Ատեստավորման ծրագրի հանրային քննարկումներ

Ատեստավորման ծրագրի հանրային քննարկումներ

Նախօրեին մենք գրել էինք, որ ուսուցիչները մտահոգված են կամավոր ատեստավորման ծրագրի հետ կապված, որը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերից։ Ըստ այդմ, այն մանկավարժները, որոնք հաջողությամբ կանցնեն այդ բարդ ատեստավորումը, կստանան 30-50 տոկոսով բարձրացված աշխատավարձ: Այս մասին վստահեցրել էր հենց նախարար Ա․ Հարությունյանը։ Սակայն մանկավարժների մտահոգությունն այն է, թե ինչպես է անցկացվելու ատեստավորման գործընթացը՝ թե՞ստ է լինելու, թե՞ ուսուցչին են քննելու, ովքե՞ր են լինելու վերապատրաստողները, ո՞ր կառույցն է այդ աշխատանքները համակարգելու եւ ի՞նչ սկզբունքով, սեպտեմբերից մեկնարկող ծրագիրը հեռավա՞ր է անցկացվելու, թե՞ ոչ։

Այս հարցերն ուղղեցինք նաեւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին, ով մեզ տեղեկացրեց, որ այժմ քննարկումների փուլում են․ «Կամավոր ատեստավորումը լինելու է, հիմա ծրագրի վրա ենք աշխատում, իսկ այդ մանրամասները լրացուցիչ կհայտարարենք»։ Թե մոտավորապես երբ պարզ կլինեն ծրագրի հետ կապված մանրամասները, Ա․ Արշակյանը դժվարացավ ժամկետներ նշել․ «Այն դեռ հանրային քննարկումներ պետք է անցնի, շրջանառվի գերատեսչություններով»։ Ինչ վերաբերում նրան՝ հեռավար է անցկացվելու, թե՝ ոչ, ապա․ «Ձեւերն ու մեթոդները կհրապարակենք»։