Ռուսաստանի միջամտությունը հենց մեզ է պետք. Արթուր Աթանեսյան

Ռուսաստանի միջամտությունը հենց մեզ է պետք. Արթուր Աթանեսյան

Արցախի սահմաններին շարունակվում են մարտերը, նույնպիսի իրավիճակ է նաեւ դիվանագիտական, տեղեկատվական տիրույթում։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ։

 

-Պարո՛ն Աթանեսյան, միջազգային «Վալդայ» ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ այն սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն եւ տարածքների համար պայքար, այլ սկսվեց էթնիկ դիմակայությունից: Նաև ասաց, որ «այնպիսի իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսված է, չի կարող հավերժ շարունակվել»: Նաեւ հույս էր հայտնել, որ ամերիկացի գործընկերները կաշխատեն իրենց հետ համերաշխ եւ կօգնեն այս հարցի կարգավորմանը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն էր ակնարկում Վլադիմիր Պուտինը, ՌԴ-ն ի՞նչ վերաբերմունք ունի Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ, ի՞նչ կանխատեսումներ ունեք։

-Յուրաքանչյուր փորձառու քաղաքական գործիչ սովորաբար ասում է մեկ բան, մտածում այլ բան և իրականացնում այն, ինչ հենց իր պետությանն է ձեռնտու։ Այնպես որ, այլոց խոսքերի մեկնաբանմամբ կնախընտրեի չզբաղվել և իրավիճակի մասին դատել՝ ելնելով օբյեկտիվ երևույթներից։ Մի բան հստակ է․ և՛ «Թավշյա հեղափոխությունից» առաջ, և՛ դրանից հետո հայաստանյան քաղաքական վերնախավը հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին վերաբերել է որպես ինքնըստինքյան գոյություն ունեցող, մշտական ջանքերի գործադրում չպահանջող մի երևույթի, որը միշտ եղել է, կա ու կլինի։ Հայաստանյան պատվիրակությունների այցերը ՌԴ հաճախ կրել են ձևական բնույթ, ՌԴ-ում մեր դեսպանատունն ու հյուպաթոսությունները զբաղվել են առանձին անձանց շահերի սպասարկմամբ, կոռուպցիայով, ծանոթ-բարեկամին աշխատանքի դասավորելով, մեկ-մեկ՝ համայնքի հետ ձևական հանդիպումներով։ 

Առհասարակ ՀՀ երրորդ հանրապետության արտաքին քաղաքականության արդյունավետությունը մերօրյա Արցախյան պատերազմի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում պետք է անբավարար գնահատել․ չունենք վստահելի դաշնակիցներ, տարիներ շարունակ դեսպանների սխալ նշանակումների և մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համարժեք ներդրվածության բացակայության պարագայում բարձիթողի են ենթարկվել մեզ համար կարևոր՝ վրացական և ուկրաինական ուղղությունները։ Հիշենք․ ՀՀ անկախությունից հետո Ուկրաինայի հետ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ, նույնը՝ Ղազախստանի հետ։ Սակայն և՛ Ադրբեջանի արդյունավետ դիվանագիտական աշխատանքի հետևանքով, և՛ ՀՀ ղեկավարության կողմից այդ ուղղությունների թերագնահատման, անլրջության, միայն կլանային շահերով առաջնորդվելու հետևանքով այդ պետությունները շրջվեցին դեպի Ադրբեջան։ ԵՄ դիրքորոշման չեզոք պասիվությունը, որից, չգիտես՝ ինչո՞ւ, հանկարծ զարմացանք, նույնպես մեր դիվանագետների, ԵՄ պետություններում մեր դիվանագիտական կորպուսի՝ տարիներ շարունակ շոփինգով զբաղվելու հետևանք է։ Այն, որ ժողովրդավարական ԵՄ-ն նույն վերաբերմունքն է դրսևորում ժողովրդավարության որակներ ունեցող ՀՀ-ին ու Արցախին, և տոտալիտար Ադրբեջանին, նշանակում է նաև, որ մեր դիվանագիտության եվրոպական ուղղությունը մեծամասամբ՝ որոշ բացառություններով հանդերձ (Մերձբալթյան երկրներ, Ֆրանսիա), ձախողված է։ Անհրաժեշտ է սկզբունքորեն վերանայել այն, թե ով, ում և ինչպես են նշանակում ՀՀ դեսպանատներում և հյուպաթոսություններում մեր պետության շահերը պաշտպանելու, և էապես փոխել դիվանագիտական կորպուսի անձնակազմը՝ այն համալրելով մասնագետներով ու հայրենասեր մարդկանցով։

 

-Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարներին։ Պետդեպի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պոմպեոն ընդգծել է բռնությունների դադարեցման, քաղաքացիական բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը, կարևորվել են առարկայական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ասել էր, բանակցություններում «շատ լավ առաջընթաց է գրանցվել», ասել էր, որ ԱՄՆ-ը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որ հայերն աննկարագրելի են, ԱՄՆ-ը պատրաստվում է օգնել հայերին։ Ի՞նչ արդյունք ակնկալել, արդյո՞ք այս հայտարարությունները պետք է մեծամասամբ դիտարկել առաջիկա նախագահական ընտրությունների կոնտեքստում։

-ԱՄՆ-ն այս փուլում զբաղված է նախագահական ընտրությունների կազմակերպմամբ․ դրանցով է ծանրաբեռնված և՛ գործող իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Միևնույն ժամանակ, առնվազն ձևական իմաստով ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության, իշխանությունները, պետք է արձագանքեին ղարաբաղյան պատերազմի ծավալմանը և ամենաչեզոք կոչն անեին, այն է՝ դադարեցնելու մարտական գործողությունները։ Չեմ բացառում, որ հրապարակումներից դուրս՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ խոսակցություններ են եղել ՌԴ խաղաղապահ առաքելության տեղակայման հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշման պարզաբանման վերաբերյալ։

 

-Ռազմական գործողություններին զուգահեռ ի՞նչ անել դիվանագիտական ոլորտում։ Տեսնում ենք, որ ըստ տարածված հայտարարությունների՝ այս կամ այն քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը, սա ի՞նչ էֆեկտ կունենա։ ԱՄՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նաև տեսակապով խոսել էր Կոնգրես Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ՀՀ ԱԳՆ-ն իր ՖԲ էջում կիսվել էր Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու կոչով, որն ուղղված էր ԱՄՆ-ին։ Սա ի՞նչ կտա մեզ, ի՞նչ լուծումներ կառաջարկեիք դիվանագիտական դաշտում։

-Ինչպես Հայոց Ցեղասպանության, այնպես էլ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը անվերջ է։ Ցավոք, դա այդպես է։ Մինչդեռ, մեզ պետք են վերջնական լուծումներ։ Ուստի, Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը պետք է շարունակել, սակայն ղարաբաղյան պատերազմի դադարեցումն այսօր չկապել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հետ․ սա միջոց է՝ Ադրբեջանին և Թուրքիային զսպելու։ Կուզենայի նաև ընդգծել․ այսօր մեր մասնագետների և լրատվամիջոցների կողմից այն գաղափարի շրջանառումը, թե այս պատերազմը հայերի նոր ցեղասպանության փորձ է, համարում եմ և՛ մասամբ հիմնավորված, և՛ մեզ համար վնասակար ու վտանգավոր այն պատճառով, որ հայաստանցիների այսօրվա սերունդը՝ խիզախ և ազատամիտ, չպետք է նորից կրի «ցեղասպանվածի», «զոհի» ծանր բեռը, որից մեր նախնիների մի քանի սերունդ շատ մեծ դժվարությամբ փորձեց ձերբազատվել և այն այլևս չփոխանցել երիտասարդներին։ «Ցեղասպանության զոհ» համարվելը ծանր հոգեբանական տրավմա է, որի հետևանքով մեր ժամանակակից հասարակությունն իրեն ստորադասելու է մյուս ազգերին, հանդես է գալու խնդրողի, մուրացողի դերում։ Այն, ինչ մեզ ոգեշնչում է, «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ», և ոչ թե «նոր ցեղասպանություն» ձևաչափն է։ Վերջապես, բանակցային սեղանին, այդ թվում՝ դաշնակցի հետ, որպես մարտնչող, չհանձնվող, հակառակորդին սթափ գնահատող ու զսպող սուբյեկտի դերում հանդես գալն ավելի ձեռնտու է, քան՝ որպես նոր ցեղասպանության շեմին կանգնածի դերում․ թույլերին չեն օգնում։

 
-Իրանը ժամանակ առ ժամանակ հասկացնում է, որ ցանկանում է մասնակից լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Իրանն ի՞նչ կարող է անել որպես տարածաշրջանային պետություն։ Հայտնի է դարձել նաև, որ Իրանը ուժեր է կենտրոնացրել հակամարտության սահմաններին։ Իրանի հետ ինչպե՞ս հարաբերություններ վարել։

-Իրանն այսօր ՀՀ-ի հանդեպ դրսևորում է բացահայտ բարեկամական վերաբերմունք։ Իրանագետներն այս հարցին ավելի լավ կպատասխանեն։ Ինձ համար Իրանը միանշանակ նախընտրելի է Թուրքիային, իսկ ՌԴ-ն՝ Իրանին։ 

 

-Թուրքիան ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին, փորձում է աշխարհի տարբեր կետերի հակամարտություններին մասնակից լինել։ Թուրքիայի դիրքերն ինչպե՞ս թուլացնել։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ի՞նչ է տեղի ունենում կապված ղարաբաղյան կոնֆլիկտի հետ։

-Թուրքիայի դիրքերը կարելի է թուլացնել՝ ստեղծելով Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության ներկայիս և պոտենցիալ օբյեկտ հանդիսացող պետությունների միջև համագործակցային, փոխօգնության տիրույթներ՝ տնտեսական, տեղեկատվական, ռազմական։ Խոստովանենք․ Հունաստանի իշխանությունների արձագանքը Ղարաբաղյան նոր պատերազմում Թուրքիայի ուղղակի մասնակցության վերաբերյալ եղել է սպասվածից թույլ, մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուղիղ խոսքն ու Թուրքիայի հանդեպ հնչած մեղադրանքները՝ օբյեկտիվ և համարժեք։ Միևնույն ժամանակ, Հայաստանն իր արդի փորձով՝ հակադրվելու Թուրքիային, կարող է օգտակար օժանդակություն տրամադրել և՛ Հունաստանին, և՛ Լիբանանին, և՛ Թուրքիայի քաղաքականության պոտենցիալ ու իրական թիրախավորման դաշտում հայտնվող այլ սուբյեկտներին։ 
Բացի այդ, թուրքագիտության հիմնարար ավանդույթներ ունեցող ՀՀ փորձագիտական համայնքը պետք է ռուսալեզու, անգլալեզու և թուրքալեզու մասնագիտական տեղեկատվական-վերլուծական դաշտում շարունակաբար ներկայացնի այլ պետությունների համար Թուրքիայի ընդլայնման սպառնալիքը։ Անհրաժեշտ է ակտիվորեն համագործակցել Իսրայելի, Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ուկրայինայի ԶԼՄ-ների հետ, վատ սովորության համաձայն չկենտրոնանալ միայն հայաստանյան ներքին լսարանի վրա, որն արդեն առանց դրա էլ այս ամենին քաջ ծանոթ է։ Փաստն այն է, որ արտաքին տեղեկատվական դաշտում հայաստանյան մասնագետների հաղորդագրությունների թվաքանակը, պարբերականությունն ու ազդեցության գործակիցը անհամեմատելի ցածր է ադրբեջանական ներկայությունից, ինչը միայն «նավթային դոլարով» բացատրելն ու արդարանալը մեր կողմից միակողմանի, պասիվ դիրքորոշում է։

 

-Ինչպիսի՞ միջամտությամբ է, ի վերջո, հնարավոր դադարեցնել ռազմական գործողությունները։ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահին՝ միջամտության համար, սրա մասով ի՞նչ կասեք։ Ի՞նչ էր պետք անել, և ի՞նչ՝ ոչ։

-Անկախ ՀՀ-ում ու ԼՂՀ-ում ապրող մեր հայորդիների ու քաջարի կանանց, նաև՝ պատանիների ու տարեցների խիզախության, ջանքերի, զինվորական ու մասնագիտական ներդրվածության ու հայրենասիրական մղման՝ արտաքին ուժին հակադրվելու համար մեկ այլ արտաքին ուժ է պետք։ Մեզ համար այդպիսի արտաքին ուժ է եղել ու մնում է ՌԴ-ն։ Սիրո, եղբայրության, բարեկամության խոսքերն այս ու մյուս պարագաներում սոսկ ձևականություն են․ տարիներ շարունակ, մշտապես լինելով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վկան, այդ թվում՝ ռազմապաշարի կուտակմանն ու պարբերաբար հնչող հակահայկական ատելության խոսքին, ՀՀ հին և նոր իշխանությունների ներդրվածությունը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը եղել է դեկլարատիվ և անբավարար, այդ մասին է վկայումներկայիս իրավիճակը, երբ ստիպված ենք բազմիցս հիշեցնել մեր ռուսաստանյան գործընկերներին իր դաշնակցային պարտավորությունների մասին։ Ավելին, դաշնակցային պարտավորությունները և՛ ՀԱՊԿ-ի, և՛ հայ-ռուսական երկկողմանի հարաբերությունների պարագայում փոխադարձ բնույթ են կրում։ Մինչդեռ, տարիներ շարունակ ինքներս մեզ հարցրե՞լ ենք, թե որպես դաշնակից ի՞նչ ենք անում ՌԴ շահերի ամրապնդման ուղղությամբ։ Ավելին, շատ դեպքերում Ռուսաստանից արված հարցադրումներին, թե ո՞րն է մեր՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների ցուցադրական խորացման, ապա «Թավշյա հեղափոխությունից» հետո այս կամ այն հակառուսական դրսևորման իմաստը, սովորաբար պատասխանել ենք․ դա մեր ներքին գործն է։ Նման վերաբերմունք եղել է ընդհուպ մինչև հուլիսյան ադրբեջանական հարձակումը Տավուշի մարզի սահմանագծին ու թուրք-ադրբեջանական ռազմավարությունները, երբ, կարծես, նորից հիշեցինք, որ Ռուսաստանի աջակցությունը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն։ 

Երբ վերջին տարիներին ՌԴ հանդեպ մեր հասարակությունում բազմիցս հնչած հակառուսական մոտեցումներից ու դրսևորումներից հետո նորից ՌԴ օգնությունն ենք ակնկալում, պետք է ամրագրենք մեր երկրում հակառուսական տրամադրությունների հակասությունը մեր ազգային շահերին և նման տրամադրություններն օր առաջ արգելափակենք։ Մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի մանավանդ վերջին ամիսներին ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազան փակելու կոչերով հանդես եկած հայաստանյան «փորձագետները» դիտարկվեն որպես արտերկրի հակազգային շահերը սպասարկողներ, և դրա համար պատիժ կրեն։ 
Ավաղ, այսօր էլ հայտնվում են մարդիկ, ովքեր շարունակում են իրենց հին երգը, թե «Ռուսաստանին է սա պետք, ոչ թե մեզ»։ Լսե՛ք ԼՂՀ նախագահ, փորձառու և հեղինակավոր գործիչ Արայիկ Հարությունյանին․ Ռուսաստանի միջամտությունը հենց մեզ է պետք։