ՍԴ-ի մասով օրենքը չի խախտվել, բայց տրամաբանություն խախտվել է

ՍԴ-ի մասով օրենքը չի խախտվել, բայց տրամաբանություն խախտվել է

Արդարադատության նախարարությունը մշակել է դատավորների բարեվարքության կանոնների նախագիծ, որը նույն վեթթինգի նախագիծն է՝ այլ անվանմամբ։ Թեպետ գաղափարը նույնն է։ Սա նախագծերի մի փաթեթ է, որտեղ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ դատական օրենսգրքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Հանրային ծառայության մասին», «Սահմանադրական դատարանի մասին», «Բանկային գաղտնիքի մասին» եւ մի շարք այլ օրենքներում։

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը վեթթինգի ջատագովն ու այս գաղափարն ԱԺ-ում հիմնական առաջ տանողն է, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ վեթթինգի եւ իրենց առաջարկած բարեվարքության կանոնների սահմանման միջեւ տարբերություն, ըստ էության, չկա։ «Տարբերությունը միայն այն է, որ բարեվարքության գնահատման էն մոդելը, որը մենք ենք առաջարկում, ինքն անընդհատ գործող մեխանիզմ է։ Մենք այն ներդնում ենք օրենքի մեջ, որպեսզի ոչ միայն դատավորները, դատախազները, քննիչները, այլեւ հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձինք այս մեխանիզմով անընդհատ ե՛ւ հայտարարագրեր ներկայացնեն պաշտոնի անցնելիս, ե՛ւ պարտավորված լինեն տեղեկատվություն ներկայացնել»,- ասաց տիկին Վարդապետյանը։

- Այսինքն՝ այլեւս վեթթինգի չե՞ն ենթարկվի։

- Վեթթինգի ենթարկելը՝ տեսեք, երբ որ մենք խոսում ենք առանձին երկրներում իրականացված դրա մասնավոր դրսեւորումների մասին, դա մեկանգամյա իրականացված գործողություն է։ Այսինքն՝ մեկ անգամ ինչ-որ մի մարմին, որը կոնկրետ ստեղծվել է այդ նպատակի համար, իրականացրել է ստուգում՝ հայտարարագրման մեխանիզմների հետ կապված, էթիկայի հետ կապված, մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված, եւ այդ մեկ անգամով դադարեցրել է իր գործունեությունը։ Մոդելը, որը մենք ենք առաջարկում, դա համակարգային փոփոխություններն են, որոնք վերաբերում են հայտարարագրմանը։ Էս պահին արդեն կան, վերաբերում են դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերին, հստակեցրել ենք առիթը, որ եթե անձի հիմնարար իրավունքի խախտման մասին տեղեկատվություն կլինի, եւ մարմինը, որը պետք է իրականացնի բարեվարքության գնահատում, էլի այն սահմանադրական մարմինն է, որը կոչված է ապահովելու անկախությունը։

- Հիմա այն դատավորները, որոնք նախկինում, ենթադրաբար, կոռուպցիոն գործարքների մեջ են թաթախված եղել, ոմանք գուցե, ինչպես վարչապետը կասեր, սրա-նրա դռներին «վնգստալով» են այդ գումարները ձեռք բերել, այդ դատավորների եկամուտները որեւէ կերպ լյուստրացիայի ենթարկվելո՞ւ են։

- Վերհանվելու է տեղեկատվությունը հենց իմ նշած մեխանիզմով։ Հայտարարագրման ինստիտուտի էս մեր առաջարկած կարգավորումներով, երբ որ համալիր, ամբողջական հայտարարագրում է տեղի ունենալու ե՛ւ ծախսերի, ե՛ւ եկամուտների մասով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որն իրավունք ունի համալիր ստուգում իրականացնելու այս առումով եւ պահանջելու լրացուցիչ տեղեկատվություն հանրային պաշտոն զբաղեցնող անձից, այդ թվում՝ դատավորից, իր գույքի վերաբերյալ, եւ նա պարտավոր է ներկայացնել այդ տեղեկատվությունը։ Եվ սա այդ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը վեր հանելու ամենագործուն մեխանիզմն է՝ մեր կարծիքով, եւ բանկային գաղտնիքի հասանելիությունը, որը շատ կարեւոր է։

- Մի պարզ օրինակ․ եթե իքս դատավորը ստանում է ամսական 1 մլն դրամ աշխատավարձ, բայց նրա հայտարարագրում ներկայացված է 50 մլն դրամ գումար, դա կարո՞ղ է կասկած հարուցել, որ ստուգվեն այդ միջոցների օրինականությունը։

- Դատավորը պարտավոր է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնել այդ գույքի ծագման վերաբերյալ տվյալներ, եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, եթե կասկածներ կունենա օրինականության մասով, ընդհուպ մինչեւ քրգործ հարուցելու նպատակով նյութերը դատախազություն ուղարկելու նպատակ ունի։

- Այս փաթեթում ամենախնդրահարույց կետերից մեկը թերեւս Սահմանադրական դատարանի անդամներին առնչվող՝ վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու հատվածն էր, որը որակվեց որպես «շանտաժի» եւ «կաշառքի» նախագիծ։

- Ես համաձայն չեմ նման ծայրահեղ եւ ոչ կոռեկտ ձեւակերպման հետ, քանի որ վաղաժամ կենսաթոշակի ինստիտուտը գործում է ոչ միայն մեր երկրում, այլեւ շատ երկրներում՝ եվրոպական առաջադեմ երկրներում եւ զարգացող երկրներում։ Երկու մոդել կա վաղաժամ կենսաթոշակի՝ հարկադրական թոշակը եւ կամավոր։ Հարկադրական թոշակի մոդելից մենք ձեռնպահ ենք մնացել։ Իսկ այն մոդելը, որն առաջարկում ենք մենք, գործում է տարբեր երկրներում, օրինակ՝ Ավստրիայում, Վրաստանում է ժամանակին կիրառվել։ Սա առանց հարկադրանքի առաջարկ է դատավորին՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու՝ մտքում ունենալով այն հանգամանքը, որ պաշտոնի նշանակվելիս դատավորն ուներ ողջամիտ ակնկալիք՝ մինչեւ որոշակի տարիք պաշտոնավարելու։ Եվ հիմնավորումը, որ դնում ենք այս կարգավորման տրամաբանության տակ, այն է, որ Սահմանադրական դատարանը չի ձեւավորվել այն սկզբունքով, որը դրված է Սահմանադրության մեջ։ Եթե հիշում եք սահմանադրական բարեփոխումների քննարկումները, հիմնական ինստիտուտը հենց դատարանների նախագահների այդ հեգեմոն դերի վերացումն էր եւ ժամանակավոր գործունեություն դարձնելը։ Մինչ այդ նախագահներն ընտրվում էին անժամկետ։ Մինչդեռ նույն ՍԴ-ն ինքը ձեւավորվեց այս ընդհանուր տրամաբանությանը հակառակ։ Այսինքն՝ հիմա ՍԴ-ն Սահմանադրության ոչ թե օրդինար դրույթներով է ձեւավորվել, այլ անցումային դրույթով։

- Ամեն դեպքում, դրա տակ ակնհայտ քաղաքական ենթատեքստ է նկատվում, որ իշխանությունները փորձում են ձերբազատվել ՍԴ գործող կազմից, բացի Վահե Գրիգորյանից, իհարկե։

- Անձերից վերանալով՝ նորից եմ ասում, որ դատավորների ընտրության մեխանիզմի մասին ենք մենք խոսում։ Եթե դատարանը չի ձեւավորվել էն տրամաբանությամբ, որը դրված է Սահմանադրության մեջ, մենք պարտավոր ենք վերականգնել հավասարակշռությունն այս տեսանկյունից։

- Տրամաբանությունը՝ մի կողմ․ այս ՍԴ-ի ձեւավորմամբ օրենք խախտվե՞լ է, թե՞ ոչ։

- Եթե անցումային դրույթով նույն Սահմանադրությամբ նշվում է, մենք էստեղ ուղիղ օրենսդրական խախտման մասին խոսել չենք կարող։

- Այդ դեպքում խնդիրը ո՞րն է, եթե օրենք չի խախտվել։

- Խնդիրը հենց օրենսդրության տրամաբանության խախտումն է։ Տեսեք․ մենք կարող ենք մի հրաշալի կարգավորում ունենալ մայր օրենքում եւ այդ ընդհանուր տրամաբանությունից բացառություն եւ նույն տրամաբանությանը հակասող անցումային դրույթ ունենանք, որ ասենք՝ այ, գիտե՞ս ինչ, մինչ այս դրույթն ուժի մեջ մտնելը, կգործի սա։ Օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից մենք խնդրահարույց ոչինչ չենք անում, բայց իրավունքի, Սահմանադրության տրամաբանության տեսանկյունից խնդիրն ակնհայտ է, կարծում եմ՝ նույնիսկ ոչ իրավաբանի համար։