Չգիտակցված գիտակցվածությամբ…

Չգիտակցված գիտակցվածությամբ…

Մտքեր, որ գրի են առնվել այս օրերին բանիմաց (ոչ պատահական) մարդկանց հետ հանդիպումների ժամանակ:

- Ակնհայտ է, որ Արեւելք-Արեւմուտք հակամարտությունն ահավոր ընթացքի մեջ է, ասել է թե՝ կործանարար: Աշխարհի գերհարուստներին առանձին պետություններ չեն հետաքրքրում: Աշխարհաքաղաքական բախումները տարածաշրջաններ են բզկտում: Զորօրինակ՝ Հարավային Կովկասը:

- Մի՞թե մենք պետք է աշխարհաքաղաքական թոհուբոհում միակողմանի կողմնորոշում դրսեւորենք, ասել է թե, մեկը՝ բարեկամ, դե, մյուսն էլ, անշուշտ, թշնամի: Շատ չե՞նք թափառում թշնամիների որոնման քառուղիներում:

- Ռուսաստանը եւ Հայաստանը դաշնակիցներ են՝ Ռուսաստանն է ասում: Ռուսաստանը եւ Ադրբեջանը գործընկերներ են՝ դարձյալ Ռուսաստանն է ասում: Գործընկերությունը փոխշահավետ (բարձր մակարդակով) գործարք է՝ գործարարություն (բիզնես): Աշխարհաքաղաքական այս խառնաշփոթում դաշնակցային հարաբերությունները մարում են՝ տեղի տալով գործընկերային հարաբերություններին: Իսկ Հայաստանը, կարծեք թե, լուրջ գործընկեր չունի: Ֆրանսիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ եւ կախում չունի բարեկամ երկրների ղեկավար անձերից:

- Քաղաքական հասունությունը գնահատվում է փորձությունների դեմ գրագետ դիմակայությամբ: Քաղաքականապես հնարավոր է հասունանալ, եթե առկա մարտահրավերներին գրագետ դիմակայությամբ արձագանքես:

- Հայաստանում 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը մերժեց Սերժին, բայց քրեաօլիգարխիկ համակարգը կազմաքանդելուն միտված չէր: Այդ համակարգը պետք է քանդվեր 2008-ի համաժողովրդական աննախադեպ շարժմամբ, բայց, ցավոք, կանխվեց մեծագույն ոճրագործությամբ՝ Մարտի 1-ով: Իսկ քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումն օրվա իշխանությունների կարողությունների օրակարգում չի եղել եւ չկա:

- Ամերիկացի սոցիոլոգներ Դանինգը եւ Կյուգերը հանրային կյանքի մի կարեւոր բան են բանաձեւել, որը կոչվել է «Դինինգ- Կյուգերի էֆեկտ»: Այդ բանաձեւով բացահայտվել է, որ որքան ցածր է քաղաքական գործչի կոմպետենտության (իրավազեկության, ձեռնահասության) մակարդակը, այնքան մեծ է անձի՝ սեփական անսխալականության զգացումը: Պարզ լեզվով ասած, որքան՝ տգետ, այնքան՝ անսխալական: 
Մեկ ուրիշ բանաձեւ էլ կա՝ «Ֆաուստի էֆեկտ» (որպես գործարք): Բանաձեւի ձեւակերպումն է՝ որքան մեծ զիջումներ հզոր ուժին, այնքան շատ թվացյալ օգուտներ ստանալու ակնկալիքներ: 1998-ի իշխանազավթումից հետո Հայաստանին պատուհաս դարձած երկիր կառավարողների կոմպետենտության ցուցանիշն աննախադեպ ցածր էր եւ է, ինչպեսեւ նույնական է զիջումներ անելու եւ թվացյալ օգուտներ ակնկալելու նրանց անհեռատեսությունը: Զարմանալի է, բայց փաստ՝ նրանց «հաջողվեց» այդ հիվանդությամբ վարակել պետական համակարգը:

- Ցավալի է փաստել, որ 1998-ից ի վեր եւ հիմա գերիշխող դարձավ մեր փոքրիկ երկիրն աշխարհաքաղաքական մեծ խաղերի մեջ ներքաշելու արկածախնդրությունը: Հիշենք, որ մեր «կալիբրի» երկիրն այդ իրավունքը չունի:

- Ալեքսեյ Տոլստոյը ժամանակին ասել է, որ Ռուսաստանը երկու քաղաքակրթությունների երկիր է՝ արեւելյան եւ արեւմտյան (ասիական եւ ավրոպական): Աստված չանի, որ գերիշխի արեւելյան թեւը:

- Կարծեք թե այսօր Հայաստանում քաղաքակրթական առումով որոշակի բեւեռներ են ձեւավորվել: Դա բացահայտ է, անզեն աչքով եւ մտքով, անգամ տեսանելի է: Աստված մի արասցե, որ քաղաքակրթական առումով հակամարտող կողմերից մեկը մյուսին պարտության մատնի: Պարտվելու է Հայաստանը:

- Փառք Աստծո, որ հայաստանյան տարատեսակ շարժումները համաժողովրդական շարժումներ չեն կոչում, քանզի Հայաստանում ընդամենը երկու շատ հզոր համաժողովրդական շարժում է եղել. 1988-ի եւ 2008-ի: Դրանք, իրոք, համաժողովրդական էին եւ ամենակարեւորը՝ բովանդակային եւ հեռահար ճանապարհային քարտեզով:

- Չգիտակցված գիտակցվածությամբ մարդկությունն անում է քայլեր, որ տանում են աշխարհի կործանման, եւ միակ ընդդիմությունն այդ հարցում բնությունն է, որ տարատեսակ աղետների տեսքով մարդկանց զգուշացնում է՝ խելքի եկեք:

Արամայիս Ասլանյան