Նիկոլ Փաշինյանին հայհոյողներն ու քննադատողները պետք է նստեն

Նիկոլ Փաշինյանին հայհոյողներն ու քննադատողները պետք է նստեն

Նիկոլ Փաշինյանն «պողպատե մանդատը», բնականաբար կիրառելու է իր հակառակորդներին ճնշելու, քրեական հետապնդումներ սկսելու, կալանքի միջնորդություններ հրահանգավորելու համար։ Եթե «թավիշի» ժամանակ էր երկրում իրավական բեսպրեդել տիրում, կարող ենք պատկերացնել, թե վերընտրվելուց հետո ինչ կամայականությունների ու իրավական ամենաթողության ենք ականատես լինելու։ Վերջին օրերին արդեն դրա ծաղիկները կային։

Հարգված բժշկին, պրոֆեսորին, Բժշկական կլինիկայի տնօրենին ձերբակալում են եւ կարծես թե մտադրություն ունեն քրեական գործընթացը շարունակել, քանզի իշխանությունների հավերժ սպասարկու Տիգրան Մուկուչյանի ԿԸՀ-ն պատգամավորության կարգավիճակ ունեցող անձի՝ Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվություն է տվել, նրան զրկել անձեռնմխելիությունից։

Այս օրերին ընդդիմության տարածքային շտաբների ներկայացուցիչներին են բերման ենթարկել, ձերբակալել ու կալանավորել։ Քիչ առաջ էլ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, թե քվեարկության ժամանակ մի քաղաքացի փորձել է քվեաթերթիկ հանել, կանխվել է՝ «բերման ենթարկված քաղաքացին հայտարարել է, որ քվեաթերթիկը վերցրել է իր հետ, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս»: Եւ այս անձի ցումունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել ոչ միայն քաղաքացուն, այլեւ շտաբի պետին եւ միջնորդություններ են ուղարկվել դատարան՝ կալանավորելու համար։ Այսինքն՝ ոչ քննություն է պետք, ոչ ապացույցներ հավաքել, ոչ դատարանի դատավճիռ՝ միանգամից կալանք։ Սա պողպատե մանդատի շրջանակներում է եւ ընդդիմությանը պատժելու միտումով։

Հաջորդը՝ ձերբակալել են «Մանախ» մականվամբ Արթուր Այվազյանին, որի մեղքն այն է, որ հունիսի 9-ին ֆեյսբուքում ուղիղ եթեր է մտել եւ «անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի՝ մասնավորապես օրեր առաջ ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և այն անձանց հասցեներին, ովքեր 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարած կուսակցության օգտին»։ Եւ վարչապետի հասցեին հայհոյանք հնչեցնելը բավական է եղել, որ նրան ձերբակալեն։ Իսկ հետաքրքիր է՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ մի շարքային քաղաքացու հասցեին հայհոյանքներ հնչեցնողներին ե՞ւս պատրաստվում են կալանավորել։ Նրան խուլիգանության հոդված է առաջադրվել, որը թեթեւ հոդված է եւ պատժվում է ընդամենը տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այսինքն, այս հոդվածով մեղադրանքի դեպքում կալանավորելը օրենքի կոպիտ խախտում է՝ ոչ համաչափ կիրառված միջոց։
Հիշեցնենք, որ նա կալանավայրում հացադուլ է հայտարարել։

Բայց սրանք դեռ ծաղիկներն են՝ մուրճը ձեռքին մարզերով շրջող եւ հոխորտացող Նիկոլ Փաշինյանը, 53 տոկոս ստանալով, դառնալու է անվերահսկելի եւ վտանգավոր։ Մեր հասարակության մի հատվածը, որը վրեժի ու արյան ծարավ ունի, դեռ շատ նման դրսեւորումների ականատես կլինի։ Այդ մուրճը մի օր բոլորիդ գլխին է իջնելու՝ մի սպասեք, որ մանախներով ու ընդդիմության ներկայացուցիչներով կբավարարվեն։