Ինչո՞ւ էր հեղափոխության օրերին էժանացել բենզինը

Ինչո՞ւ էր հեղափոխության օրերին էժանացել բենզինը

Բոլորս ենք հիշում, որ հեղափոխության օրերին ու դրանից հետո մի կարճ շրջան, «երջանիկ պատահականությամբ», բենզինի ու դիզվառելիքի գները կտրուկ իջան՝ հասնելով մոտ 350 դրամի։ Հեղափոխականները դա անմիջապես կապեցին Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» զորության հետ, որ Փաշինյանը եկավ ու բենզինն էժանացրեց։ Իսկ հիմա չեն կարողանում բացատրել, թե ինչու հետո բենզինն ու դիզվառելիքը նորից կտրուկ թանկացան՝ դառնալով 450 դրամ։

Մեզ պատմեցին, որ հեղափոխության օրերին բենզինի էժանացումը պարզ տնտեսական հաշվարկ էր ընդամենը։ Այդ օրերին, քանի որ ճանապարհները փակ էին, տրանսպորտը նորմալ չէր աշխատում, մարդիկ մեքենա շատ չէին վարում, հետեւաբար, վառելիք էլ քիչ էին սպառում։ Արդյունքում ներկրողների պահեստներում մեծ քանակությամբ վառելիք էր կուտակվել, որը պետք էր արագ սպառել, որպեսզի կարողանան ըստ պայմանագրերի նորից սահմանված ժամկետում սահմանված քանակի վառելիք ներկրել։ Եվ որպեսզի կոնկրետ այդ պահին սպառումն ավելացնեին, ներկրող ընկերությունները եկել են համաձայնության, որ բենզինի եւ վառելիքի գինը կտրուկ իջեցնեն, որպեսզի կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ սպառում ապահովեն։ Եղածը սպառելուց հետո արդեն, երբ սկսեցին նորից ներկրել, գները կրկին բարձրացան հին մակարդակին։  

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանը չբացառեց, որ նման բան կարող է եղած լինել․ «Կարող է ինչ-որ նման բան եղած լինի, որովհետեւ պետք է հաշվի առնել, որ պահեստն էլ է, չէ՞, գումար, բիզնեսը հասկանում է՝ պահեստի գումար ինչքան պետք է տա»։ Այսինքն՝ ավելի ձեռնտու է եղել գինն իջեցնել եւ արագ սպառել ապրանքը, քան պահեստարաններին մեծ գումարներ վճարել։