Ամուլսարի հարցով դեռևս զինադադար է

Ամուլսարի հարցով դեռևս զինադադար է

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից, թե Ամուլսարը չշահագործելու որեւէ հիմք չկա, անցել է մի քանի օր, եւ, ոչ մի էական հայտարարություն չի եղել, բացի ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն մտադիր է Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Նախաձեռնության համար պահանջված 33 ստորագրությունները երեկ չէին հավաքվել, քանի որ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը Հայաստանում չէ, եւ միայն նրա վերադարձից հետո՝ երկուշաբթի օրը, ԲՀԿ-ն կքննարկի այս հարցը նաեւ «լուսավորների» հետ։

Այսօր էլ՝ Save Ամուլսար օրակարգից չշեղվելու համար «Ամուլսարն առանց հանքի նախաձեռնություն»-ը նույն ժամին՝ 18։30-ին, Երեւանի տարբեր փողոցներից, տարբեր երթուղիներով կկազմակերպի բողոքի 3 միաժամանակյա քայլերթ։ Առաջին երթուղով Զորավար Անդրանիկի արձանի մոտից՝ Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Ազատության հրապարակ։ Երկրորդ երթուղով «Բաղրամյան» մետրոյի տարածքից կշարժվեն Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա փողոց եւ Ազատության հրապարակ։ Երրորդով՝ քաղաքապետարանից՝ Մաշտոցի պողոտա ու Ազատության հրապարակ։ Այս երթուղիները ցանցային բնույթի են եւ նպատակ ունեն իշխանություններին հիշեցնելու որ Ամուլսարի հարցում ոչ միայն մնալու են անդրդվելի, այլեւ կանաչները նոր հեղափոխություն կանեն։ Ինչպես մի քանի անգամ իր հրապարակային ելույթներում հասկացնել են տվել «Քաղաքացու որոշում» կուսակցության թեւից Գարեգին Միսկարյանը, ինչպես նաեւ նույն կուսակցության վարչության անդամ Սուրեն Սահակյանն էր հիշատակել, որ նախկինում համագործակցության «ամուր պարանից կոճի թելի պես բարակ մի ծվեն է մնացել»։ Իշխանությանը մոտ կանգնած այս քաղաքական ուժի հետ Ամուլսարի շահագործման դեմ ակտիվ հակաքարոզչության հարթակում դաշնակցում են 2018 թ․ իրադարձությունների ժամանակ կարեւոր դերակատարում ունեցած մի շարք այլ առանցքային դեմքեր եւս․ Դավիթ Սանասարյան, բնապահպաններ եւ, վերջապես՝ Շիրակի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյան, որոնք օրվա ընթացքում գրեթե 24-ժամյա ռեժիմով գրառումներ են գրում, նյութեր եւ լինքեր տարածում։ Դավիթ Սանասարյանը գրում է․ «․․․Խոսքը զուտ Ամուլսարի ու բնության մասին չէ, խոսքը դեպի ամլություն ու անդունդ տանող ճանապարհի մասին է։ Մի անգամ էլ էս ամենի մասին մտածել է պետք, ռիսկերը կառավարելի չեն, ընկերներ, ռիսկերն ավելի մեծ են, քան կարող եք պատկերացնել... Բնությունը մեկ-մեկ նախազգուշացնում է. բնության ազդանշաններն անտեսել պետք չէ...»։

Իսկ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն արդեն չի սահմանափակվում միայն Ամուլսարի հանքի շահագործման կործանարար լինելու մասին զգուշացումներով, այլեւ անդրադառնում է իշխանություններին անձնապես։ Օրինակ՝ «․․․Դե որովհետեւ մենք մանդատ ունենք ու անձեռնմխելի ենք…- Դուք արդեն անոտնմխելի էլ եք…»։ Կամ՝ «Սիրիր երկրաշարժը քո մեջ եւ ոչ թե քեզ՝ երկրաշարժի մեջ... Լեւոն Բ»։ Բոլոր այս գրառումները, որպես կանոն, արվում են «ԱԺ մամլո դիվան»-ի անունից։

Ավելին, Լեւոն Բարսեղյանի որդին՝ Հայկ Բարսեղյանը, անգամ գիշերում է Ամուլսարի «պոստերում»՝ ջերմուկցիների հետ միասին։ Ի դեպ, այնտեղ մեկնած մեր թղթակիցն արձանագրել էր, որ անգամ հերթապահության գրաֆիկ է կազմված՝ A4 ֆորմատի թղթի վրա գրված են 24 ժամ հերթապահողների անունները։ Հանուն արդարության նշենք, որ Ջերմուկում 4 պոստերը 24 ժամ պահվում են արդեն մեկ տարի շարունակ եւ առհասարակ 2018-ից՝ պարբերական ընդմիջումներով։

Հիշեցնենք, որ օրերս տեղի բնակիչներն էլ Ջերմուկի դպրոցում իշխանություններին տասն օր ժամանակ տվեցին՝ սպառնալով հանքի շահագործման դեպքում գործադուլ ու դասադուլ անել։ Մենք տեղեկություն ունենք, որ հնչել է եւ կա նաեւ հակառակ պարագայում կոմունալ վարձավճարները չվճարելու, այսինքն՝ քաղաքացիական անհնազանդության առաջարկ-նախաձեռնություն։