Առուշ Առուշանյանը կշարունակի քաղաքապետ աշխատել

Առուշ Առուշանյանը կշարունակի քաղաքապետ աշխատել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի վճռով՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դատապարտվեց 1 տարի 3 ամիս ազատազրկման, բայց հաշվի առնելով Առուշանյանի մոտ 8-ամսյա կալանքը՝ վերջնական պատիժ նշանակվեց 6 ամիս 18 օր ազատազրկում։ Սակայն որոշվեց, որ ազատազրկումն էլ պայմանականորեն չի կիրառվի՝ նշանակվեց փորձաշրջան։ Այսինքն՝ դատարանը պայմանական տվեց Առուշանյանին, եւ եթե 6 ամսում նա նոր «հանցանք» չկատարի, կմնա ազատության մեջ։

Եվ ամենակարեւորը՝ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Ոմանք դատավորի այս որոշումը գրեթե հերոսություն գնահատեցին, քանի որ մեղադրողը դատարանից պահանջել էր 9 տարվա ազատազրկում՝ Առուշանյանի եւ 6 տարվա ազատազրկում՝ Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի համար։ Բայց գնալով այսպիսի համարձակ քայլի՝ մերժելով մեղադրողի պահանջը, դատավորը, այնուամենայնիվ, մի վատ բան արեց՝ որոշեց Առուշ Առուշանյանին 5 տարի ժամկետով զրկել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Նաեւ աշխատավարձի 700-ապատիկի չափով տուգանքի վճարում սահմանեց։

Սակայն մարդիկ հետաքրքրվում էին՝ կարո՞ղ է արդյոք ընտրված համայնքապետը դատարանի որոշմամբ զրկվել պաշտոնավարման իրավունքից, եւ արդյոք օրենքը հետադարձ ուժ ունի՞։ Առուշանյանի փաստաբանական թիմի ղեկավար Արմեն Մելքոնյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ թեմային, նշեց․ «Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել, բայց ասեմ մի բառով․ Առուշանյանը Գորիսի գործող քաղաքապետն է եւ կշարունակի քաղաքապետ աշխատել։ Հիմա չեմ ուզում մեր մարտավարությունը բացահայտել»։ Մենք պնդեցինք, որ փաստաբանը բացատրի իր միտքը։ Նա ասաց, որ օրենքը թույլ չի տալիս գործող քաղաքապետին զրկել պաշտոնավարելուց․ «Չեմ ուզում որեւէ հարցի պատասխան տալ։ Կտեսնենք, էլի, Առուշանյանը կաշխատի, չի աշխատի, օրենքը որն է՝ կտեսնեք»։

Քանի որ, ըստ փաստաբանի, օրենքը հնարավորություն չի տալիս դատավորին նման որոշում կայացնել, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեցինք՝ դատարանի այդ որոշումը կարո՞ղ է կարգապահականի հիմք ծառայել դատավորին պատասխանատվության ենթարկելու համար։ ԲԴԽ անդամը պատասխանեց․ «Եթե կողմը գտնում է, որ դատավորը դատավարական կամ նյութական նորմ է խախտել, որը դատական օրենսգրքի առումով կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, ապա իրավունք ունի դիմելու վարույթ հարուցող մարմիններին, նրանք արդեն կորոշեն՝ հիմք կա՞ կարգապահական վարույթ հարուցելու, թե՞ ոչ։ Եթե գտնեն, որ հիմք կա, կհարուցեն, կուղարկեն միջնորդությունը ԲԴԽ։ ԲԴԽ-ն կքննարկի, կտեսնի՝ խախտում կա՞, թե՞ չկա։ Այս քայլերից հետո ԲԴԽ-ն միայն կարող է կարծիք հայտնել, մինչեւ այդ մենք որեւէ ասելիք չունենք»։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) եւ 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։ Այս քրեական գործին միացվել էր մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ ժամանակին որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։ Առուշ Առուշանյանը կալանավորված էր 2021 թվականի հուլիսի 16-ից։

ՀԳ․ Մենք տեղեկացանք, որ 2022թ․ ապրիլի 5-ին, ժամը 14-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը, որը, ինչպես տեղեկացնում է համայնքապետարանի պաշտոնական էջը, վարելու է համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։ Գորիսից մեզ ասացին նաեւ, որ մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, Առուշ Առուշանյանը կարող է զբաղեցնել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ նրա փաստաբանական խումբը հնարավորություն ունի վճիռը բողոքարկելու վերաքննիչ եւ վճռաբեկ դատական ատյաններում, ինչը կարող է բավականին երկար տեւել, եւ այս ատյաններում կարող են վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պաշտոնավարման իրավունքից զրկելու վերաբերյալ։