Հավատացեք՝ եթե այս իշխանությունը փոխվի, մենք այդ պոտենցիալն ունենք, այդ ոգին ունենք, որ հաղթենք

Հավատացեք՝ եթե այս իշխանությունը փոխվի, մենք այդ պոտենցիալն ունենք, այդ ոգին ունենք, որ հաղթենք

2020 թվականի պատերազմի արձագանքները դեռ շարունակվում են։ Պատերազմից երկու տարի անց մարդիկ շարունակում են քննարկել, թե ինչպես պարտվեցինք, ովքեր էին մեղավոր, եւ ինչ անել, որ առաջիկայում դա չկրկնվի։ 44-օրյա պատերազմին մասնակցել է նաեւ Հայկական լեգեոնի հրամանատար Կարեն Դավթյանը։ Մենք զրուցել ենք նրա հետ։

- Շատերն ասում են, որ 44-օրյա պատերազմն ուրիշ էր, ո՞րն է տարբերությունը՝ մինչ այդ եղած պատերազմներից։

- Հավատացեք, տարբերություն պատերազմներում չես կարող դնել, ընթացքն է ցույց տալիս։ 44 օրը չորս օրվա հետ չես կարող համեմատել՝ բնական է։ Մեկ էլ այն, որ հինգ հզոր պետությունների հետ էր Ադրբեջանը համագործակցում, դա ակնհայտ էր։

- Այսինքն՝ եթե Ադրբեջանը միայնակ լիներ, չէ՞ր հաղթելու։

- Միայնակ լիներ, ու մեկ էլ մեր դավաճանները չլինեին, չէր հաղթի։ Դա արդեն ընթացքում, մեկ-երկու տարի հետո հասկացանք՝ ինչքան դավաճաններ ենք ունեցել, թիկունքից մեզ հարվածողներ, մեր մասին ինֆորմացիա տվողներ։ Ամեն ինչն էլ կապ է ունեցել։ Հավատացեք, եթե նույն ադրբեջանցին մենակ մնար․․․ համացանցում էլ տարածվեցին․ ադրբեջանական երեք գեներալներ այդ մասին իրազեկեցին, չէ՞, մի քսան օր առաջ էր սոցցանցերում։ Այդ գեներալներից մեկը պայթեց, մյուսը նստած է, մյուսն էլ փախուստի մեջ է արդեն։ Իրենք հիշատակել էին, որ Ադրբեջանը միայնակ չէր կարող հաղթել։ Եթե մեր հակաօդային պաշտպանության պատճառով, օդը բաց լինելու պատճառով, պրիմիտիվ բաներ են, եթե օդը փակ լիներ, հավատացեք, արդյունքն այլ կլիներ։ Մեր բոլոր տղաներն էլ հերոսաբար կռվել են, ինչ կախված էր զինվորից, ինչ կախված էր կամավորականներից, հավատացեք, արել են առավելագույնը։

- Բարձրագույն հրամկազմն արդյոք արդարացրե՞լ է իրեն։

- Հրամկազմի մեղավորությունն էլ կար, հրամանները ո՞նց էին տալիս՝ իրարամերժ հրամաններ կային։ Խառնաշփոթ կար՝ զգացվում էր պատերազմի օրերին։

- Այդ խառնաշփոթն արհեստակա՞ն էր հրահրված, թե՞ պահով էր պայմանավորված։

- Հավատացեք, այդ պահին չէինք զգում, բայց երկու տարի անց հասկացել ենք, որ արհեստական էր ստեղծված։

- Ովքե՞ր են գլխավոր մեղավորները։

- Հայաստանի իշխանությունները։

- Խաղաղություն կլինի՞, եթե մենք Ադրբեջանի պահանջները բավարարող պայմանագիր ստորագրենք։

- Եթե մինչեւ հիմա նույն Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, ո՞նց կարող է խաղաղություն լինել։ Նույն Մարաղայի դեպքերը, Սումգայիթը… դրանք փաստեր են, դրանք այն սերունդներն են, որ տեսել են։ Իմ ազգականներից մեկի երկու աղջկան ու մանկահասակ երեխային իր աչքի առաջ եփել են, մայրը, չդիմանալով այդ տեսարանին, Սումգայիթի իրենց բնակարանից իրեն դուրս է նետել։ Նույն ազգի հետ ո՞նց կարող ենք ապրել, իրենք քոչվոր, առանց մշակույթ են, մենք նվաճող ցեղ չենք՝ իրենց մեջ դեռ մնացել է այդ բարբարոսի, նվաճողի գենը։

- Այսօր թշնամին Հայաստանի սուվերեն տարածքում է։

- Ուսումնասիրելով Նժդեհին, Անդրանիկին՝ հասկանում ես, որ այն ժամանակ էլ է եղել անտարբերություն։ Վազգեն Սարգսյանը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ անտարբերությունն ավելի մեծ դավաճանություն է, քան դավաճանությունը։ Այս անտարբերությունը մեր ազգին, չգիտեմ, բնորոշ է դարձել, թե ինչ։ Ու սա իշխանությունների՝ նախկին-ներկայի հետ չի կապված, մարդիկ այսօր անտարբեր են։ Եթե Հայաստանում շատ մարդիկ ասում էին՝ Ղարաբաղը տանք, ու վերջ, այսօր Հայաստանի սահմաններից ներս են թշնամիները, ես, կամավորական ջոկատի հրամանատար լինելով, սահմանին նույն տղաներին եմ տեսնում։ Նույն տղաներին, ովքեր 90-ականներին են եղել, նույն ջոկատների հրամանատարներին, նույն մարդիկ են անընդհատ։ Արցախ-Հայաստան տարբերություն դնողները… եթե տարբերություն կար Արցախ-Հայաստանի մեջ, ապա սա Հայաստանն է, բա ինչի՞ չեք ձեր Հայաստանը պահում։ Եթե դու՝ չէ, ո՞վ պիտի պահի հայրենիքը, հույսդ ո՞ւմ վրա ես դրել։ Եթե չես կարողանում պատերազմել, Ազգ-Բանակ դառնալով կկարողանաս հաղթել։ Եթե դիրքերում չես կարող լինել՝ այնքան բան կա, որով կարող ես օգտակար լինել բանակին, բանակի կողքը լինելու։

- Ասում են` բանակը կոտրված է, հոգեբանորեն փշրված է, չի կարող դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին։

- Բանակը կոտրում-փշրում են, բանակը չի կարող կոտրվել-փշրվել։ Այն ոգին, որ կա զինվորների ու սպայական կազմի մեջ, դա միշտ էլ լինելու է անկոտրում։ Հավատացեք, եթե այս իշխանությունը փոխվի, մենք այդ պոտենցիալն ունենք, այդ ոգին ունենք ու այսօր պատրաստակամ ենք բոլոր տղաների հետ, ովքեր կանգնած են սահմանին, պատրաստ են իրենց արյան գնով մինչեւ վերջ պայքարել ու նորից հասնել վերջնական հաղթանակին։ Ուղղակի այդ ֆոնն իրենք են գցում՝ մեր բանակը ջարդված ու կոտրված է, իրենք կոտրում են՝ մեր բանակը ջարդված չէ։ Նույն հմուտ գեներալներին հանելով, օրինակ՝ Խաչատուրովին, եթե իրեն հանում ես, ուրեմն իր փոխարեն պետք է բերես իրենից արհեստավարժ ու փորձառու գեներալի, հրամանատարի։ Այսինքն՝ սա ինչ-որ մեխանիզմ է, որով ուզում են ինչ-որ խաղաղության օրակարգի տակ Հայաստանն էլ հանձնեն, կապիտուլացնեն։ Ինչ վերաբերում է բանակին՝ մեր բանակը շատ հզոր է, էդ նույն տղերքը կան, իրենք այսօր գործող չեն, բայց երբ իշխանությունը փոխվի, այդ նույն տղերքը կհայտնվեն իրենց տեղերում, ու լրիվ ուրիշ ձեւ կլինի։

- Վերջերս տեղեկություններ են հասնում մեզ, որ մեր զինծառայողները վախենում են պատասխանել թշնամու կրակոցներին, դուրս գալ նրանց դեմ մարտի։

- Այո, նման դեպքեր կան, բայց տեսեք, մեր զինվորն ուժ է ստանում, երբ տեսնում է, որ ազգն իր հետ է։ Մի քանի օր առաջ եմ լսել, որ դիրք բարձրացող կամավորականները, ովքեր չնչին գումար են ստանում, նրանց հատկացվող գումարն էլ են կրճատում, որ դրանով նույնիսկ տան վարձ չեն կարող տալ։ Բայց կապ չունի, դա գումարի համար չի՝ դա մեր հայրենիքն է, մեր տունն է։ Մենք զինվորին մենակ չենք թողնի, զինվորը մեր ախպերն է, մեր հող ու ջուրն է, մեր ծառ ու թուփն է, մեր էրեխեն է։ Պատկերացրեք, զինվորներն ու նույն կամավորականները, որ այսօր Հայաստանի ու Արցախի սահմաններում են, երբ խոսում ես իրենց հետ, զգում ես, որ ոչ ոք չի կոտրվել։ Պարզապես սա դաս եղավ, հասկացանք շատ բաներ, փուչ մասերը տեսանք, լավ կողմերն էլ տեսանք՝ լավն ու վատն էլ ենք հասկանում, ու թե ինչ կարելի է անել։ Այստեղ մի բան կա միայն, որ պետք է համախմբվի ազգը, ու այս ազգին պառակտած իշխանությունները պետք է հեռանան։ Խնդիրը մեր միասնության մեջ է։

- Նշեցիք, որ 2 տարի անց շատ բաներ սկսեցիք հասկանալ ու տեսնել, որոնք պատերազմական գործողություններին մասնակցելուց չէիք նկատում։

- Նախ այն, որ Արցախի իշխանություններն անընդհատ շեշտում էին, որ մեր օդը փակ է, պարզվեց, որ մեր զինվորը, որը կարող էր գործել միայն փակ օդի պայմաններում, մարտական գործողությունների ժամանակ է երեւում, որ բայրաքթարներն ու F 16-ները ոնց կարող են ամեն րոպե մտնել ու հրետակոծել՝ ընդհուպ մինչեւ Ստեփանակերտ, ու այստեղ հասկանում ես, որ ինչ-որ մի բան այն չի։ Ու այն, որ հենց առաջին օրը մեր հակաօդայինի ու հրետանիների կոորդինատները տված էին, եւ միանգամից ոչնչացվել են։ Այդպես չէր կարող լինել առանց դավաճանության, իրենք մեր կոորդինատները չունենային, չէին կարողանա խոցել։ Իսկ մեր թիկունքն ո՞վ է ապահովում` հրետանին, հենց առաջին օրը թշնամին ինտենսիվորեն սկսել էր ոչնչացնել, մի քանի օրվա մեջ՝ դավաճանական սխեմա է գործել։

- Այսինքն՝ ծրագրված պարտությու՞ն է եղել։

- Այո, ծրագրված է եղել, իհարկե։ Ակնհայտ երեւում էր, արդեն պատերազմի վերջին օրերին ակնհայտ էր։

- Թշնամին Հայաստանի խորքում է, ակտիվ ինժեներական-ամրաշինական աշխատանքներ են տանում։ Հաջորդող լայնածավալ պատերազմական գործողություններ կլինե՞ն։

- Պատկերացրեք, լինելու են։ Այս աշխարհաքաղաքական խաղերի ֆոնին Ադրբեջանն ուզում է հասցնել  իր կտորը պոկել, օրինակ՝ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները վատացնելով։ Այստեղ ամենաշատը Թուրքիան էր ուզում ունենալ միջանցքը, Թուրքիան օգնեց Ադրբեջանին, որ Արցախը վերցնի, իսկ փոխարենը Ադրբեջանը պետք է օգնի Թուրքիային՝ վերցնել միջանցքը՝ Օսմանյան կայսրությունը վերակերտելու համար։ Հիմա Թուրքիան ստիպում է Ադրբեջանին՝ արագացնել գործողությունները, ամեն ինչ պարզ երեւում է: Իսկ Ադրբեջանը, շուտ թե ուշ, դա անելու է։ Կարծես երեկ էր, որ Ալիեւը Շուշիում նորից այդ մասին հայտարարեց, որ իրենք ուժով վերցնելու են, որովհետեւ իրենց ուզածին դեռ չեն հասել։ Որ Հայաստանի լավագույն ռազմավարական դիրքերը վերցրել են, պատրաստ են նորից հարվածել։ Մարդն ինքն իր բերանով ասում է՝ դրանից ի՞նչ եզրակացության կարող ենք հանգել։

- Դա նշանակում է, որ պատերազմ լինելու է, այո՞։

- Այո, իհարկե, պատերազմները երբեք էլ չեն վերջանում։ Իսկ հիմա որ խաղաղության քողի տակ ուզում են Հայաստանը կապիտուլացնել, դա ակնհայտ երեւում է։

- Ռեւանշ լինելո՞ւ է։

- Իհարկե։ Երբեմն սոցցանցերում ադրբեջանցիների հետ եմ շփվում, առաջինը ես իրենց  ամոթանք եմ տալիս, որ իրենք նշում են, թե իբր հաղթել են պատերազմում, խորհուրդ եմ տալիս կողքից նայել։ Մի փոքրիկ Արցախ, իր երկարությամբ ճակատ եւ հինգ պետություն` դրան գումարած, ես անձամբ եմ մի քանի հոգու սատկացրել՝ Սիրիայից եկած տեռորիստների, Իսրայել, Ուկրաինա, Պակիստան, Թուրքիա, ասում եմ իրենց՝ դուք չե՞ք ամաչում խոսել հաղթանակի մասին այսքանից հետո, դա ամոթ էլ է, որ հայտարարում եք, որ  Ադրբեջանը հաղթել է։ Ադրբեջանցիները գիտեն հայի ուժը, իրենք իրենց էլ գիտեն լավ, իրենք իրենց լավ ճանաչելով, մեզ էլ լավ ճանաչելով, շատ լավ են գիտակցում, որ առանց այդ հինգ պետությունների աջակցության չէին կարող Արցախը գրավել ու առանց մեր դավաճանների` թիկունքից մեզ հարվածող տականք հայերի։