Գորիսեցիներով Ֆրանսիայի հրապարակում

Գորիսեցիներով Ֆրանսիայի հրապարակում

Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրված՝ տարբեր շրջաններից եկած մարդկանց համար։ Գնացի հայրենակիցներիս՝ գորիսեցիներին տեսնելու։ Մի փոքրիկ անկյուն էր, աշխարհից կտրված։ Նստած էին վրանի առաջ՝ իրենց մտքերով։ 20 տարուց ավելի է՝ Գորիսից դուրս եմ եկել ու ինձ թվում էր՝ երեկ եմ դուրս եկել։ Դեռ չմոտեցած, ճանաչեցին ինձ, պարզվեց արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից են։ Հիշեցինք նախկին պատերազմը։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մի օրով Երևան էի եկել։ Գորիսում հրետակոծություն, գնդակոծություն՝ Երևանն այնպես խաղաղ, ասես պատերազմ չկար։ Մի տեսակ նեղվեցի։ Բայց մտածեցի, դե երևի պատերազմը իրենցից հեռու է, հանգիստ են։ Այսօր նույն զգացողությունն այդ մարդկանց մոտ է։ Ասում էին, կրակը մեր դռանն է մոտենում, մարդիկ դժվար են զարթնում։ Մեզ որ թողնեին, մեր ուժերով մեր սահման մտնողների հարցերը կլուծեինք։ Դժվար բան է, երբ տունդ վառվում է, ասում են՝ մի հանգցրու, թող այդպես մնա։