«Հրապարակ». Իսկ մարզերի ավագանու անդամներին ո՞վ պետք է մանդատից զրկի

«Հրապարակ». Իսկ մարզերի ավագանու անդամներին ո՞վ պետք է մանդատից զրկի

Փետրվարի 7-ին՝ Երեւանի ավագանու արտահերթ նիստով ՔՊ-ն ավագանու կազմից հեռացրեց ընդդիմադիր 3 անդամների՝ պատճառաբանելով, թե չեն մասնակցել նիստերի կեսից ավելիին։ ՔՊ-ականներն իրար հերթ չտալով հայտարարում էին, որ այդ որոշման մեջ չկա քաղաքական ենթատեքստ, ընդամենը աշխատանքային պրոցես է, սակայն ուսումնասիրելով տարբեր համայնքներում իշխանական ՔՊ խմբակցության ավագանու անդամների հաճախելիությունները նիստերին՝ հասկանալի է դառնում, որ սա պարզ քաղաքական հաշվեհարդար է` իշխանություններն ընդամենը ցանկանում էին հեռացնել ընդդիմախոսներին։ Եվ դա արեցին Երեւանի ավագանու ձեւավորումից ընդամենը մի քանի ամիս անց: Իսկ մարզային ՏԻՄ-երում ավագանու անդամները տարիներով նիստերի չեն հաճախում:

Օրինակ, Ջերմուկ համայնքում ավագանու ՔՊ-ական անդամներ Ժիրայր Բաբայանը եւ համայնքապետ Վահագն Արսենյանը 28 նիստից բացակայել են 13 անգամ։ Մյուս համայնքներում, որտեղ իշխանություն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, եւս կան բազմաթիվ բացակայություն ունեցող ավագանու անդամներ։ Թալին խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամներ Բաբկեն Պողոսյանը եւ Սեւակ Սիմոնյանը 20 կայացած նիստից բացակայել են 7-ական անգամ։

Արթիկ խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամներ Հայկ Գեւորգյանը 34 նիստից 30-ից բացակայել է, Գոռ Պետրոսյանը՝ 19-ից, Գայանե Սալնազարյանը՝ 21։ Հայկ Գեւորգյանը, ի դեպ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կնոջ եղբայրն է։

Նմանօրինակ պատկեր տիրում է գրեթե բոլոր համայնքներում, սակայն իշխանությունները քաղաքական կամք չեն դրսեւորում՝ հեռացնելու սեփական թիմակիցներին, որոնք բացահայտորեն չեն կատարում իրենց պարտականությունները եւ անհարգելի բացականեր ունեն։

Վեդի խոշորացված համայնքում համայնքապետ Գարիկ Սարգսյանի օրոք 28 նիստ է տեղի ունեցել, ըստ համայնքապետարանի պաշտոնական կայքի՝ ավագանու ՔՊ-ական անդամ Ռաֆայել Հակոբյանը, ով նաեւ համայնքի ղեկավարի տեղակալն է, 22 անգամ բացակայել է նիստերից։ Մեզ հետ զրույցում Ռաֆայել Հակոբյանը վստահեցրեց, որ ինքը նիստերից չի բացակայել, իսկ 22 թիվը, որը նրա անվան դիմաց գրանցված է որպես բացակայություն, ծրագրային խնդրի հետեւանք է։

Մասիս խոշորացված համայնքում, որտեղ ՔՊ-ն չունի մեծամասնություն, բացակայությունների առումով ավագանու անդամները չեն զիջում այլ համայնքներին։ ՔՊ-ական Մելիք Նազարյանը 34 նիստից բացակայել է 30 անգամ։ Մասիսի համայնքապետարանից փորձեցինք ճշտել, թե երբեւէ ավագանու այս անդամին մանդատից զրկելու հարց բարձրացվե՞լ է, համայնքապետարանի մամուլի խոսնակը պատասխանեց, որ նման հարց երբեւէ չեն քննարկել։ Նշենք, որ Մասիսի համայնքապետն ընդդիմադիր հայացքներ ունեցող Դավիթ Համբարձումյանն է, ով համայնքապետ է ընտրվել «Դավիթ Համբարձումյան» դաշինքով եւ կարող էր ընդդիմադիր ավագանու դեմ նման քայլեր ձեռնարկել։