Պակիստանի ԳՇ պետն Արցախում «տարած հաղթանակի առթիվ» շնորհավորել է Զաքիր Հասանովին

Պակիստանի ԳՇ պետն Արցախում «տարած հաղթանակի առթիվ» շնորհավորել է Զաքիր Հասանովին

Հունիսի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Պակիստան զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվայի գլխավորած պատվիրակությանը։

Գրել է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ տեղեկացել պաշտպանության նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև աճող բարեկամության և փոխվստահության, ինչպես նաև ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների և ռազմավարական գործընկերության կապակցությամբ: Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները», - գրել է ադրբեջանական լրատվամիջոցը։

Նշենք, որ Պակիստանի Իսլամական Հանրապետությունը Արցախյան հակամարտության հարցում մշտապես աջակցում է Ադրբեջանին ու չի ճանաչում Հայաստանը որպես պետություն։

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որ «Հայրենական [նկատի ունի Արցախյան պատերազմը] պատերազմն ավարտվել է Ադրբեջանի բանակի փառահեղ հաղթանակով, և մեր հողերը ազատագրվել են օկուպացիայից»:

Զաքիր Հասանովը Քամար Ջավեդ Բաջվային մանրամասն տեղեկություններ է հաղորդել «Ադրբեջանի բանակի կողմից իրականացված հաջող ռազմական գործողությունների և այս պատերազմում ձեռք բերված մարտական փորձի մասին»:

Իր հերթին, Պակիստանի բանակի շտաբի պետը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին «Հայրենական պատերազմում տարած հաղթանակի և երկրի տարածքային ամբողջականությունն ապահովելու առթիվ»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գեներալ Քամար Ջավեդ Բաջվան ասել է, որ «պակիստանցի մասնագետները պատրաստ են ներգրավվել ազատագրված [Արցախի օկուպացված] տարածքներն ականներից ու չպայթած զինամթերքից մաքրելու գործընթացում»: Պակիստանցի գեներալը նշել է նաև, որ «երկու երկրների ռազմական համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու լայն ներուժ կա»:

Ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «լեռնային ուսումնական կենտրոնների համատեղ օգտագործման, ռազմական անձնակազմի լեռնային մարզումների, ինչպես նաև համատեղ վարժանքներ անցկացնելու վերաբերյալ»: