Չկարողացանք այնպիսի պետություն ստեղծել, որը կարող էր դիմակայել վտանգներին. Կոտայքի մարզպետ 

Չկարողացանք այնպիսի պետություն ստեղծել, որը կարող էր դիմակայել վտանգներին. Կոտայքի մարզպետ 

«Հրապարակը» զրուցել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ: Կոտայքի մարզի 11 համայնքների կողմից 2022 թվականին ներկայացվել է սոցիալական եւ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղված 68 ծրագրի հայտ՝ ընդհանուր 11.4 մլրդ. դրամի արժեքով պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով: 

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ գումարից 5,9 մլրդ. դրամը ներդրվել է համայնքների բյուջեների, 5,5 մլրդ. դրամը պետական բյուջեի եւ 45,2 մլն. դրամը՝ այլ կազմակերպությունների կողմից. «Գումարային առումով նախատեսվում է ավելի մեծ ծրագրեր իրականացնել մարզում՝ ասֆալտապատման, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի նորոգման, գիշերային լուսավորության, մանկապարտեզների վերանորոգման, բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ»: 

-Պարո՛ն Սահակյան, Կոտայքի մարզում վերջապես կառուցվում է առաջին սանիտարական աղբավայրը, որի մասին շատ վաղուցվանից են խոսում, ի՞նչ փուլում են աղբավայրի աշխատանքները եւ արդյո՞ք աղբավայրի շահագործումն իր մեջ վտանգավոր ռիսկեր չի պարունակի: 

- Աղբավայրը վտանգ չի ներկայացնում, քանի որ բոլոր փորձաքննությունները անցել է, ընդհակառակը, այն օգուտ կտա ե՛ւ մեր բնակչության, ե՛ւ մեր բնությանը: Աղբից ազատվելու ամենաարդիական մեթոդներն են կիրառվելու: Այդտեղ վտանգի խնդիր չենք տեսնում: Այս պահին աշխատանքներն իրականացվում են, եւ օգոստոս ամսին պետք շահագործվի:

-Մարզում կգործի՞ տրանսպորտային միասնական համակարգը, տրանսպորտի գինը կթանկանա՞: 

- Ապրիլ ամսին գյուղական բնակավայրերում միկրոավտոբուսների տեսքով կաշխատի տրանսպորտը, մյուս մասը՝ 80 ավտոբուս կներմուծվի Հայաստան մինչեւ մայիս ամիս եւ կշահագործվի: Գործող պայմանագրով են առաջնորդվելու, եւ տրանսպորտի գնի բարձրացում չի լինի:

-Ինչո՞ւ իշխանությունը հենց Ձեզ նշանակեց մարզպետի պաշտոնին: 

-Այդ հարցին ես չեմ, որ պետք է պատասխանեմ, կարծում եմ իմ կենսագրությունն են հաշվի առել, իմ աշխատանքային փորձը տվյալ ոլորտում, ինչը շատ կարեւոր է, քանի որ ես համակարգին շատ լավ տիրապետում եմ: Դա իմ պատասխանելու հարցը չի, վստահել են՝ նշանակել են, ես էլ շնորհակալ եմ վստահության համար: 

-Կասեք՝ ի՞նչ բիզնեսներ ունեք, պարոն Սահակյան: 

-Ես ոչ մի բիզնես էլ չունեմ, միայն այս աշխատանքն է: 

-Ձեր կարծիքով՝ Հայաստանի սահմաններն այսօր անվտա՞նգ են: 

-Կարծում եմ Հայաստանի սահմանները երբեք անվտանգ չեն եղել, ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ անվտանգության աստիճանը բարձրացնենք: Կարծում եմ, որ կառավարությունը ամեն ինչ անում է այդ ուղղությամբ: 

-44-օրյա պատերազմից հետո վարչապետին տարբեր որակումներ տրվեցին՝ կապիտուլյանտ, հողատու: Դուք ի՞նչ կարծիք ունեք վարչապետի մասին: 

-Ես ինքս մարդ եմ, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին, ես սխալ էլ եմ համարում պատերազմը 44-օրյա կոչելը, քանի որ մենք 30 տարի եւ ավել այս պատերազմի մեջ ենք, ու ցավոք այդ 30 տարվա ընթացքում չհասկացան, որ պատերազմի մեջ ենք: Մենք չկարողացանք այնպիսի պետություն ստեղծել, որը կարող էր դիմակայել այն վտանգներին, ինչը որ եղավ մեր աչքի առաջ: Եվ եթե նմանատիպ մտածող մարդիկ գտնում են՝ մենք պարտվեցինք այդ 44 օրվա ընթացքում, կամ 3 տարում, չարաչար սխալվում են: Մենք պարտվել ենք 94 թվականից սկսած, երբ, որ մենք այն ձեռքբերումը, ինչը որ ունեինք Արցախի հատվածում, մենք մտածեցինք, որ մեր անելիքը արել եւ վերջացրել ենք: 94 թվականից սկսած մենք մսխեցինք այդ ձեռքբերումը, որը նման արդյունք տվեց: Հիմա բոլորիս պետք է դաս լինի ու մեղավոր փնտրելու ժամանակը չի միանշանակ: Համախմբվելու ժամանակն է, քանի որ վտանգը միշտ կա, քանի մենք նման հարեւան ունենք: 

-Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման մասին ի՞նչ կասեք:

- Եթե մենք մեր առաջ խնդիր ենք դնում, որ ինչ որ ժամանակահատված խաղաղ պայմաններում ապրենք, դրա կարիքը մենք բոլորս միանշանակ ունենք: Քանի որ մենք այլ կարգավիճակում չենք գտնվում, որ այլ բան ուզենք: Մենք այդ խաղաղ պայմանները պետք է օգտագործենք մեր երկրի զարգացման, սահմանների ամրապնդման համար։ Եթե այլ կերպ մտածենք, կշարունակենք կորուստներ ունենալ: