Լևոն Հայրապետյանի մահվանից օրեր անց

Լևոն Հայրապետյանի մահվանից օրեր անց

27.10.2017

Արցախյան պետականությունը դարձել է հայոց լռության խախտողն ու ժամանակակից հայոց պետականության երաշխավորը:

Մենք` հազարամյակներ շարունակ լինելով տերը Հայկական բարձրավանդակի և նրա հարակից տարածքների, հայոց վերնախավի դավաճանության և դրամամոլության, իսկ հետագայում` քաղաքական ազգին բնորոշ զարգացվածության կորուստի հետևանքով, երկար ժամանակ չկորողացանք վերականգնել մեր երբեմնի հզորությունը և՛ որպես ազգ, և՛ որպես պետականություն: Սկսած 1045 թվականից, մենք` հայերս, շուրջ հազարամյակ, մեր հայրենի բնօրրանի տարածքները թողել ենք անպաշտպան` առանց ազգային քաղաքական անկախության, իսկ հայ ազգին` մատնել անտերության: Ժամանակակից հայոց պետականությունը, որը հիմնադրվեց 1988 թվականի զարթոնք ապրած ազգային-ազատագրական շարժման շնորհիվ, և որի հիմնական կարգախոսն էր` ՄԻԱՑՈՒՄ, չկարողացավ արձանագրել կարևոր ձեռքբերում` առաջնային ազգահավաք և հողահավաքի ձգտում: Հայ ազգի քաղաքական հայտի ներկայացումը` մասամբ Արևելահայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում մայր Արաքսի այս ափից, դաշտային Արցախի, Ուտիքի ու Նախիջևանի ազատագրում և հայ ազգի երկուհատվածների` պատմական հայրենիքում և հայրենիքից դուրս ապրող, քաղաքական միավորումը բաց թողնվեց: Հայ ազգի քաղաքական հայտի ներկայացման ձախողման հիմնական պատճառը կրկին դավաճանությունն է և դրամամոլությունը, և իհարկե հայ ազգի քաղաքական հմտության կորուստը: Ինչպես Հովանես-Սմբատ թուլակամ և ռազմական գործից անտեղյակ արքայի ու դրամամոլ կաթողիկոս Պետրոս Գետադարձի ժամանակ, այնպես էլ այսօր, հայ ազգի անունից հանդես եկողները և՛ դավաճան են, և՛ փողամոլ: Բյուզանդիայի արշավանքից ահաբեկված՝ այն ժամանակվա դավաճան և թուլամորթ Հովաննես-Սմբատ արքան, իր բանագնաց Պետրոս Գետադարձի միջոցով համաձայնվում է բոլոր պայմաններին` կնքում է պայմանագիր, ըստ որի, իր մահից հետո Անին իր շրջակայքով ժառանգություն է մնալու Բյուզանդիային, միայն թե իր գահակալության ժամանակ հեռու մնա պատերազմից և չկորցնի գահ: Անիի թագավորության անկումից հետո, այս էլ արդեն քանի դար, չենք կարողանում լիարժեք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը: Այսօրվա դավաճանները և դրամամոլները, հայ ազգի անունից հանդես գալով, թշնամու հետ ձեռք են բերում նույն դավաճանական պայմանավորվածությունները, որի հիմքում ընկած է գահ և դրամ ունենալու երաշխիքը: Քառորդ դար բռնակալական (կառավարվող ժողովրդավարություն) համակարգի ներքո ապրելով, ունենք երկու քաղաքական գործադիր ինստիտուտ` Արցախի և Հայաստանի հանրապետությունների նախագահներ, ովքեր հայ ազգի շահը և պետականությունը պարտավոր են ներկայացնել նախատեսված բոլոր հարթակներում, սակայն իրականության մեջ մեր ազգային շահը բացարձակ անտեսևված է և ի շահս է օգտագործվում դավաճանների և դրամամոլների կողմից: Իբրև ապացույց վերը նշվածի՝ ներկայացնեմ մի քանի կարևոր փաստեր:

Այսպես`
• Ապրիլի 24, 2015 թվական: Հայաստանի Հանրապետություն, Երևան,
Ծիծեռնակաբերդ, Ռուսասատանի Դաշնության, Ֆրանսիայի
Հանարապետության և Հայաստանի Հանրապետության նախագահների կողքին
բացակա էր Արցախի Հանարապետության նախագահը:
• Ապրիլի 1, 2016 թվական: Արցախի Հանրապետությունը ենթարկվում է թշնամու
հարձակմանը: Չկա թիկունք` Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես
չի հայատարարում զինվորական մոբիլիզացիայի և հրաման չի արձակում
պաշտպանական գործողություններ ձեռնակելու մասին:
• Ապրիլի 2, 2016 թվական: Արցախի Հանարապետության զինված ուժերը և հայ
ազգի զավակներն ինքնուրույն` ինքնակազմակերպման միջոցով, ոչ
ժամանակակից զինտեխնիկայի գործածմամբ, իրականացնում են Արցախի
պաշտպանությունը` կանխում են թշնամու մուտքը Արցախի
Հանրապետության խորք: Երբ սկսում են ազատագրել թշնամու կողմից
գրավված բարձրունքները, թիկունքը` Հայաստանի Հանարապետությունը,
հրամայում է կասեցնել ազատագրումը:
• Ապրիլի 4, 2016 թվական: Թիկունքը` Հայաստանի Հանրապետությունը,
համաձայնվում է թշնամու` Ադրբեջանի հետ կնքել զինադադար:
• Սեպտեմբերի 16, 2017 թվական: Թշնամի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի
մտերիմ և ջատագով Թելման Իսմայիլովին պատկանող Մոսկավայի «Սաֆիսա»
ռեստորանում կեր ու խում, խնջույք և վայելք են անում Հայաստանի
Հանրապետության նախագահի, վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու
կաթողիկոսի կարգավիճակ ունեցող անձինք:
• Հոկտեմբերի 18, 2017 թվական: Ռուսաստանի Դաշնության բանտերից մեկում`
դաժան վերաբերմունքի հետևանքով, մահանում է արցախցի գործարար և
բարերար Լևոն Հայրապետյանը: Նրա մահը չի արժանանում Հայաստանի
Հանրապետության նախագահի և վարչապետի կողմից պաշտոնական
ցավակցության գնահատականի: Նրա թաղման արարողությանը մասնակցում է
միայն Արցախի Հանրապետության նախագահը:

Ժամանակակից հայկական պետականությունը և նրա այսպես կոչված վերնախավը, գոյատևում է` փաստացի ազգի և քաղաքական անկախության կարևոր նշանակության հիմքի առկայությամբ` Արցախի Հանրապետությամբ: Այսօրվա դավաճան և դրամամոլ վերնախավի համար ժամանակակից հայկական պետականությունը` Արցախի և Հայաստանի հանրապետությունները, նորագույն Անին է: Այդ վերնախավը կազմել է ժամանակակից հայկական պետականության կտակը և պայմանավորվել՝ այն իր մահից հետո թողնել թշնամուն: Սիրելի՛ Արցախ, նորից եկել է ժամը խախտելու լռությունը, ինչպես արեցիր ութսունականներին: Սիրելի՛ հայ ազգ, խորը գիտակցիր և ինքնակազմակերպվիր, Արցախի հետ միասին դարձիր հայոց պետականության հիմնասյունը: Մեծ հայրենազրկումից և մեծ տրոհումից ԴԵՊԻ` ՄԵԾ ՄԻԱՑՈՒՄ: Հ.Գ. Համոզված ենք, որ եթե Թելման Իսմայիլովին պատկանող ռեստորանում անց կացվեր մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հոգեհացի արարողությունը (որն իհարկե անհնար էր) դավաճան և դրամամոլ վերնախավը լայն պատվիրակությամբ կմասնակցեր:

Զարուհի Փոստանջյան «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Փաստանբան