Դատարանի գործողությունները համարում եմ իրավազուրկ

Դատարանի գործողությունները համարում եմ իրավազուրկ

Վարույթ իրականացնող մարմինը բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ միջնորդում է կիրառել ծայրահեղ միջոց` կալանավորում, քանի որ կարող է խոչընդոտել նախաքննությանը։ Մի կողմ թողնելով առերևույթ  վերացական դատողությունը, թե ինչպես է խոչընդոտելու, երբ առկա է ձայնագրություն, որտեղ գործով անցնող վկաներն են, ուստի չեն կարող ասել այլ բան, քան ձայնագրությունում է, արձանագրում եմ, որ քրեական գործի շրջանակում  խոչընդոտելու, թաքնվելու հետ կապված գործում է գրավի ինստիտուտը։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, բերեմ մի օրինակ.

ԱՄՆ-ի կարծես նախագահի օգնականներից մեկի նկատմամբ հարուցվում է քրեական գործ։ Որոշ ժամանակ անց դատախազը կանչում է այդ օգնականին, միացնում է հեռախոսային ձայնագրությունը, որտեղ հեռախոսով այդ օգնականը քրեական գործով անցնող վկային ասում է, թե հարցաքննության ժամանակ ինչպիսի ցուցմունք տա։ Դրանից հետո դատախազը արձանագրում է, որ քանի որ ակնհայտ է քննությանը խոչընդոտելու փաստը, կիրառում է գրավ, այն կրկնվելու դեպքում, գրավը կպետականացվի, նրան էլ կկալանավորեն։

Ահավասիկ, սա է օրենքի դիկտատուրան և իրավունքի գերակայությունը, ոչ թե ընտրովի արդարադատությունն ու վերացական դատողությամբ անձին կալանավորելը, ինչն անթույլատրելի է՝ բխող բոլոր իրավական հետևանքներով:

Ավելին, ընդունելով հանդերձ Չարչյանի առերևույթ կատարած գործողության անթույլատրելիությունը, որը, իրավամբ, ենթակա է իրավական գնահատականի, պետական լիազոր մարմնի ու դատարանի գործողությունները համարում եմ իրավազուրկ։ Նաև ցանկալի է, որ օր առաջ վարույթ իրականացնող մարմինն ինքը փոխի խափանման միջոցը, ոչ թե՝  դատարանը։ Դա է պահանջում արդարադատության շահը, դա է պահանջում պետության շահը։ Դա է պահանջում հասարակական շահը։ Փաստում եմ նաև, որ Չարչյան բժիշկ մարդ-մասնագետ տեսակից, եթե առողջապահության ոլորտի այլ անձիք ևս ունենային, Հայաստանում այդ ոլորտն այսքան ողբալի վիճակում չէր գտնվի։

Փաստաբան Լևոն Բաղդասարյան

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ