Նախկինները «ղալաթ» էին արել 

Նախկինները «ղալաթ» էին արել 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունը ճռնչալով, սակայն գնում էր ժողովրդարության հաստատման ճանապարհով: Ժողովրդարական արժեքներին հավատարմության առումով կատարվում էր մեկ քայլ առաջ, երեք քառորդը՝ կողքի: Որովհետև երկրում տեղի էին ունենում նաև այնպիսի զարգացումներ, որոնք հակասության մեջ էին մտնում այդ ընթացքի հետ: Այնուամենայնիվ, այն առաջընթաց էր՝ թեկուզև զիգզագանման ընթացքով: Դրանք, ի վերջո, հանգեցրին Սերժ մերժելուն: Բայց պետք է Սերժի փոխարեն վարչապետ կարգեինք Նիկոլին, որպեսզի գնահատեինք մերժված Սերժին: 

Սերժը խո՞սք էր տվել ու դրժե՞լ էր այն: Բայց դա կատարվել էր ընդամենը մեկ անգամ: Իսկ ինչքա՞ն է Նիկոլը խոսք տվել ու դրժել այն. համացանցը պայթում է նման բազմաթիվ օրինակներից: Սերժի օրոք ընտրակաշա՞ռք էր բաժանվում առանձին անհատների կողմից: Նիկոլի օրոք, սոցիալական օգնության անվան տակ, դա կատարվում է պետականորեն՝ համայնքային կամ պետական բյուջից: Բայց եթե Նիկոլի իշխանությանն ընդդիմադիր համայնքապետերն են համարձակվում նման օգնություն բաժանել՝ քրեական գործը պատրաստ  է: Եվ նրանք հայտնվում են կալանավայրերում: Սերժի օրոք դեռևս ընտրություն էր կեղծվո՞ւմ:

Նիկոլի օրոք, խնդրեմ, Վանաձորի օրինակը (2021 թվականի խորհրդարանականի մասին չեմ խոսում՝ նիկոլական ՍԴ-ն այն համարեց ժողովրդավարության բոլոր կանոններին համապատասխան): Իսկ Վանաձորում հենց ընդդիմադիր գործիչը շահեց ընտրությունը՝ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց, ու մինչև այժմ կալանավայրում է: Իսկ մինչ այդ ինքը, չգիտես ինչու, դուրս էր գործ հարուցողների տեսադաշտից:
Սերժի օրոք ընդդիմադիր շարժումնե՞ր էին ոստիկանական ուժերով ճնշվում:

Նույնն այսօր է՝ շատ ավելի դաժան ու անմարդկային: Սերժի օրոք երիտասարդ հանրապետականնե՞րն էին փորձում ձեռք առնել ընդդիմադիր գործիչներին: Նույնն այսօր է, և ձեռառնոցիի հետ մեկտեղ քպկականները չեն զլանում նաև սպառնալիքներ հնչեցնել ընդդիմադիրների հասցեին: ԱԱԾ-ի ու ոստիկանության ուշադրությունը հրավիրել մանր-մունր կամ նույնիսկ հնարովի զանցանքների առումով: Բայց կան նաև այնպիսի երևույթներ, որ Սերժի օրոք տաբու տակ էին: Օրինակ՝ բանակի նկատմամբ բացասական վերաբերմունք առաջացնելը: Դրանով, ի դեպ, զբաղվում էր միայն ընդդիմությունը, որն այսօր իշխանություն է: Այսօր, սակայն, տաբուն հանված է, և բանակը սևացնելու ջանքերը համատարած են: Պատճառն ինքնին հասկանալի է՝ պատերազմի պարտության մեղքը Նիկոլի վրայից հանելն ու բանակի վրա գցելը: Ինչը դրսևորվում է հարուցված քրեական գործերի առատությամբ: Բանակի հեղինակությունը գցելու հերթական ձևն են գտել շարժման օրերին. ընդդիմադիր ակտիվիստներին չեզոքացնելու սպառնալիքը եռամսյա հավաքների միջոցով: Այդ գաղափարի հեղինակ նիկոլական «ուսապարկն», ի դեպ, ժամանակին զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Ի՞նչ ասես, մարդն այդպես է ընկալում քաղաքացու՝ հայրենիքին ծառայելու պարտականության էությունը:  

Բայց իր կողմից մերժված Սերժի իրավունքները «վերականգնելու» որակական քայլը պաշտոն ունեցող անձին վիրավորանք հասցնելը քրեականացնելու երևույթն է: Այն, ինչ Արևմուտքի պահանջով վերացվել էր Սերժի օրոք, կրկին վերականգնվել է Նիկոլի «ժողովրդավարության բաստիոնում»: Դրա ընդունումից անցել է ընդամենն ինն ամիս, սակայն քրգործերի քանակը երևի կանցնի 900-ից՝ եթե արդեն չի անցել: Արևմտյան ժողովրդավարությանն տեսակետից նորմալ երևույթները մեզանում բնութագրվում են որպես ծանր վիրավորանք և պատժի արժանանում: Դրանցից է, օրինակ, երկրի ղեկավարի դեմքով դիմակ կրելը: Անվայել պահվածքի դրսևորում և ծանր վիրավորանք է նաև նիկոլական «ուսապարկերի» նկարներով փողոցում ուսապարկեր մանածելը: Ենթադրում եմ, որ եվոպական չինովնիկի կարծիքով «ժողովրդավարության փայլուն աստղ» համարվող երկիրը պետք է աչքի ընկնի նման երևույթների առումով քրեական գործերի հարուցման առատությամբ: 

Ասվածը չի նշանակում, թե հայաստանյան «ժողովրդավարությունն» աչքի է ընկնում միայն ձեռառնոցի երևույթների քրեկանացմամբ: Այդ առումով կան ավելի լուրջ երևույթներ: Օրինակ՝   Սիսիանի անցակետում ձերբակալվում է անանուն քաղաքացի, որն իբրև թե փորձել է զենք-զինամթերք տեղափոխել Հայաստան։ Բնականաբար, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու նպատակով: Այլապես ինչո՞ւ էր պետք զենք տեղափոխել Հայաստան: Թե որքանով է այս տեղեկատվությունն իրական՝ կբացահայտվի իշխանափոխությունից հետո: Բայց լավ ճանաչելով մեր իրականությունը՝ կարելի է, չէ՞, ենթադրել, որ այդ գործը կարող է պլանավորված լինել ձերբակալող գերատեսչության առանձնասենյակներում: Հետո գտնել մեկին և նրան քավության նոխազ սարքելով՝ բեմականացնել պլանավորվածը: Այդ ենթադրությունն է ծագում՝ երբ ծանոթանում ես արմավիրցի երկու բնակիչների հեռախոսային խոսակցության վերաբերյալ քրեական գործին:

Խոսքը վճարի դիմաց հանրահավաքի տանելու երևույթի մասին է: Այն ծագել է այն ժամանակ, երբ գործող իշխանությունը հեռացել է ժողովրդական զանգվածներից: Եվ ստիպված է եղել վճարի դիմաց կամ աշխատանքը կորցնելու սպառնալիքի ներքո հանրահավաքի տանել մարդկանց: Հազվադեպ, բայց նման բան կարող էր անել նաև ընդդիմությունը: Բայց ես չեմ հիշում որևէ դեպք, երբ հենց վճարի դիմաց հանրահավաքի տանելը դառնար քրեական գործի հարուցման հիմք: Ենթադրում եմ, որ գաղափարը զուտ «նիկոլիզմի» ծնունդ է և ինքնին հետաքրքիր: Անցնենք կոնկրետ գործին. երկու անձի հեռախոսային խոսակցությունից պարզվում է, որ մեկը մյուսին առաջարկում է մասնակցել երևանյան բողոքներին համապատասխան վճարի դիմաց: Բավականին մեծ նկարագրությունից պարզ չի դառնում, թե ինչպես է պարզվում այդ հանգամանքը: Բայց կարծում եմ, որ որևէ մեկն անծանոթ համարին կամ ոչ մոտիկ անձի չէր զանգի և նման առաջարկ անի, որպեսզի վերջինս էլ հայտներ ոստիկանությանը: Հետևաբար, ենթադրում եմ, որ քրգործի սցենարը գրվել է կամ քպկական միջավայրում և կամ ոստիկանությունում, իսկ հետո այն բեմադրվել է: Հիմքն այն է, որ փողոցում նախկիններն են, իսկ նրանք հարուստ են՝ կարող ին նման բան անել: Որքան հիշում եմ, Նիկոլի օրոք նման սցենարներ կյանքի կոչվեցին նաև ընտրությունների ժամանակ: 

Ինչպես ասվում է, մեր օրերում քննչական կառույցներում քիթ սրբելու ժամանակ չունեն: Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո քննիչները պակաս զբաղված չեն լինելու, քան են այսօր: Եվ եթե այսօր հօգուտ Նիկոլին են աշխատում, ապա իշխանափոխությունից հետո աշխատելու են ընդդեմ Նիկոլի և նրա աչքի ընկած «ուսապարկերի»: Այնպես որ, որքան ավելի է ճոճվում աթոռը Նիկոլի տակ, այնքան ավելի հետաքրքիր են դառնում այն կասեցնելուն կոչված բեմադրությունները: Միաժամանակ, չի մոռացվում ապատեղեկատվություն տարածելու պրակտիկան: Այս հարցում, պետք է խոստովանեմ, Նիկոլին և նրա ուսապարկերին հասնող չի լինի. մարդիկ մաստեր-կլաս են ցուցադրում: Բայց այդ ամենը նպատակին չի հասնում, ավելին՝ նպաստում է բողոքի ծավալմանը: Եվ ոստիկանական դաժանությունների և քրեական գործերի աճն էլ բացահայտում է շարժման հզորացումը: Եվ մնում է թեթև ժպտալ (կամ հրհռալ՝ ում ինչպես հարմար է) «ուսապարկային» այն մեկնաբանությունների առումով, թե իբրև շարժումը «մաշվել է և գնալով ավելի սակավաթիվ է դառնում»: Սակայն որքան բազմաթիվ են դառնում նման մեկնաբանությունները, ուրեմն այնքան մոտենում է Փաշինյան Նիկոլին վարչապետի պաշտոնից հեռացնելու պահը: