Իսրայելը պետք է երազի հայկական գերժամանակակից զենքեր ունենալու մասին. Նիկոլ Փաշինյան-2016 թ.

Իսրայելը պետք է երազի հայկական գերժամանակակից զենքեր ունենալու մասին. Նիկոլ Փաշինյան-2016 թ.

2016 թվականի հունիսի 9-ին Ազգային ժողովը քննարկել է 2015թ. պետական բյուջեի կատարողականը, որի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը` քննադատելով կառավարությանը, որ այդ փաստաթղթում չկա «ռազմավարություն, ռազմավարական պատկերացում, թե մենք ինչպիսին ենք ուզում տեսնել, դարձնել մեր տնտեսությունը, ի՞նչ պետք է լինի մեր տնտեսությունը, ի՞նչ պետք է ներկայացնի իրենից»։

Այսօրվա աչքով երբ կարդում ես այդ ելույթը, հասկանում ես, թե ինչ հետեւողական աշխատանք է տարել Փաշինյանը` ընդդեմ իշխանությունների եւ ինչպես է ամենափոքր խնդիրն անգամ նկատել, ուռճացրել, պարսավանքների ենթարկել իշխանություններին եւ ինչ համբերատարությամբ ու հանդուրժողականութամբ են ՀՀԿ-ի պատգամավորները, կառավարության անդամները, վարչապետն ու ԱԺ նախագահը լսել նրան, ինչ հարգանքով են վերաբերվել նրա ելույթներին եւ ինչքան շատ բան կունենար ասելու, ինչպես կգամեր անարգանքի սյունին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ամենաուշագրավը ռազմական արդյունաբերությանը, սպառազինվելուն, պետության հզորացման մասին պարբերություններն են: Նա, փաստորեն, իշխանության գալով, ճիշտ հակառակն արեց:

Ընդամենը կարդանք այդ ելույթից մի կտոր.

«2015թ. Հայաստանի խղճուկ 3 տոկոսանոց աճի 70 %-ն ապահովվել է գյուղատնտեսության հաշվին, գյուղատնտեսության աճն էլ, կառավարության խոստովանությամբ, մեծապես պայմանավորված է բնակլիմայական բարենպաստ պայմաններով, այսինքն՝ եթե 2015թ. երկու հատ կարկուտ ավելի գար, երկու անձրեւ պակաս, մեր երկրի 3 տոկոսանոց տնտեսական աճը 50 %-ով կկրճատվեր: Եվ, ուրեմն, գիտելիքահենք տնտեսություն հիմնելու երկարամյա խոստումներից հետո ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի առաջնորդությամբ, Հայաստանում ստեղծել են պոմիդորահեն տնտեսություն։ Գյուղատնտեսության դերը, քավ լիցի, որեւէ մեկը չի կարող թերագնահատել, գյուղտնտեսությունն ու պարենային անվտանգությունը դուրս են ընդհանրապես քննարկումից, բայց արդյոք մենք կարո՞ղ ենք ունենալ ագրարային տիպի երկիր, նույնիսկ ամենաարտահանելի ծիրանով ու պոմիդորով։ Քառօրյա պատերազմը տվեց այս հարցի պատասխանը՝ այսպիսի Հայաստանը՝ ագրարային նրբերանգներով կամ բաղադրիչներով Հայաստանը շանս չունի գոյատեւելու այս տարածաշրջանում, որովհետեւ արեւելքում, արեւմուտքում, հյուսիսում ու հարավում կան երկրներ, որոնք ատամները սրած սպասում են, թե երբ պետք է գա Հայաստանը խժռելու պահը որպես բանջարեղենամրգային դեսերտ:
Մենք պետք է ջարդենք մեր դեմ սրված այդ ատամները, եւ սա ոչ թե քմահաճույքի կամ լոպազության, այլ լինել-չլինելու հարց է: Այստեղից էլ բխում է մեր տնտեսության կառուցվածքի ու բովանդակության մասին հարցի պատասխանը՝ Հայաստանի տնտեսության դեմքն ու ողնաշարը պետք է լինեն ոչ թե պոմիդորն ու ծիրանը, այլ ինդուստրիալ հիմքերի վրա դրված բարձր տեխնոլոգիական ռազմաարդյունաբերական համալիրը, որովհետեւ պոմիդորով թշնամու ագրեսիայի առաջը չես առնի: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանության ղեկին պետք է լինեն ոչ թե մարդիկ, որոնց ուշքն ու միտքը պոմիդորի միջազգային գներն են ու հոծ գիծ տրորողներին հանուն ընտանեկան բարեկեցության քերթելը, այլ նրանք, ովքեր Հայաստանը տեսնում են որպես բարձր տեխնոլոգիական ինդուստրիալ երկիր:

Հայաստանում իշխանության ղեկին պետք է լինեն ոչ թե մարդիկ, ովքեր երազում են, որ Հայաստանում էլ իսրայելական կամ նորագույն այլ զենք լինի, այլ մարդիկ, ովքեր գիտեն, ովքեր երկիրը վստահաբար տանում են դեպի այն հանգրվան, երբ Իսրայելն ու աշխարհի այլ երկրներն էին երազում հայկական գերժամանակակից զենքեր ունենալու եւ ձեռք բերելու մասին, ոչ թե հակառակը։
Եվ ընդհանրապես Հայաստանի քաղաքական ու մտավորական էլիտան պետք է մաքրազատել բոլոր այն մարդկանցից, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հայ ժողովրդին թույլի, անօգնականի, անապագայի բարդույթի, որեւէ ուրիշ երկրի հավերժ կցորդի բարդույթի մեջ պահելու համար։ 

...Հայաստանը պետք է դառնա սեփական սպառազինությունների թիվ մեկ մատակարարը, եւ այդ սպառազինությունները պետք է լինեն բարձր տեխնոլոգիական, ճշգրիտ եւ գերժամանակակից: Սա հեշտ չէ, բայց սա մի ճանապարհ է, որը հաջողությամբ հաղթահարելը մեր պարտքն է, մեր պատմության, մեր ժողովրդի, մեր հիշատակների, մեր սերունդների առաջ։ Եվ այս դժվար ճանապարհը հաղթահարելու համար մենք պետք է մտածենք հետեւյալ կերպ, տրամադրվենք հետեւյալին՝ Հայաստանը փառապանծ պատմություն ունի, բայց Հայաստանի փառքի գագաթնակետը ոչ թե անցյալում է, այլ ապագայում։ 

...Մենք պետք է շենացնենք ՀՀ-ն, մենք պետք է ուժեղացնենք ՀՀ-ն եւ ՀՀ-ի թշնամիները պետք է ծնկի գան...»: