Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջև այս պահին իրատեսական չէ

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջև այս պահին իրատեսական չէ

Թուրքագետ Նելլի Մինասյանին խնդրեցինք անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա վկայակոչելով Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունն ասաց. «Արարատ Միրզոյանն էլ է ասում, որ Թուրքիայում նախընտրական իրավիճակ էր ու դրանով պայմանավորված դադարեցվել  է, սպասում են, որ հաջորդ փուլը սկսվի։ Ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, պետք է փորձեն այդ պայմանավորվածություններն իրականացնել՝ նոր գնալ հաջորդ փուլ»,-ասաց Մինասյանը։

Սակայն Էրդողանը վերջերս հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին կմտածի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարվեն Հայաստանի կողմից, արդյոք սա չի՞ նշանակում, որ այս հայտարարությամբ Թուրքիան հրաժարվում է շարունակել բանակցությունները, նաեւ փաստ է, որ դեռ մեկ տարի առաջ հայտարարված` երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու քայլը մինչ օրս չի իրականացվել: Թուրքագետը կարծում է, որ պետք է նայել հայտարարության տողատակերում ինչ կա։ Էրդողանը կարող է ասել մի բան՝ ծայրահեղ որևէ հայտարարություն, սակայն իրականում իրագործել մեկ այլ բան` ոչ այդքան ծայրահեղ։ Թուրքական կողմը միշտ էլ հայ-թուրքական գործընթացը պայմանավորել է հայ-ադրբեջանական գործընթացով՝ մասնավորապես վերջին շրջանում, այսինքն, 44-օրյա պատերազմից հետո հստակ, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։

«Սա Թուրքիայի կողմից օգտագործվող քաղաքական քայլեր են, որովհետև Թուրքիան, նույն Ադրբեջանի միջոցով փորձում է Հայաստանի վրա ճնշում գործադրել ու ստանալ իր համար ցանկալի ինչ-որ բաներ։ Իսկ եթե Թուրքիան ունենա հետաքրքրություններ այս պահին, բնականաբար այդ բոլոր գործընթացները կթողնի մի կողմ կամ կասի, որ այդ գործընթացներն իրենց հունով գնում են և ինքը գոնե ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացնի»,-կարծում է վերջինս։

Հետաքրքրվեցինք, թե որքանով է օրինաչափ այն փաստը, որ հայ-թուրքական բանակցություններ այս պահին չկան, սակայն հայկական կողմը շատ ակտիվ կերպով Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրի մոտ հայ-թուրքական անցակետն ու ճանապարհն է արագ տեմպերով կառուցում, այնինչ թուրքական կողմից հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ կարծես թե հստակ հայտարարություն չի հնչել: Թուրքագետը հաստատում է, որ իսկապես Մարգարայի կամրջի մոտ աշխատանքներ են տարվում, սակայն թուրքական կողմից գրեթե խոսակցություններ չկան կամ չնչին խոսակցություններ են սահմանի բացման վերաբերյալ: Հավանաբար ինչ որ նախնական պայմանավորվածություններ են եղել, դրանց շրջանակներում էլ Հայաստանը սկսել է նման աշխատանքներ կատարել։

«Այսինքն, պետք է սպասել, որ ինչ-որ մի գործընթաց կամ ձեռք բերված պայմանավորվածությունները կսկսեն աշխատել, այլապես ուղղակի անտրամաբանական է, որ հայկական կողմն այդքան գումար է ծախսում անցակետի պատրաստման համար»,-ասաց Նելլի Մինասյանը։

Իսկ Հայաստանի մասին, հայ-թուրքական հարաբերությունների մասին Թուրքիայում ի՞նչ դիսկուրսներ կան, Մինասյանն ասաց, որ այսօր Թուրքիան ունի մի շարք կարևոր գերակայություններ` տնտեսական, ներքին խնդիրներ, որոնք առաջնային տեղում են գտնվում և Թուրքիայի քաղաքական կուրսը այդ խնդիրների վրա է կառուցվում։ Եւ հիմնական նպատակը տնտեսական հարցերը լուծելու համար ներդրումներ ներգրավելն է, համագործակցության շրջանակներն ընդլայնելը, նոր հետո արտաքին քաղաքական գերակայությունները: Որոնց մեջ էլ ամենակարեւորը Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ հարաբերություններն են։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար գերակայություն չէ, այսինքն, այդ խնդիրը անգամ երկրորդ կամ երրորդ տեղում չի գտնվում։ Դրա համար թուրքական կողմն առանձնապես մեծ ուշադրություն էլ չի դարձնում։ Եթե պահ գա, որ Թւորքիան ունենա խնդիրներ, որոնք կլուծվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, ինքը բնականաբար կգնա այդ հարաբերությունների կարգավորմանը։ Այսօր ավելի փորձում է այդ հարաբերությունների կարգավորումը տեղավորել, օրինակ, Արևմուտքի հետ առևտրի հետ պատկերում, կամ` Ռուսաստանի հետ հարաբերությունների ինչ-որ հարթակում։ Դրա համար առայժմ սպասել, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն՝ նկատի ունեմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու երկրների միջև՝ իրատեսական չէ»,-նկատեց վերջինս։

Այդ դեպքում ինչով է պայմանավորված ՀՀ իշխանությունների՝ այս հարցում դրսևորվող հապճեպությունը, Մինասյանը կարծում է, որ գուցե ընդամենը պարզապես պատրաստվում են։ Նա նշում է, որ հնարավոր է նաև այսպիսի իրավիճակ, որ թուրքական կողմից անցակետը բարվոք վիճակում է, իսկ հայկական կողմից՝ ոչ, դրա համար էլ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Մինասյանն ասում է. «Պետք է ուշադրություն դարձնել, թե հայտարարությունները որտեղ, որ հարթակում են արվում»։
Մինասյանը նշում է, որ Հայաստանում միշտ՝ նախորդ երեք տասնամյակներին շեշտել են իրենց պատրաստակամությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված և Հայաստանը չի փակել այդ սահմանը, այլ Թուրքիան, հետևաբար Հայաստանի բոլոր իշխանությունները շարունակում են նույն գիծը, որ իրենք կողմնակից են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։

«Ու քանի որ դա հետաքրքրում է բոլորին, այդ թվում և արևմտյան հարթակին, և ռուսական հարթակին, այս դեպքում, երբ ավելի ակտիվ են փորձերը արևմտյան հարթակից, որը ի դեպ, փորձել է կարգավորել այդ հարաբերությունները նախորդ ժամանակաշրջանում, մենք Միացյալ Նահանգների միջնորդությամբ երկու փորձ ունենք, համենայնդեպս եւ արևմուտքը միշտ հայտարարել է, որ ինքը կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ես իմ խոսքում նշեցի, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները կփորձի դարձնել նաև արևմուտքի հետ իր գործընթացների՝ «առևտրի» ինչ-որ մասնիկ: Վատ չի լինի, եթե հայկական կողմն էլ այդ ամենին պատրաստ լինի, հայկական կողմի պահանջները և պատկերացումները նույնպես այդ հարթակներում ներկայացվեն»,-եզրափակեց վերջինս։