Մոսկվա-Թեհրան-Բաքու նոր համագործակցություն

Մոսկվա-Թեհրան-Բաքու նոր համագործակցություն

Մինչ Հայաստանում զբաղված են ներքաղաքական խմորումներով, կամ Աննա Հակոբյանի ստատուսներն են քննարկում կամ՝ Ռուբեն Վարդանյանի նշանակումը Արցախի պետնախարարի պաշտոնում, իսկ մեզ համար կենսական ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված կարճատես եւ իրականության հետ աղերս չունեցող կանխատեսումներ են անում, տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք, շարունակում է փոփոխվել օրըստօրե, ըստ նոր՝ «բազմաբեւեռ աշխարհի» կանոնների։ Հետաքրքրական նորույթը այդ առումով Ռուսաստանի կողմից Իրանին եւ Ադրբեջանին տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում ներկայացրած վերջին առաջարկությունն է։

Ըստ այդ առաջարկության, Մոսկվան Թեհրանին եւ Բաքվին առաջարկում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի համար ստեղծել միասնական լոգիստիկ օպերատոր, ըստ «ОТЛК ЕРА»-ի օրինակի / «Եվրասիական երկաթուղային ալյանս» միացյալ տրանսպորտային-լոգիստիկ ընկերություն/, որ հավասար համասեփականատիրության իրավունքով միավորում է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի երկաթուղիները։ Սակայն ի տարբերություն այդ նախագծի, որտեղ առկա է զարգացած երկաթուղային տրանսպորտային ցանց եւ հարակից ենթակառուցվածքներ, այստեղ երկաթուղային ցանցն ու հարակից ենթակառուցվածքներն այնքան էլ զարգացած չեն, ավելին՝ կան տեղամասեր, որտեղ երկաթուղին նույնիսկ ընդհատումներ ունի, պարզապես երկաթգիծ չկա դեռ կառուցված։

Այս առումով, ըստ մասնագետների, առավել հուսալի վիճակում է ռուս-ադրբեջանական հաղորդակցության տեղամասը, քան իրանա-ադրբեջանական հաղորդակցության տեղամասը։ Բացի դրանից, ըստ ռուս մասնագետների, այս առումով Ռուսաստանին ազատ գործելու հնարավորությունից զրկում է Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։ Ընդհանուր տրամաբանությունը լիովին հասկանալի է, Ռուսաստանից Անդրկովկասով դեպի Իրան, իսկ այնտեղից էլ դեպի Հնդկաստան եւ այլ երկրներ ուղղվող երկաթուղու համար ունենալ միասնական կառավարող մարմին, որը կապահովի միջանցիկ եւ բարձրորակ լոգիստիկ ծառայություններ։ Կարելի է կանխատեսել, որ այս նախագիծը կյանքի կկոչվի, քանի որ, ըստ ՌԴ Տրանսպորտի նախարար Վալենտին Իվանովի, առաջիկայում նախատեսվում է համաձայնագիր կնքել Ադրբեջանի եւ Իրանի հետ՝ լոգիստիկ ծառայությունների կազմակերպման համար։ Սա ինչ խոսք, դեպի ապագան նայող նոր հնարավորություններ է ռեգիոնի համար, սակայն վատ է այն, որ այս ամենից Հայաստանը կարծես թե դուրս է մնում ու անհասկանալի է, պատերազմի արհավիրքներից հետո վերականգնման սուր խնդիր ունեցող Հայաստանը կներառվի՞ արդյոք նման նախագծերում երբեւէ, թե ոչ։