Ժամանակն այլևս չի սպասում

Ժամանակն այլևս չի սպասում

Եթե նախկինում Նիկոլի ու նրա իշխանության նկատմամբ ունեցածս բացասական վերաբերմունքը չէր տարածվում ընդդիմության վրա, ապա այս հոդվածում որոշել եմ խախտել իմ ձևավորված ավանդույթը, որովհետև Արցախի, և ոչ միայն Արցախի հարցում հասնում ենք այն շրջափուլին, որից հետո ետդարձ չի լինելու: Եվ խորհրդարանական ընդդիմության, որպես ինստիտուտի, անգործությունը կարող է ճակատագրական դառնալ մեր պետության համար: Կարծում եմ, որ հասկանալի է, թե ինչու հենց խորհրդարանական ընդդիմության: Որովհետև հենց այդ դաշինքները վերցրին Նիկոլին իշխանությունից հեռացնելու պայքարի դրոշը: 

Սկսենք, բնականաբար, ՀՀ վարչապետի պաշտոնին արդեն վեցերորդ տարին գտնվող Նիկոլով: Այն անձով, ով իրեն երևակայում է «հայաստանյան ժողովրդավարության հիմնադիր»: Եվ ում թվում է, թե ինքը կարող է արևմտյան երկրների ղեկավարության վրա «վաճառել», այսպես կոչված, ժողովրդավարության բրենդը: Ու զարմանում է, որ իր այդ գեղցի «շուստրիությունը» նրանց շրջանում չի անցնում: Պատճառն այն է, որ ինքը չի գիտակցում, որ ժողովրդավարությունն այնպիսի «ապրանք» է, որ հանուն սեփական շահերի սպասարկման կարող են վաճառել միայն հզորները, բայց ոչ Հայաստանի նման մանր պետությունները, այն էլ հզորներին: Եվ այն էլ ոչ թե իրական, այլ կեղծ ժողովրդավարությունը: Ու այդ պատճառով էլ իրենք թքած ունեն ժողովրդավարություն կոչված երևույթի՝ «մեյդին Արմինիա» (made in Armenia) տարբերակի վրա: Ու որպեսզի ինքը վեր-վեր չթռչի՝ ժամանակ առ ժամանակ սառը ջուր են լցնում, օրինակ, դատական համակարգն ամբողջությամբ իրեն ենթարկեցնելու ջանքերի վրա: Բայց քանի որ ինքը հայտնի է բանահյուսության մեջ հաճախակի արծարծվող կենդանու հատկանիշով (այդ կենդանու հետ իջևանցի երիտասարդի Երևան գալը` վկա), շարունակում է երկիրը գլորել անդունդ: Բազմաթիվ անգամ եմ հիշել և այս անգամ էլ վերհիշենք վերջինիս տխմար դատողությունը՝ «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Որը դարձել է նրա հավատո հանգանակը՝ չնայած դրա ձևակերպումից 10 օր անց սկսված պատերազմում մեր խայտառակ պարտությանը: Որին հետևելով՝ արձանագրում է պարտություն պարտության հետևից: Ջհանդամը, եթե դա լիներ անձնական պարտություն: Բայց նրա պարտությունը մեր ժողովրդի պարտությունն է: 

Նիկոլը չի հանգստանա, մինչև ամբողջովին չկործանի երկիրը: Սա աքսիոմ է, որ ձևակերպվել է կյանքի փորձով ու ապացուցման կարիք չունի: Ու որպեսզի դա տեղի չունենա՝ Նիկոլը պետք է հեռացվի վարչապետի պաշտոնից: Այդ բարդ խնդրի իրագործումն էլ պարտադրանքի ուժով դրված է խորհրդարանական ընդդիմության վրա: Որովհետև ավելի քան 2 տարի առաջ հենց «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներն ինքնակամ իրենց վրա վերցրին այդ պարտավորությունը, ինչը կատարել այդպես էլ չեն կարողանում: Ինչն, իր հերթին, նշանակում է, որ նրանք պետք է վայր դնեն այն մանդատները, որ 2021 թվականի ստացան Հայաստանը Փաշինյան Նիկոլից ազատելու նպատակով: Որովհետև եթե մենք ասում ենք, որ Նիկոլն իշխանություն չի ստացել Արցախը թշնամուն հանձնելու նպատակով, ապա ընդդիմությունն էլ մանդատ չի ստացել դա թույլ տալու նպատակով: 

Միշտ խուսափել եմ ընդդիմությանը քննադատելուց, սակայն մենք հասել ենք այնպիսի հանգրվանի, որ կարող է մնանք առանց պետականության: Եվ մի բան էլ՝ որքան էլ գնահատեմ Քոչարյանի օրոք և նրա շնորհիվ հայաստանյան տնտեսական բումը, չեմ կարող նաև չհիշել այն ողջ «բեսպրեդելը», որ հաստատվել էր նրա օրոք ու նրա շնորհիվ: Բայց ես ու բազմաթիվ ինձ նման անձինք ձայն տվեցինք «Հայաստան» դաշինքին, որպեսզի Նիկոլը հեռացվի վարչապետի պաշտոնից: Եվ ես չէի ցանկանա, որպեսզի գործող իշխանության նկատմամբ իմ և ինձ նմանների վերաբերմունքը տարածվի նաեւ խորհրդարանական ընդդիմության վրա: