Փաշինյանը սպառնաց անձնապես դաժան հակահարված հասցնել մանիպուլյատորներին

Փաշինյանը սպառնաց անձնապես դաժան հակահարված հասցնել մանիպուլյատորներին

Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն այսօր խիստ զայրացած տոնով սպառնաց բոլոր նրանց, ովքեր, իր խոսքերով, մանիպուլյացիաներ են տարածում, թե իբր կառավարության որոշման արդյունքում թանկացել է գազի գինը: Նա այդ «մանիպուլյատորներին» սպառնաց ԱԱԾ-ով՝ հանձնարարելով, որ Արթուր Վանեցյանը զբաղվի նրանցով։

«Մանիպուլյատիվ տեղեկատվություն կա, թե իբր կառավարությունն էն օրենքի նախագիծը, որ ընդունել ա, գազի թանկացումն էդ օրենքի հետ ա կապված։ Ես ուզում եմ ընդգծել, որ էդ օրենքը դեռ չի քննարկվել, նույնիսկ առաջին ընթերցմամբ չի քննարկվել Ազգային ժողովում։ Երկրորդն էլ՝ մեր փորձագիտական գնահատականներով, այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ։ Մենք էստեղ կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և էստեղ պետական մարմինների արձագանքը պետք է շատ կոշտ լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա կարծիքով, այդ մանիպուլյացիաներն անում են որոշ նախկին օլիգարխներ։ «Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան՝ անձնապես, բոլորը՝ առանց բացառության։ Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահության կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու»,- ասաց վարչապետը՝ կամաց-կամաց բարձրացնելով ձայնի տոնը։

Նա հանձնարարեց համապատասխան մարմիններին՝ գտնել և շատ խիստ պատժի ենթարկել այն տնտեսվարողներին, որոնք այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել։ «Ուրեմն, պարոն Անանյան, ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք։ Չլինի Հայաստանում գազալցակայան, որ ՀԴՄ չխփի։ Եթե պետք ա գազալցակայանները ՀԴՄ խփեն, սնանկանան, ուրեմն թող սնանկանան։ Պետության, ժողովրդի հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու»,- ասաց վարչապետը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։

Այնուհետև անդրադարձավ խոսքի ազատությանն ու մանիպուլյացիաներին՝ դիմելով արդեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։

«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է։ Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, սա արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունն էս հարցում կկարողանա ապահովել կոնկրետ արդյունքներ»,- ասաց Փաշինյանը։