Ալիեւն արդեն սպառնու՞մ է Պուտինին

Ալիեւն արդեն սպառնու՞մ է Պուտինին

ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևի մի հայտարարությունը՝ արված այսօր առավոտյան, պարզվում է՝ խիստ վիրավորել է ադրբեջանական իշխանություններին:  Գեներալը Ուկրաինա հասցված հումանիտար մատակարարումների և իրականացված մարդասիրական գործողությունների մասին զեկուցելիս, ասել է, որ Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչների համար «50 տոննա պարենամթերք է առաքվել Սիրիայից, իսկ 14 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ Լեռնային Ղարաբաղից»: 

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն այս հայտարարությունը որակում է որպես սադրիչ:  Ժամեր անց «վիրավորված» գերատեսչությունը հայտարարություն տարածեց, որում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից « Լեռնային Ղարաբաղ » տերմինի օգտագործումը Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում անընդունելի է։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում « Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա ։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Միաժամանակ այս դիրքորոշումը հաստատվել է երկու երկրների միջեւ ստորագրված համապատասխան փաստաթղթերում։ Հակառակ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունները և ավելի վաղ այս անվան տակ նշանակում էին Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ»:

Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծում է նաեւ, որ նման հայտարարությունները կարող են վնասել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին և հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության գերատեսչությանը կոչ է անում դադարեցնել «Ադրբեջանում բացակայող վարչատարածքային միավորների»  անվան տակ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հիշատակելու պրակտիկան։

Ուշագրավ է, որ այս հայտարարություններին զուգահեռ իրավիճակը այսօր սրված էր Արցախում եւ Հայաստանի սահմաններին. ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ: Ադրբեջանական կողմից կրակոցներ են եղել նաեւ Արարատի մարզի Երասխի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի մեկ զոհ, մեկ վիրավոր: 

Ակնհայտորեն, ադրբեջանական կողմը սադրանքների է գնում եւ առճակատման հող է նախապատրաստում՝ իրեն եւ ավագ եղբոր՝ Թուրքիային բնորոշ ձեռագրով. երբ որեւէ տեղ Ռուսաստանի գլուխը խառն է լինում ռազմական գործողությունների մեջ, այս երկրները լարվածության օջախ են ստեղծում մեկ այլ տեղ: Ադրբեջանական կողմը անթաքույց  նշում է այդ տեղի հասցեն՝ «Ադրբեջանի այն տարածքները, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսկան զորքերը»…

Ճիշտ է այս հայտարարությունն արվել է ոչ թե Ալիեւի շուրթերով, այլ ՊՆ-ի, սակայն գաղտնիք չէ, որ այն արվել է նախագահ Ալիեւի անմիջական հրահանգով: Այնպես, ինչպես ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավարի հայտարարությունը առանց ՌԴ նախագահի իմացության եւ հավանության չի արվել: