«Հրապարակ»․ Ստացվում է՝ չես հասկանում, թե ում ես ներկայացնում դեսպանի պաշտոնին

«Հրապարակ»․ Ստացվում է՝ չես հասկանում, թե ում ես ներկայացնում դեսպանի պաշտոնին

Մամուլը գրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը մերժել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու ագրեմանը՝ հրավեր ուղարկելը։ Թեպետ Արսենյանը հերքում է այդ տեղեկությունը, սակայն, ըստ ամենայնի, դա իրականություն է: Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում նման դեպք ընդամենը մեկ անգամ է եղել․ դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ Վրաստանը մերժել էր Հայաստանի դեսպանի թեկնածուին` Սերգեյ Մինասյանին ագրեման տրամադրել: Թեմայի շուրջ մենք մի քանի հարց ուղղեցինք երկարամյա դեսպան, ՄԱԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին:

- Ագրեմանը մերժելու կարծես թե մի դեպք է եղել տարիներ առաջ` Վրաստանի իշխանությունների կողմից: Հիմա խոսվում է, որ Գուրգեն Արսենյանի ագրեմանն է Ռուսաստանը մերժել, Դուք այլ դեպքեր հիշո՞ւմ եք, եւ ի՞նչ է նշանակում այն փաստը, երբ ագրեման են մերժում:

- Մասնավոր դեպքերին անդրադառնալ չեմ ցանկանում, դա այնքան էլ ճիշտ չէ: Տվյալ երկիրը, եթե նպատակահարմար է գտնում այդպես, ապա պարտավոր չէ բացատրություն տալ: Կարգն ու ավանդույթն այդպիսին են: Չեն ցանկանում, ասում են` չէ, մեզ դուր չի գալիս, մենք նպատակահարմար չենք գտնում: Իհարկե, դա շատ տհաճ եւ ծանր երեւույթ է` ներկայացնող երկրի համար: Այսինքն` ստացվում է՝ չես հասկանում, թե ում ես ներկայացնում: Դա արտառոց դեպք է` «չեպե»: Հիմա չեմ ցանկանում անուններ տալ, ըստ էության, դա կարեւոր էլ չէ: Առհասարակ, ագրեման տալու պրոցեսը բավականին գաղտնի է: Եթե իքս անձի գործերն ուղարկում են իգրեկ երկիր, այս մասին ոչ ոք չի իմանում, բացառությամբ ուղարկող երկրից եւ ուղարկողից: Անգամ թեկնածուն այդ մասին չի խոսում նման դեպքերում: Եթե ես եմ թեկնածուն, օրինակ, ես չեմ կարող մտնել «բազարների» մեջ եւ կյանքս պատմել, դրա համար պետք է դիմել արտաքին գործերի նախարարություն: Թեկնածուն չպետք է նման հարցերի մեջ ներգրավվի:

- Ասում եք՝ ագրեման չտալը «չեպե» է: Ի՞նչ նկատի ունեք, եւ ի՞նչ ազդեցություն կարող է թողնել այդ պրոցեսը երկու պետությունների հարաբերությունների վրա:

- Գուցե ոչ մի ազդեցություն էլ չունենա, դա կախված է երկու երկրների հարաբերություններից: Եթե երկրները դաշնակից են, ինչպես մարդկային հարաբերություններում՝ ընկերները, ապա կարող են սխալը ներել, սակայն եթե հարաբերությունները վատ են, լարված են, ու այդ ամենի ֆոնին նման սխալ է արվում, դա մթնոլորտն էլ ավելի է վատթարացնում: Տվյալ երկիրն արդեն սկսում է մտածել, որ դու առաջարկում ես մի բան, որն ինքը չի ցանկանում:

- Իսկ ագրեման չտալն ինչո՞վ է պայմանավորված լինում հիմնականում:

- Տեսականորեն, շատ տարբեր կարող են պատճառները լինել, ընդհանրական պատասխաններ տալը բարդ է: Ենթադրենք՝ ես քաղաքական գործիչ եմ կամ էլ ակադեմիայում եմ աշխատում եւ իմ աշխատանքային գործունեության ընթացքում բացասական հոդվածներ եմ գրել իքս երկրի մասին: Հետո գալիս է մի շրջան, որ ինձ այդ երկրում ցանկանում են դեսպան նշանակել: Ի՞նչ արձագանք կստանամ: Կամ՝ գուցե գնացել եմ տվյալ երկիր եւ հանցագործություն եմ կատարել, տվյալներս արձանագրվել են, եւ որոշ ժամանակ անց վերադարձել եմ, ու իմ երկրի կառավարությունն ինձ ցանկանում է նշանակել տվյալ երկրում դեսպան: Ի՞նչ տեղի կունենա: Այնպես որ, որոշողը տվյալ երկիրն է, մեծ հաշվով: Փաստաթղթեր են տրամադրվում, կատարվում է ուսումնասիրություն, հասկանում են` ով է անձը, ինչ կրթություն ունի, որտեղ է աշխատել, հետաքրքրվում են եւ համապարփակ ձեւով փորձում են հասկանալ, թե ով է այդ մարդը: Ֆեդերալ երկրներում մի քիչ այլ է: Ֆեդերալ կառավարությունը պարտավոր է իր բոլոր նահանգներից համաձայնություն ստանալ: Այսինքն` դեսպանի նշանակման համար բոլոր նահանգները պետք է համաձայնություն տան: Գուցե դա բավականին ձեւական բնույթ է կրում, այնուամենայնիվ, ֆեդերալ երկրներում կարգն այդպիսին է: Նորից շեշտեմ․ բացատրություն պարտավոր չէ տալ տվյալ երկիրը, որը մերժում է ագրեման տրամադրել: Օրինակ, Վրաստանի հետ մեր հարաբերությունները չեն փոխվել՝ նոր դեսպան նշանակվեց, դրանով աշխարհը շուռ չեկավ: Այնպես որ, ամեն բան կախված է նրանից, թե ինչ տեսակի հարաբերություններ ունես տվյալ երկրի հետ:

- Ճի՞շտ եմ հասկանում՝ մարդու քաղաքական հայացքները մեծապես ազդեցություն ունեն դեսպան նշանակվելու գործում:

- Կարող է նաեւ այդպես լինել: Եթե ես, օրինակ, եվրոպական երկրում դեսպան եմ, Հայաստան-Եվրոպա հարաբերություններին մասնակից եմ դառնում, դա չի նշանակում, որ Մոսկվայում կարող եմ անցանկալի անձ համարվել: Բայց եթե Ռուսաստանի հասցեին բացասական գնահատականներ եմ տվել, դա այլ հարց է եւ կարող է այլ ազդեցություն ունենալ: Այնպես որ՝ խնդիր չէ, երբ փորձում ես Արեւմուտքի հետ ինչ-որ հարցեր լուծել, խնդիր է, երբ երրորդ կողմին քննադատում ես եւ բացասական գնահատականներ տալիս: Դա նշանակում է երկկողմ օրակարգից դուրս գալ եւ միջամտել այլ երկրի հարցերին: