Ալիևն արդեն արցախցիներին համարում է Ադրբեջանի քաղաքացիներ եւ խոստանում է… 

Ալիևն արդեն արցախցիներին համարում է Ադրբեջանի քաղաքացիներ եւ խոստանում է… 

Օրերս Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ նրանք նույնպես շուտով կհասկանան, որ որպես Ադրբեջանի քաղաքացիներ կստանան բոլոր իրավունքներն ու ազատությունները, և նրանց անվտանգությունը կապահովվի»։ Նա հավելել է նաեւ, որ ղարաբաղցի հայերից դրական ազդակներ են ստացվում, և առաջնային շփումներն արդեն սկսվել են։

«Ղարաբաղի հայերը «ադրբեջանական պետության շրջանակներում կարող են զարգանալ տնտեսապես, իրենց ավելի ապահով և հարմարավետ զգալ։ Սակայն, առաջին հերթին, պետք է հրաժարվել անջատողական տրամադրություններից և ընդունել իրողությունները; Ղարաբաղի հայերը պետք է վերջ դնեն թշնամությանը, մեկուսացնեն անջատողականներին, և նրանք կտեսնեն դրա օգուտը»,-  հույս է հայտնել  նա։ Ալիևը նաև տեղեկացրել է, որ մոտ ապագայում հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կվերադառնան Քալբաջար, Լաչին, Շուշա, Աղդամ, և հայերը պետք է ապրեն նրանց հետ «հարեւանության մթնոլորտում»։

Թե Արցախից կոնկրետ ու՞մ կողմից է Ալիեւը ստացել դրական ազդակներ, հստակ չէ: Գուցե սա տեղեկատվական սադրանք է, որպեսզի մոլորեցնի եւ հուսահատեցնի արցախյան հասարակությանը, քանի որ դժվար է պատկերացնել, որ պատմական տարբեր ժամանակաշրջաններում ադրբեջանցիների կողմից ցեղասպանության տեսած արցախցիները կարող են հավատալ ու հաշտվել նրանց հետ ապրելու մտքի հետ: Սակայն, Արցախից եւ մասնավորապես՝ Արցախի նախագահի կողմից այս հայտարարություններին պաշտոնական մակարդակով չարձագանքելը, տարբեր հետեւությունների տեղիք է տալիս…

Հաճախ է շրջանառվում այն թեզը, թե մայրաքաղաքում ծավալվող ակցիաներին հիմնականում արցախցիներն են մասնակցում, որոնց բերել են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները: Իհարկե, սա ճիշտ չէ: Բայց ցուցարարների մեջ, այո, շատ կան նաեւ արցախցիներ, ովքեր պայքարում են իրենց տան, իրենց հայրենիքի համար: Այս մարդիկ հասկանում են, որ Արցախի ճակատագիրը վճռվում է Հայաստանում եւ Երեւանում է բյուրեղացված այն ուժը, որը պայքարում է Արցախի հետագա գոյության համար: Այս մարդիկ հիմանականում Հադրութից, Շուշիից, եւ նոյեմբերի 9-ի ստորագրությամբ Ադրբեջանին տված Արցախի տարբեր համայնքների բնակիչներն են, ովքեր հայրենազրկվել ու տնազրկվել են ապիկար իշխանությունների ձեռամբ: Ուստի նրանց պայքարի դուրս գալը ոչ միայն արդարացված է, այլեւ անհրաժեշտ: Արցախցները չեն կարող հաշտվել Ադրբեջանի քաղաքացի լինելու փաստի հետ, ինչպես հույս է հայտնում Ալիեւը: