Քաղաքապետն ազատվում է «սևերից»

Քաղաքապետն ազատվում է «սևերից»

Երեւանի քաղաքապետարանում եւ թաղապետարաններում «հնի ու նորի» կամ, ինչպես ասել է դասականը, «սեւերի ու սպիտակների» բաժանումը հասել է գագաթնակետին։ Բանն այն է, որ համայնքային ծառայողների շրջանում ատեստավորում է սկսվել, ինչն արվում է ըստ օրենքի՝ 3 տարին մեկ։

Բացի այդ՝ հին ծառայողներին, որոնց թոշակային տարիքը լրացել է (65 տարեկանը), թեեւ օրենքը թույլ է տալիս եւս մեկ տարով երկարացնել աշխատանքային պայմանագիրը, սակայն  պայմանագրերը չեն երկարացնում։ Եվ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտնվելուց հետո մեկ տարուց պակաս ժամանակահատվածում քաղաքապետարանի աշխատակազմը մի 40 տոկոսով նորացել է՝ նոր դեմքեր են հայտնվել գրեթե բոլոր վարչություններում։

Նրանք բոլորովին այլ կարգավիճակ ունեն՝ ինչպես վայել է «սպիտակ» աշխատողներին՝ սիրված ու գնահատված են, շատ բարձր պարգեւավճարներ են ստանում եւ առհասարակ՝ յուրային են ու դրության տերը։ Իսկ հները ոչ միայն հայտնվել են «սեւերի» ցուցակում, քանի որ նախկինների օրոք աշխատել են՝ կարեւոր չէ, թե ինչ, այլեւ բոլոր առիթներն օգտագործվում են նրանցից ազատվելու համար։ Ամենակարեւորը՝ եթե հին աշխատողները 80-90 տոկոսի չափով պարգեւավճար են ստանում, ապա նորերից ոմանք՝ անգամ 200 տոկոսի չափով։ «Պարգեւավճարների ցուցակը որ նայեք, միանգամից կհասկանաք, թե ովքեր են սպիտակները, ովքեր՝ սեւերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքապետարանին պաշտոնական հարցում ուղարկեցինք՝ հասկանալու համար, թե ինչ ատեստացիա է ընթանում այնտեղ, քանի հոգի է ենթակա ատեստավորման, եւ որ պաշտոններին է ներկայացվում ատեստավորման պահանջ։

«Համաձայն տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006թ. սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը հաստատելու մասին» 15-Ն հրամանի եւ «Համայնքային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի՝ համայնքային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ: Ատեստավորման ենթակա են համայնքային ծառայության բոլոր պաշտոնները: Երեւանի քաղաքապետի 25.06.2019թ. N 2065-Ա եւ 02.07.2019թ. N 2278-Ա որոշումների համաձայն՝ 30.07.2019թ. մինչեւ 07.08.2019թ. ընկած ժամանակահատվածում ատեստավորվելու է Երեւանի քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանումների 344 համայնքային ծառայող»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։

Այսինքն՝ խոսքը վարչական շրջանների աշխատակիցների ատեստավորման մասին է, որը շուտով կմեկնարկի եւ կավարտվի մոտ մեկ շաբաթվա ընթացքում։ «Սեւերը» տագնապի մեջ են։