» օպերացիա։ Հանձնաժողովի կազմում են նաեւ հնագույն «հեռուստաձայն» ու միջոցառումների թամադա Սարգիս Նաջարյանը  եւ Հ1-ի նախկին ծրագրերի տնօրեն Օրդյանը՝ «չհրկիզվող» Մարատը, 1947 թվականի ծնունդ, դեռևս ԽՍՀՄ-ի անվանի  կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը, որն այս տարի 72 տարեկան է դառնում։ Նրանք բոլորը Ստեփան Զաքարյանի ընկերներն են, ինչը կասկածի տակ է դնում մրցույթի անաչառությունը։  Զաքարյանի առաջադրմանը կողմ է եղել նաեւ Ջաղինյանը, գուցե այն պատճառով, որ Զաքարյանն իր  տեղակալն է եղել խորհրդում եւ լավատեղյակ է ֆինանսական տարատեսակ գործարքներից։ Մարկ Գրիգորյանի հեռանալուց հետո ռադիոտան հարցերով զբաղվել են իրավապահները, ուսումնասիրություններ են կատարել եւ հանցակազմ չեն հայտնաբերել նրա մասով։

Չնայած ռադիոտանը Ռուբեն Ջաղինյանին գնահատողներ էլ կան․ ասում են, թե մի քանի վերանորոգում անելով՝ մաքրեց ավգյան ախոռների վերածված ռադիոտան շենքը։ Ստեփան Զաքարյանը հեռուստառադիոպետկոմի խմբագիր է եղել, բաժնի վարիչ, 1995-96 թվականներին եղել է պետական ռադիոյի տնօրեն եւ հեռացել է սկանդալով, հետո պայքարել է վերադառնալու համար։ Եղել է ԱԺ պատգամավոր 1999-2003 թթ․, իսկ 2009-ից հեռուստառադիոխորհրդում է։ 
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի անցկացման ժամկետը եւս խնդրահարույց է։ Դիմումներն ընդունվում են մինչեւ մարտի 6-ը՝ հայտարարություն տալուց, այսինքն, փետրվարի 22-ից, 10-օրյա ընթացքում, հանգստյան օրերը չհաշված։ Ռադիոն տնօրեն է ունենալու, սակայն հեռուստառադիոխորհրդի տնօրենն ընտրվելու է մարտի 6-ից հետո։ Ստացվում է, որ ռադիոյի տնօրենը չի լինելու հեռուստառադիոխորհրդի նախագահի «մարդը» եւ սեփական խաղ տանելու հնարավորություն է ունենալու։ Բացի այս, ռադիոյի տնօրենի մրցույթը շարունակում է ոչ թափանցիկ մրցույթների մեզանում արմատացած ավանդույթը։ Թեկնածուների անունները չեն հրապարակվում։ Այստեղից-այնտեղից ենք տեղեկանում, թե ովքեր են ցանկում։ Թերեւս սա է պատճառը, որ ռադիոտանը նոր ալեկոծում է սկսվել։ 

Փետրվարի 27-ին կոլեկտիվը, որը դեկտեմբերին ստորագրություններ էր հավաքում նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի հեռացման պահանջով, կրկին ստորագրահավաք է սկսել։ Այս անգամ հօգուտ ռադիոյի տնօրենի թեկնածու Տիգրան Հարությունյանի։ Վերջինս երկար ժամանակ աշխատել է ե՛ւ ռադիոյում, ե՛ւ Հանրային հեռուստատեսությունում, եղել է հաղորդավար, մեկնաբան, վարող։ Իսկ ԱԺ նախընտրական շրջանում զբաղվել է իր ընկերոջ՝ «Իմ քայլից» առաջադրված եւ ընտրված պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հանրային կապերով։ Ասում են, հենց Բաղդասարյանն էլ նրան՝ որպես իր մտերիմի, աջակցում է ռադիոյի տնօրեն ընտրվելու հարցում։ «Ես եղել եմ Նիկոլայի ընդամենը PR թիմի ղեկավար։ Ընտրություններն ավարտվել են, եւ ես այդ օրվանից նրան չեմ էլ տեսել։ Ինչո՞վ կարող էր աջակցել ինձ պատգամավորը, գոնե փոխվարչապետ լիներ,- մեկնաբանեց Տիգրան Հարությունյանը՝ ծիծաղելով։- Ես շատ պատգամավոր ընկերներ ունեմ՝ ե՛ւ «Իմ քայլից», ե՛ւ ԲՀԿ-ից ու «Լուսավորից»։ Ուրախ ու շնորհակալ կլինեի, իհարկե, եթե աջակցեին, բայց ինչո՞ւ են միայն Նիկոլայ Բաղդասարյանի մասին ասում։ Ֆիլմերն իմ ձայնով են գնացել, ՖԲ էջը ես էի վարում՝ ընդամենը»։ Տիգրան Հարությունյանը պնդում է, որ չունի տեղեկություն իր օգտին կազմակերպվող ստորագրահավաքի մասին։ 

«Գիտեմ, որ ունեմ մեծ աջակցություն իմ կոլեգաների կողմից, բայց որ ստորագրահավաք կա, ձեզանից առաջին անգամ եմ լսում»,- ասաց նա։ Մինչդեռ ստորագրահավաքի կազմակերպիչներից մեկը հեռուստառադիոասպարեզի հայտնի գործիչ, հեռուստամեկնաբան Վարդգես Ավետիսյանն է։ Հնարավոր է, որ նա եւս թեկնածուների թվում լինի։ «Դեռ չեմ որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, կառաջադրվեմ։ Կանցնեմ, թե ոչ՝ ամեն դեպքում, մենք կուզեինք, որ Տիգրան Հարությունյանն ընտրվի, քանի որ նա ուղնուծուծը ռադիոական է, այստեղ կայացած ու այստեղ հասունացած որպես մասնագետ։ Ամեն դեպքում, եկողը չգա որպես խոպանչի, չհարստանա ռադիոյի հաշվին։ Միայն տեսնեք, թե այստեղ ինչքան շնորհքով երիտասարդներ կան, որոնք աշխատում են չնչին՝ 60 հազար դրամներով»,- ասաց Վարդգես Ավետիսյանը։ 

Եվ մի տղամարդ՝ պիրոտեխնիկ

Եվ այսպես՝ մի կողմից մրցութային հանձնաժողով է գործում, որը պետք է ընտրի տնօրենին, մյուս կողմից միտինգային ակտիվություն է ծավալվում թեկնածուներից մեկի օգտին՝ «группа поддержки»։ Իր թեկնածուն ունի նաեւ հեռուստատեսության տնօրեն Մարգո Գրիգորյանը։ Նա առաջ է տանում Հ1-ի աշխատակից Ռուբեն Շահինյանի թեկնածությունը։ Վերջինս հեռուստաշրջանակներում հայտնի է «Պիրոտեխնիկ» մականունով՝ սերիալներ նկարահանելու ժամանակ պայթյուններ է ապահովել։ Թեկնածուների թվում է նաեւ Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյանը, որը երկար կռիվների մեջ էր ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ։ Ի վերջո, Գրիգորյանը փակեց Բարսեղյանի հաղորդումը։ Տեղեկություններ կան, որ տնօրենի մրցույթին մասնակցելու համար «Շանթ» հեռուստաընկերության աշխատակից Դիանա Հարությունյանն է դիմել, Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը՝ Ջաղինյանի «Շարմից», երգիչ Արթուր Իսպիրյանը, որին աջակցում է Լիլիթ Մակունցը, Հ2 հեռուստաընկերության հաղորդավար, հայտնի գրող Հովհաննես Մելքոյանի դուստրը՝ Լիլիթ Մելքոնյան, պատրաստվում է դիմել նաև «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցը։ Դեռ երկու օր էլ կա առաջադրումներին, իսկ մարտի 5-ին հանձնաժողովը կբացի հայտերը։

ՀԳ․ Հեռուստառադիոխորհրդի նախագահի տեղակալի պարտականությունները կատարող Ստեփան Զաքարյանը երեկ չկարողացավ պատասխանել մեր հարցերին՝ խոստանալով, որ կպատասխանի այսօր։