Իսկ ինչո՞ւ դատի չտալ Սաֆարյանին

Իսկ ինչո՞ւ դատի չտալ Սաֆարյանին

«Չգիտեմ ինչի, բայց կարծում եմ, որ Ստյոպա Սաֆարյանը ներողություն է խնդրելու Անժելա Էլիբեգովայից: Որովհետև` էդպես ճիշտ կլինի»,- գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի մի գրառմանը, որով վերջինս վիրավորանքներ է հասցրել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային, թիրախավորել վերջինս սեռը և անվայելուչ արտահայտություններ թույլ տվել ոլորտի լավագույն մասնագետներից մեկի հասցեին:

Անշուշտ, Նաիրա Զոհրաբյանն այս դեպքում չափից ավելի մեծահոգի է, եթե կարծում է, որ Ստյոպա Սաֆարյանը կարող է գլուխն ազատել մի ներողություն խնդրելով, որը, վստահաբար, Սաֆարյանի պարագայում լինելու է կեղծ և երեսպաշտական: Բանն այն է, որ Սաֆարյանը գիտակցել է իր արարքի ողջ այլանդակությունը, իսկ հետո հրճվել այդ գրառման տակ հայտնված հայհոյախառն արձագանքներից, ինչը խոսում է զուտ պատահականության արդյունքում Հանրային խորհրդի նախագահի աթոռին հայտնված մարդու այլասերվածության, այդ պաշտոնի արժեքը չգիտակցելու և այն իր պիղծ էությունը հասարակությանը պարտադրելու բուռն ցանկության մասին:

Ստյոպա Սաֆարյանից պահանջել,որ ներողություն խնդրի Անժելա Էլիբեկովայից, նշանակում է՝ նրան հնարավորություն տալ մարսելու մնացած այլանդակությունները, որ նա իրեն թույլ է տվել թե որպես պաշտոնյա և թե որպես «հեղափոխության» կողմն անցած մի ոչնչություն, որին հանձնարարվել է վարկաբեկել բոլոր նորմալ մարդկանց:

Ես անձնապես ծանոթ չեմ Անժելա Էլիբեգովայի հետ, բայց փոխարենը ճանաչում եմ Ստյոպա Սաֆարյանին: Նա մի ուրիշ ֆրուկտ է, և այդ ծառը ես տեսել եմ: Նրան միայն կարելի է դատի տալ, ինչը միանգամայն հնարավոր է. եթե Անժելան դիմի դատարան, և կամ ՀՀ անճարակ իշխանությունները «ջաններին ջափա» տան ու բարեհաճեն կարդալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որ Ստյոպա Սաֆարյանի վայրահաչոցների իսկական գնահատականն է: Հավատացեք, Սաֆարյան Ստյոպային կարելի է միայն դատի տալ և հեռացնել պաշտոնից, որի արժեքը նա այդպես էլ չգիտակցեց: