Հակասություններ չունեն, միայն՝ ընթացակարգային հարցեր

Հակասություններ չունեն, միայն՝ ընթացակարգային հարցեր

Կոնֆուցիոսի ինստիտուտը, որ ստեղծվել է Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում, մեր երկրում գործում է 2009թ․ փետրվարի 26-ից։

Թեեւ ինստիտուտն ունի տնօրեն՝ թե՛ հայկական, թե՛ չինական կողմից, բայց, ըստ էության, ենթարկվում է Երեւանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին եւ նրա ռեկտորին, որովհետեւ գործում է համալսարանին կից։ Ավելին՝ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վերջին շրջանում այս երկու կառույցների միջեւ ֆինանսատնտեսական, կազմակերպչական, տարածքային հակասություններ են առաջացել, որոնք հասել են նույնիսկ չինական կողմին։  

Վ․ Բրյուսովի անվան ԵՊԼՀԻ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց իրավիճակը՝ նշելով, որ ոչ մի խնդիր չունեն միմյանց հետ․ «Մեր աշխատակիցներն են Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրենները, ընթացակարգային հարցեր են, որը կարգավորում ենք, իսկ չինական կողմն էլ միշտ գոհունակություն է հայտնել մեր աշխատանքից»։ Ընթացակարգային հարցերը ենթադրում են, որ, այնուամենայնիվ, կլինեն որոշ անհամաձայնություններ։ Կ․ Հարությունյանն ասաց․ «Անհամաձայնություններ՝ ոչ, պարզապես աշխատանքը կազմակերպում ենք համաձայն ընթացակարգերի, եթե դրա անհրաժեշտությունը լինում է, գրությունները հետ են գնում, շտկվում են, ուղղվում»։

Կոնֆուցիոսի ինստիտուտը պարտավո՞ր է իր քայլերն ու աշխատանքները համաձայնեցնել Բրյուսովի անվան համալսարանի հետ։ «Կոնֆուցիոսի ինստիտուտը մեր համալսարանի մի ստորաբաժանումն է, եւ նրա հաշվապահական, գնումների ու այլ գործառույթները կազմակերպում են մեր համապատասխան ստորաբաժանումները՝ հաշվապահությունը, ֆինանսական, գնումների բաժինը եւ այլն»,- ասում է Հարությունյանն ու հավելում՝ քանի որ ինստիտուտն իրենց համալսարանի ստորաբաժանումներից է, այդ պատճառով էլ չունեն իրենց առանձին հաշվապահությունը, ֆինանսական կամ գնումների բաժինը։ Ստացվում է՝ ինստիտուտի տնօրենն իր որոշումներում եւս հաշվետու է իրենց։ «Ըստ կանոնադրության եւ չինական կողմի հետ կնքված համաձայնագրի՝ տնօրենները երկուսն են՝ հայկական եւ չինական կողմից, որոնք համալսարանի աշխատակիցներ են եւ անմիջականորեն ենթակա են ռեկտորին, պրոռեկտորներին եւ գործում են՝ ինչպես բոլոր աշխատակիցները»,- հավելեց Կարինե Հարությունյանը։