Գիտեինք, որ հրաժարական չի տալու․ վաղվանից սկսում ենք

Գիտեինք, որ հրաժարական չի տալու․ վաղվանից սկսում ենք

Հունվարի 29-ին մենք դիմեցինք ԿԳՄՍ նախարարին, որպեսզի հրաժարական ներկայացնի, քանի որ իր կատարած աշխատանքի արդյունքում կործանվել է ու կործանման է գնում այս բնագավառը։  Իրականում մենք քաջ գիտակցում էինք, որ մեր պահանջով ինքը հրաժարական չի տալու, դրա համար մարդկային առումով փորձեցինք ժամանակ տալ, որ ինքն իր ձեռքով դիմումը գրի ու գնա, բայց նա դա չարեց։ Այս մասին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց քիչ առաջ հայտարարեց 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելուն ուղղված «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» միջոցառումների շարքի նախաձեռնող խմբի համակարգող Վազգեն Պետրոսյանը։

«Դրա համար մենք այսօրվանից սկսելու ենք մեր միջոցառումների շարքը, որի արդյունքում , հույս ունենք, նախարարը հրաժարական կտա։ Մենք պահանջում ենք, որ նորից գրվեն բոլոր դասագրքերը՝ սկսած «Հայ գրականությունից», վերջացրած «Հայոց պատմությունով»։ Պահանջում ենք, որ վերացի որոշումը, որով ուզում են «Հայոց պատմությունը» վերածել «Հայաստանի պատմության»։ Այս մարդիկ Ղազախստանի օրինակն են բերում անվանման փոփոխության հետ կապված, բայց ես ասում եմ, որ Ղազախստանը պատմություն չի ունեցել, իսկ մենք ունեցել ենք։ Մենք պարտավոր չենք համեմատվել որևէ պետության հետ, մենք ազգ ենք, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի, մշակույթ ունի։ Մեր միջոցառումների շարքը սկսելու ենք իրազեկման ակցիաներով, սկսելու ենք անմիջապես վաղը։ Մենք իրականում գիտենք, որ նա հրաժարական չի տալու, մենք միամիտ չենք»,- ասաց նա։